Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության նվազող թվերը, ծնելիության չգոհացնող ցուցանիշները եւ հայրենադարձության բացակայությունը

Մայիս 18,2023 12:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ-ն 2050-ին՝ 5 միլիո՞ն, թե՞ 2.6 միլիոն բնակիչ կունենա

1991-ին Հայաստանն անկախություն ձեռք բերեց, եւ տրամաբանորեն կարելի էր ենթադրել, որ երեքուկես միլիոն բնակիչ ունեցող հանրապետության բնակչությունն էլ ավելի կմեծանա: Այնինչ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Այսօր արդեն պաշտոնապես Հայաստանում ապրողների թիվը 3 միլիոնից քիչ է, իսկ ՄԱԿ կանխատեսումներով՝ 2050-ին ՀՀ-ում կբնակվի ընդամենը 2.6 միլիոն մարդ:

Բնակչության խնդիրը լուծելու, ներկա թվերը պահպանելու կամ ավելացնելու համար պատասխանատու երկու կողմ կա. պետությունը եւ ժողովուրդը: Ժողովուրդը ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլեւ ազգությամբ հայերը:

Բնակչության աճի մասին հավակնոտ խոստումներ, իհարկե, միշտ են եղել: Ամենից հավակնոտը թերեւս ներկա իշխանության նպատակն է՝ 2050-ին ունենալ 5 միլիոն բնակչություն: Գաղափարը, բնականաբար, լավն է, բայց արդյո՞ք սա իրական նպատակ է, եթե շոշափելի քայլեր չեն ձեռնարկվում այս արդյունքին հասնելու հաար:

Փոքր ազգերի՝ այդ թվում հայերի դեպքում, բնակչության աճ արձանագրելու համար երկու հիմնական լծակ կա՝ ծնելիության բարձր ցուցանիշներ եւ համատարած հայրենադարձություն:

Հայերը՝ ունենալով քրիստոնեական խոր արմատներ, այնուամենայնիվ, երեխաներ ավելի քիչ են ունենում, քան օրինակ՝ կաթոլիկ քրիստոնյաները: Ես բնակվում եմ ԱՄՆ Տեխաս նահանգում, եւ իմ դպրոցում կաթոլիկները շատ են: Լրագրության ուսուցիչս 7 քույր եւ եղբայր ունի, դասընկերս՝ 8, դասընկերուհիս՝ 9: Եթե մենք բավարարվենք 1 կամ 2 երեխայով, ցածր բնակչությունն անցանկալի  իրողություն է մնալու:

Պետությունը երեխա ունենալու առթիվ դրամական բավական մեծ աջակցություն է ցուցաբերում, բայց մի՞թե ֆինանսներն են ծնելիության անբավարար ցուցանիշների առաջնային պատճառը: Առաջնային պատճառը սխալ եւ «ժամանակակից» ընկալումներն են, ըստ որոնց՝ դու չես կարող ինքդ քեզ մասին հոգ տանել, եթե երեխաներ շատ ունես: Պետությունը պետք է բացատրի, որ նորմալ է չորս, հինգ, վեց կամ ավելի երեխա ունենալը: Սերունդ ապահովելը պետք է մարդու գլխավոր նպատակների շարքում լինի: Այս հարցում գործուն դեր կարող է խաղալ նաեւ Հայ առաքելական եկեղեցին:

Հայրենադարձությունը, եւ այս իմաստով նաեւ արտագաղթի կանխումը, նույնպես զգալի ներդրում կունենա բնակչությունն ավելացնելու գործում: Մենք պետք է պարզ հասկանանք. արտագաղթը լուծում չէ: Միգուցե հնարավոր է ԱՄՆ, Ֆրանսիա կամ Ռուսաստան տեղափոխվելով հասնել անձնական հաջողության, բայց այս անձնական հաջողությունը չի նպաստում համազգային շահերի իրացմանը: Բացի այդ, սերունդներ հետո հայկականությունը, կամա թե ակամա, մարում է: Բնակվելով ԱՄՆ-ում՝ չեմ կարող ասել, թե որքան հայ դեռահասներ կան, որոնք միմյանց հետ խոսում են անգլերեն, ոչ թե հայերեն: Հայ մնալու գլխավոր երաշխիքը Հայաստանում ապրելն ու արարելն է:

Հայրենադարձությունը հաճախ դիտվում է որպես վեհ, անիրականալի երազանք: Հավանաբար պատճառն այն է, որ պետությունը ո՛չ զբաղվում է հայրենադարձության «քարոզչությամբ», ո՛չ էլ ազդեցիկ ծրագրեր է մշակում հայրենիք վերադառնալ ցանկացողներին ուղղորդելու, իսկ արդեն վերադարձածներին ինտեգրելու համար, հատկապես այն դեպքերում, երբ հայրենադարձվողը ճգնաժամային գոտուց է ժամանել:

2007-ին երկքաղաքացիություն արտոնելը եւ էթնիկ հայերի համար պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորությունը հայրենադարձությունը խթանող միակ հատկանշական քայլերն էին:

Մեծ բնակչությամբ Հայաստանը բոլորիս երազանքն է: Որքան շատ հայ ապրի Հայաստանում, այդքան ուժեղ կլինի Հայաստանը: Երկրում ապրողների թիվը բախտորոշ դեր է ստանձնում այդ երկրի անվտանգության եւ զարգացման աշխատանքներում: Այս բախտորոշ գործում պատասխանատու ենք բոլորս: Անհրաժեշտ է մտածել համազգային շահերի իրացման մասին, վերադառնալ Հայաստան, ապրել, արարել ու շատ երեխաներ ունենալ: Եթե ազգություն եւ պետականություն ունենալու արժեքը շտապ չգիտակցենք, վերջնարդյունքն անդառնալի կլինի մեզ համար:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031