Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ի դիտարկմամբ՝ «Այլ նպատակներով կամավոր աշխատանք իրականացվել չի կարող»

Մայիս 18,2023 14:30

«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «առանց սույն օրենքով սահմանված կարգով կնքվող կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կազմակերպության կողմից կամավոր աշխատանքի ներգրավվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձն այդ աշխատանքի մասով չի համարվում կամավոր, իսկ տվյալ աշխատանքը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իմաստով համարվում է անօրինական»: Մինչդեռ, ըստ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի եւ կազմակերպության միջեւ օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով: Արդյոք նոր օրենքով սահմանափակումները չե՞ն դառնա պարբերաբար լրալրացման հիմք, եւ ի՞նչ առաջարկներ, դիտարկումներ կան:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակն առաջարկել է խմբագրել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մի շարք հոդվածներ: Օրենքի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ կամավորին՝ իր կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից ապահովագրելու հնարավորությունը սահմանվում է միայն կողմերի համաձայնության դեպքում, ինչպես նաեւ չկան լրացուցիչ կարգավորումներ՝ մինչեւ 25 տարեկան կամավոր աշխատանք կատարող անձանց համար։

ՀՔԱՎ-ի հարցերից էր՝  կամավոր աշխատանքի մասին պայմանագիրն ո՞ւմ միջեւ կարող է կնքվել, եթե կամավոր աշխատանքը չի կատարվում կազմակերպությունում կամ կամավոր աշխատանքի սուբյեկտ են հանդիսանում միայն կամավոր աշխատանք կատարող անձինք: Կազմակերպությունն առաջարկում է օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Կոնվենցիայով սահմանված պահանջներին։

Իրավապաշտպան գրասենյակն անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացմանը, այն է՝ կամավոր աշխատանքի հետ կապված վեճերով հայցվորների համար դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ երաշխիքի ամրագրմանը, առաջարկել է լրացում կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում՝ կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի դեպքում նախատեսելով անվճար իրավաբանական օգնություն կամավոր աշխատանք կատարած անձանց համար։

Մայիսի 15-ին իրավապաշտպան գրասենյակն իր ամբողջական դիտարկումներն է ներկայացրել նշյալ օրենքի վերաբերյալ, օրենք, որով սահմանվել են կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական նպատակները։ Ըստ ՀՔԱՎ-ի. «Հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կամավոր աշխատանքի իրականացման նպատակների նշված ցանկը սահմանափակ է, որից ենթադրվում է, որ այլ նպատակներով կամավոր աշխատանք իրականացվել չի կարող։ Գտնում ենք, որ կամավոր աշխատանքի հիմնական նպատակները սահմանելիս անհրաժեշտ է հիմք ընդունել այն իրողությունը, որ հասարակական հարաբերություններն արագ զարգացման միտում ունեն եւ անընդհատ ի հայտ են գալիս նոր հասարակական պահանջմունքներ»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2001 թ. հանձնարարականով, Նախարարների կոմիտեն կոչ է արել անդամ պետություններին «ձգտել հայտնաբերել եւ վերացնել» ազգային օրենքներում եւ պրակտիկայում ցանկացած խոչընդոտ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խանգարում է անձանց մասնակցել կամավորական աշխատանքին. «Իրավական դաշտը պետք է դյուրացնի, այլ ոչ թե վերահսկի կամավորությունը»:

ՀՔԱՎ-ն անդրադարձել է օրենքի 6-րդ հոդվածին, որով մասնավորապես  սահմանվում են կամավոր աշխատանքի հետ կապված սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել միայն՝ այդ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ ունենալու դեպքում»: Վանաձորի գրասենյակն այս հոդվածի հետ կապված գտնում է, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է կամավոր աշխատանքի իրականացման նպատակներին չհամապատասխանելու տեսանկյունից, քանի որ անձը՝ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով, օգտակար լինելու գիտակցության ձեւավորման եւ նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով, աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում, հնարավորություն չի ունենալու կատարելու կամավոր աշխատանք։ Բերելով մի օրինակ, կազմակերպությունն անտրամաբանական է համարում նախատեսել, օրինակ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել համապատասխան լիցենզիա կամ որակավորում չունենալու հանգամանքով։ Մի կողմից նժարին դրված է՝ անձն իր գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձեւավորման հանգամանքը, մյուս կողմից՝  նպատակի իրականացման հանգամանքը: Ահա թե ինչու, օրենքով սահմանված կամավոր աշխատանքի նպատակները կարող են կրել «հռչակագրային» բնույթ։

ՀՔԱՎ-ն առաջարկել էր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «1. Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները»:

Մինչեւ 25 տարեկան երիտասարդների կողմից կամավորական աշխատանքների ներգրավվածության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ, թեեւ կամավոր աշխատանքը չի վարձատրվում, սակայն երիտասարդները կամավոր աշխատանքի իրականացման ընթացքում պետք է ստանան սնունդ, կացարան եւ «գրպանի գումար», ինչպես նաեւ որոշակի առողջական ռիսկերի դեպքում պետք է նախատեսվի ապահովագրություն:

Օրենքի որոշ լրացումներից հետո գուցե Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետություն Հայաստանը հաշվի առնի նաեւ սա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031