Լրահոս
Օրվա լրահոսը

«Զավեշտական պատմությունը վերաիմաստավորելով փիլիսոփայական բանալիով, փորձել ենք ստեղծել հավերժական համատեքստ, որը տեղին է պատմության ուզածդ փուլում, հատկապես՝ այսօր»

Մայիս 18,2023 13:30

Կայացավ ռեժիսոր Օլգա Գուսեւայի «Սիրո ըմպելիքը»

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հոբելյանական 90-րդ  թատերաշրջանում առաջին անգամ մայիսի 12, 15-ին ներկայացրեց Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան. բեմադրության երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան, դիրիժորներ՝ Կարեն Դուրգարյան, Հարություն Արզումանյան, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան, նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան, տեսահոլովակների հեղինակներ՝ Վասիլի Շախհազյան, Վադիմ Դուլենկո, բեմի լուսավորության նկարիչ՝ Սամվել Մալերյան։ Բեմադրության ռեժիսորն է Օլգա Գուսեւան, որը նաեւ բեմանկարչության գաղափարի հեղինակն է, նրա օգնականն է պարուսույց Արա Ասատուրյանը։

Մինչ պրեմիերային անդրադառնալը հետաքրքիր մի փաստ արձանագրենք. Դոնիցետին օպերաներ է գրել բառացիորեն տասնյակներով։ Համաձայն կոմպոզիտորի բարեկամ Ջանանդրեա Գավազենիի վերջին հաշվարկի՝ օպերաների թիվը 70 է, «Սիրո ըմպելիքը»՝ 40-րդը։ Գավազենին իր հուշերում հավաստիացնում է, որ կոմպոզիտորը շատ արագ է աշխատել, իսկ լիբրետիստին՝ Ռոմանիին, դեռ հիշյալ օպերան չսկսած գրել է. «Երկու շաբաթից պետք է օպերա գրեմ։ Ես ձեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս ձեր գործն անելու համար։ Բայց նկատի ունեցեք՝ մենք այսօրվա դրությամբ ունենք գերմանացի պրիմադոննա, կակազող տենոր, այծի ձայնով գոմեշ եւ ֆրանսիական անպետք բաս։ Այս ամենով դուք կարող եք փառաբանել ինքներդ ձեզ…»։ Հուշագիրը նշում է նաեւ. «Եվ կոմպոզիտորը, եւ լիբրետիստը օպերայի պրեմիերայից հետո, որը կայացավ 1832թ., հայտնի դարձան, իսկ տենորի պարտիան իսկապես գրված է կակազող հերոսի համար»։

Երիտասարդ ռեժիսոր Օլգա Գուսեւան նոր անուն չէ մեզ համար. նա վերջին շրջանում որպես ռեժիսորի ասիստենտ հանրահայտ Իռկին Գաբիտովի հետ Երեւանի թատրոնում մասնակցել է Ռախմանինովի «Ալեկո» եւ Վերդիի «Տրավիատա» ներկայացումների բեմադրական աշխատանքներին։ Հետաքրքիր է, որ Գուսեւան, ինչպես եւ Դոնիցետին, շատ արագ՝ ընդամենը մեկ-երկու ամսում պատրաստեց ներկայացումը։ Այս գործում իր մեծ ավանդն ունի Արա Ասատուրյանը։ Պատկերավոր ասած՝ նրա շնորհիվ երգչախմբի ու միմանսի խմբի (ղեկավար՝ Արթուր Գասոյան) արտիստները ողջ ներկայացման ընթացքում, խաղին զուգահեռ, հանդես էին գալիս նաեւ բալետային շարժումներով։

Բեմադրական աշխատանքների ընթացքում երբ մենք զրույցի հրավիրեցինք Օլգա Գուսեւային, նա ընդամենն ասել էր հետեւյալը. «Այս ամենի ավարտը (նկատի ուներ պրեմիերան) հանդիսատեսին կներկայացնի այն, թե մեր վերաիմաստավորմամբ ինչպես է 19-րդ դարի իտալական գյուղը վերածվել հետապոկալիպտիկ լանդշաֆտի, գյուղ, որը նոր է վերապրել համաշխարհային աղետը։ Մի խումբ փրկվածներ տիրող ամայության մեջ գտնում են կյանքի վերսկսման օազիս, որը չի ծաղկի առանց սիրո։ Լքված, կիսաայրված լանդշաֆտը պետք է վերածվի փթթող ծաղկաստանի եւ սկսի պտղաբերել ճշմարիտ սեր գտնելու ու հոգեւոր գեղեցկությունը բացահայտելու հետ մեկտեղ ոչ միայն գլխավոր հերոսների, այլեւ բեմի անցուդարձին հետեւող յուրաքանչյուր մարդու մեջ։ Շնորհիվ Դուլկամարայի (բժիշկ խաբեբա) տեսքի, որը պատահականորեն այս մարդկանց տալիս է ուրախություն գտնելու եւս մեկ հույս, նրանք անցնում են կյանքի մի շրջափուլ եւս՝ աղետից մինչեւ «Եդեմի այգի», որտեղ ոչ միայն հոգով են ծաղկում, ծաղկում է նաեւ նրանց շրջապատող կյանքը։ Պատերազմի «մուրը», որով աղտոտված են Բելկորեի բոլոր վերակենդանացած բնակիչներն ու զինյալները, կջախջախվեն ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով, քանի որ սիրո ազդեցությամբ անմիաբանությունը, եսասիրությունը եւ թշնամանքը կվերանան հոգիներից»։ Հավելեց նաեւ, թե օպերայի պարզ, զավեշտական պատմությունը վերաիմաստավորելով փիլիսոփայական բանալիով, փորձել են ստեղծել հավերժական համատեքստ, որը տեղին է պատմության ուզածդ փուլում, ընդ որում՝ հատկապես այսօր, երբ զգում ենք գլոբալ իրավիճակի խառնաշփոթը եւ երբ դրա համար անհրաժեշտ են պարզ, բայց զորեղ մարդկային զգացմունքներ։
Հիմա անդրադառնանք «Սիրո ըմպելիքի» պրեմիերային։ Սյուժեն ինքնին պարզ է՝ այն սիրո պատմություն է, բայց հարաբերություններում կան նրբերանգներ։ Իսկ հարաբերությունները, մեծ հաշվով, չեն փոխվել վերջին 200 տարիների ընթացքում։ Գործող անձինք՝ Ադինան (ընթերցասեր աղջիկ), Մեմորինոն (երիտասարդ գեղջուկ), Բելկորեն (զինվոր), Դուլկամարան (բժիշկ խաբեբա), Ջանետտան (դեռատի գեղջկուհի) սիրում են, խաբում են, նաեւ պայքարում են իրենց երջանկության համար։ Բայց 200 տարի առաջ սիրուն այլ կերպ էին վերաբերվում, մինչդեռ այսօր սերը շատ ավելի պարզունակ է դարձել։ Ներկայացումը սկսվում է գեղեցկությամբ եւ ավարտվում գեղեցկությամբ, քանի որ սերն ու սիրո խմիչքը հենց գեղեցկությունն է։ Ընդ որում, այն կարող է լինել մոմերի ու շամպայնի կամ էժանագին օղու տեսքով։ Կարճ ասած՝ մարդն ազատ է ընտրության մեջ՝ ո՞ր աշխարհում է ուզում ապրել՝ գեղեցի՞կ, թե՞… Բեմադրությունը բազմաշերտ է. համատեղել երաժշտությունն ու շարժումը՝ դժվար, բայց դա հաջողվել է շնորհիվ նվագախմբի (գլխավոր կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան) եւ բեմում գտնվող արտիստների։
Գլխավոր հերոսների կերպարները պրեմիերային երկու օրն էլ մարմնավորեցին թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչները՝ Նունե Գրիգորյան, Սիլվա Պետրոսյան, Կատարինա Ֆարզադյան, Հեղինե Խաչատրյան, Գագիկ Վարդանյան, Ֆերդինանդ Մուրադյան եւ այս ծրագրի նախկին մասնակիցներ, այժմ մեներգիչների խումբը համալրած Տիգրան Հակոբյանը, Տիգրան Օհանյանը եւ Գոշ Սարգսյանը։ Ի դեպ, Լեւոն Ջավադյանի ղեկավարած այս ծրագրի մասնակիցները 2021թ. օպերային թատրոնում ներկայացրել են «Սիրո ըմպելիքի» համերգային կատարումը (դիրիժոր՝ Ալեսանդրո Բոնատո)։

Դատելով հանդիսատեսի ընդունելությունից, որն արտահայտվում էր երկարատեւ ծափահարություններով ու բրավոներով, կարելի է ասել, որ ներկայացումը իր մշտական տեղը կգտնի թատրոնի խաղացանկում։

«Սիրո ըմպելիքի» առաջին ներկայացման ավարտից ընդամենը րոպեներ անց համացանցում օպերասերները շտապեցին կարծիք հայտնել։ Գերակշռում էին  հիացական կարծիքները, կային նաեւ ցանկություններ, օրինակ՝ մեկ-երկու օգտատեր գտնում էին, որ լավ կլիներ զգեստներն էլ  համապատասխանեին դարաշրջանին (19-րդ դ.) կամ՝ գլխավոր դերերգերով հանդես եկած երիտասարդ երգիչներն էլ ավելի կերպարային լինեին, ոմանք էլ ցանկություն էին հայտնել, թե ճիշտ կլիներ օպերան բեմադրվեր առանց կրճատումների, թեեւ դրանք աննշան էին… Մեջբերենք մի օգտատիրոջ գրառումն ամբողջությամբ. «Գեղեցիկ էր ամեն ինչ, ինչը պակասում է մեր օրերում։ Միացնում ես հեռուստացույցն ու տեսնում սերիալներ, որտեղ ինչ-որ մեկին կտրում են, սպանում, ամբողջ օրը մեր TV-ներով հայ-թուրքական հարաբերություններ են, Լաչինի միջանցք, ռուսաստանյան ալիքներով՝ Ղրիմ, Ուկրաինա, պատերազմ։ Մարդ ենք, ուզում ենք դուրս գալ այդ ամենից, գոնե ժամանակավոր։ Միակ ելքը համերգների ու ներկայացումների գնալն է…»։ Մենք էլ հավելենք, որ ցանկացած պրեմիերայից հետո ռեժիսորի, դիրիժորի, խմբավարի եւ ընդգրկված մյուս պատասխանատուների աշխատանքը չի ավարտվում ու չեն բացառվում շտկումները, փոփոխությունները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Սիրո ըմպելիքից»։

Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի։

«Առավոտ» օրաթերթ
17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031