Վերջին տարիների ընթացքում մինչև 50 տարեկան անձանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացությունը գրեթե կրկնապատկվել է։ Ներկայումս հետազոտողներն ուսումնասիրում են այդ հիվանդության երիտասարդացման պատճառները։
Օքսֆորդի համալսարանի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ 4 նախանշաններ և ախտանշաններ կան, որոնք կապված են մինչ 50 տարեկան մարդկանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգի հետ։
«Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն իմանան այդ շատ կարևոր ախտանշանների պոտենցիալ վտանգների մասին և հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկեն, մանավանդ որ մինչև 50 տարեկան մարդիկ համարվում են ցածր ռիսկի ենթարկվող և չեն անցնում կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային հետազոտություններ»,- նշել է հետազոտության ղեկավար Ին Ցաոն։
Հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի հիվանդացությունը, ըստ հետազոտության տվյալների, վերջին 20 տարում գրեթե կրկնապատկվել է 55-ից ցածր տարիք ունեցող մարդկանց շրջանում՝ 11%-ից հասնելով 20%-ի։
Կարդացեք նաև
Երիտասարդ և միջին տարիքի անձանց շրջանում հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի գործոնները ներառում են՝
- Հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի ընտանեկան պատմությունը (առաջին կարգի հարազատներ) առանց իդենտիֆիկացված գենետիկ մուտացիայի,
- խոլեսթերինի կամ եռգլիցերիդների բարձր մակարդակը,
- ալկոհոլի չարաշահումը։
Հաստ աղիքի քաղցկեղը հաճախ է հանդիպում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Թուխ մաշկ ունեցողների մոտ քաղցկեղն ավելի հաճախ է զարգանում երիտասարդ տարիքում:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշում ունեցող 5000 պացիենտների տվյալներ, և 50-ից ցածր տարիք ունեցողների շրջանում հայտնաբերվել են 4 առանցքային ցուցանիշներ, որոնք դրսևորվել են ախտորոշումից 3 ամսից 2 տարի առաջ։
Այդ ցուցանիշներն ու ախտանշաններն են՝
- Ցավ որովայնում,
- ուղիղաղիքային (անոռեկտալ) արյունահոսություն (մուգ կամ վառ գույնի արյուն կղանքում),
- փորլուծություն,
- երկաթդեֆիցիտային սակավարյունություն (քրոնիկական հոգնածությամբ ուղեկցվող կամ առանց դրա)։
Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ հիշյալ ախտանշաններից մեկի առկայությունն անգամ գրեթե կրկնապատկում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման վտանգը։ Երկու ախտանշանը ավելացնում է ռիսկը 3,5 անգամ, 3 և ավելի ախտանշանը՝ ավելի քան 6,5 անգամ։
Ընդհանուր և կոլոռեկտալ վիրաբուժության մասնագետ, դոկտոր Թրեյսի Չայլդսի խոսքով․ «Ախտանշանները (սուբյեկտիվ զգացողությունները) և ցուցանիշները (օբյեկտիվ տվյալները) կարող են վկայել պոլիպների կամ հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի մասին, և դրանք պետք չէ անտեսել, երբ սկսվում ու պահպանվում են»։
Վաղ սկսվող հաստ աղիքի քաղցկեղի այլ ախտանշաններն են աղիների աշխատանքի ռեժիմի նշանակալի փոփոխությունները (կղանքի դժվարանցանելիություն, նեղ կամ մանր կղանք) կամ քաշի անբացատրելի կորուստը։
Թեև հետազոտության արդյունքները հաստ աղիքի վաղ քաղցկեղի մասին հավաստի տվյալներ են փոխանցում, սակայն դրանք հաստատելու համար դեռևս լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։
Առողջապահության մագիստրոս դոկտոր Օստին Չանը նշել է, որ կոլոռեկտալ քաղցկեղի՝ երիտասարդության շրջանում հիվանդացության աճի պատճառները դեռ լիարժեք ուսումնասիրված չեն։
«Թեև դիտարկվում են մի քանի գործոններ, այդ թվում՝ շրջակա միջավայրի ազդեցությունն ու ճարպակալումը, դրանցով լիարժեքորեն չի բացատրվում նշանակալի փոփոխությունը, որը մենք նկատում ենք։ Այլ հետազոտություններ էլ են անհրաժեշտ այդ անհանգստացնող միտումն առաջացնող գործոնների փոխազդեցության բարդ մեխանիզմները բազմակողմանիորեն հասկանալու համար»,-նշել է նա։
Հաստ աղիքի քաղցկեղի հետ կապված այլ ռիսկերը
Մարդու առողջական վիճակը, սննդակարգն ու կենսակերպն իրենց դերն ունեն հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման գործում։ Ռիսկի գործոններն են՝
- Ճարպակալումը,
- դիաբետն ու ինսուլինառեզիստենտությունը,
- վերամշակված մթերքների ու կարմիր մսի գերակշռությունը սննդակարգում,
- ալկոհոլի կանոնավոր օգտագործումը,
- ծխելը։
Դոկտոր Չայլդսը նշում է նաև կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման վտանգի այլ ռիսկեր, որոնց թվում են՝
- Կոլոռեկտալ ադենոմատոզ պոլիպների կամ պոլիպոզի անձնական կամ ընտանեկան պատմություն,
- անամնեզում աղիների բորբոքային հիվանդության առկայություն, օրինակ՝ Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ,
- որովայնի կամ կոնքի ճառագայթային թերապիայի պատմություն,
- ցիստիկ ֆիբրոզ անամնեզում,
- ակրոմեգալիա (աճի հորմոնի գերարտադրությամբ պայմանավորված հիվանդություն)
- երիկամային փոխպատվաստման պատմություն (իմունոսուպրեսիվ դեղերի բարձր չափաբաժիններով),
- ռիսկը մեծացնող գենետիկ մուտացիաներ (օրինակ Լինչի համախտանիշ)։
Հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի նվազեցումը
Ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեց մարդիկ, որոնք մտահոգված են հաստ աղիքի քաղցկեղի զարգացման վտանգով, կարող են որոշ միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Հաստ աղիքի սքրինինգային հետազոտությունը՝ սկսած 45 տարեկանից, կօգնի քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման հարցում։
Բանն այն է, որ քաղցկեղի բջիջներ պարունակող պոլիպները կարող են հաստ աղիքի պատերին մնալ ոչ միայն ամիսներով, այլև տարիներով՝ չդրսևորելով կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշաններ կամ դրսևորվելով աղեստամոքսային խնդիրների տեսքով։ Պոլիպների վաղ հայտնաբերումը նշանակալիորեն կարող է փոխել իրավիճակը։
Բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար հաստ աղիքի սքրինինգը ներառում է կոլոնոսկոպիան կամ ՀՏ կոլոնոգրաֆիան։
Ռիսկի միջին խմբում գտնվողները նույնպես կարող են անցնել կոլոնոսկոպիան կամ ՀՏ կոլոնոգրաֆիա կամ սկսել կղանքի հետազոտությունից։
Դոկտոր Չայլդսը նշել է, որ երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի մոտ ⅓-ը կապված է գենետիկ նախատրամադրվածության կամ գենետիկ մուտացիայի հետ։ Նա կոլոռեկտալ քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող առաջին կարգի հարազատներին (ծնողներ, քույրեր, եղբայրներ, երեխաներ) խորհուրդ է տալիս
գենետիկ սքրինինգ անցնել։ Գենետիկ սքրինինգն արյան անալիզ է ենթադրում, որը թույլ է տալիս որոշել գենետիկ մուտացիան և այլ չարորակ նորագոյացությունները։
Առողջ սննդակարգ և ֆիզիկական վարժություններ
Կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար սքրինինգային հետազոտություններից զատ փորձագետները խորհուրդ են տալիս՝
- Հավասարակշռված դիետա պահել,
- կանոնավոր մարզել,
- վերահսկել քաշը,
- սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,
- հրաժարվել ծխելուց։
Մեծամասնության համար առողջ կենսակերպն ու բժշկի ցուցումներով սքրինինգային հետազոտություններ անցնելը կարևորագույնն է, ինչ կարող են անել կոլոռեկտալ քաղցկեղի վտանգը նվազեցնելու համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ