Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմքով են Փաշինյանից դժգոհելու

Մայիս 18,2023 12:00

Հայաստանի քաղաքական դաշտին Ադրբեջանի խնդիրների հետ լուծման գործընթացում միակ հետաքրքրող հարցը հետեւյալն է` ո՞ւմ հովանու ներքո Փաշինյանը կստորագրի խաղաղության համաձայնագիր. եթե Արեւմուտքի, ըստ նրանց` վատ է, իսկ եթե Ռուսաստանի` լավ է

Պաշտոնական Բաքուն «օգտակար» եւ «արդյունքներին ուղղված» է գնահատել ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ մայիսի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ կայացած հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտում է՝ «հանդիպումը կարեւոր է նախեւառաջ «Բրյուսելյան ձեւաչափի» վերականգնման եւ ամենաբարձր մակարդակով երկխոսության խթանման առումով, որն ընդհատվել է շուրջ 9 ամիս առաջ նախապայմանների առաջ քաշման տարատեսակ փորձերի եւ տարբեր միջամտությունների արդյունքում»։ Թե ինչ նախապայմանների եւ միջամտությունների մասին է, հաղորդագրությունում չի նշվում։

Անդրադառնալով քննարկված հարցերին՝ ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ «կոնկրետ արդյունքների հասնելու համար տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ խաղաղ համաձայնագրի մշակման, սահմանների սահմանազատման եւ հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ»։ «Մասնավորապես, չափազանց կարեւոր է եւս մեկ անգամ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հաստատումը եւ այս համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը», – հայտնել է ադրբեջանական կողմը։ Հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղի, գերիների ազատ արձակման մասին որեւէ հիշատակում չկա, միայն նշվում է, որ քննարկվել են «հումանիտար հարցերը, որոնք կարեւոր են հետպատերազմական կարգավորման համար»։ «Մենք ողջունում ենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու ջանքերը եւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,-նշեց Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը որոշ մեկնաբանություններով հանդես եկավ: Նա վստահեցրեց նախ, որ ԵՄ-ն հանձնառու է եւ պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին հարատեւ եւ խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, որը ոչ միայն խաղաղություն կապահովի, այլեւ կերաշխավորի կայունություն այս տարածաշրջանում:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն են տրամադրել, ինչը նրա խոսքով, հստակ ազդակ է, որ աջակցում են Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, նշեց Անդրեա Վիկտորինը` հավելելով. «Շատ հստակ սահմանազատում եւ սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձեւակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»։ Լրագրողների խնդրանքին՝ հստակեցնել՝ ո՞ր կետերի կամ հատվածների մասին է խոսքը, կարո՞ղ է նա մանրամասներ ներկայացնել, Վիկտորինը պատասխանել էր. «Ոչ։ Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։ Թե որ հատվածների մասին էր խոսում ԵՄ դեսպանը, պարզ չէր նաեւ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարարը ենթադրեց, որ «հավանաբար խոսքը վերաբերում է դեռ 1-ին պատերազմին Լեռնային Ղարաբաղում»։ «Թերեւս այդ տեսանկյունից պետք է նայել, բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը», – ասաց Հովհաննիսյանը։

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաեւ Արցախի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը, հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանը. «Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի եւ պաշտոնական Բաքվի միջեւ ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաեւ նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։

Պաշտոնական Երեւանն առայժմ հստակ չի պատասխանում հարցին, թե բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը: Միայն փաստը, որ այսօր նշվում է Արցախի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցի մասին, պարզ է, որ ԼՂ-ի խնդիրը փակված չէ:

Հիշեցնենք, որ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում վերջերս ասել էր՝ Ալիեւը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։ «Ազատությունն» օրերս հարցում էր ուղարկել ԱԳՆ-ին՝ ճշտելու՝ «վարչապետի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, եւ Հայաստանն արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել էին. «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարեւորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման համար»։

Հատկանշական է, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարություններին պաշտոնական Բաքուն ժամեր անց արձագանքեց: Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա նշել է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները եւ անվտանգությունը, եւ դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»: Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի: «Եվրամիության ներկայացուցչի այդ պնդումները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, հակասում են միջազգային իրավունքին եւ անընդունելի են: Ղարաբաղի շրջանը հանդիսանում է ինքնիշխան Ադրբեջանի անբաժան մաս: Ինչպես եւ Ադրբեջանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, Ղարաբաղի հայերի իրավունքներն էլ կապահովվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն: Նրա պնդմամբ, ոչ ոք չպետք է խոչընդոտի հայ բնակիչների հետ երկխոսություն հաստատելու իշխանության փորձերը: «Պետք է վերջ տալ մեր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը:

Ի դեպ, ուշագրավ փաստ էր նաեւ այն, որ Բրյուսելում եռակողմ բանակցությունները դեռեւս ընթանում էին, պաշտոնական Մոսկվան հիշեցրեց ռուսական հովանու ներքո ընթացող բանակցությունների անփոխարինելիությունը: Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։ «Դրանք դեռեւս հանդիսանում են կարգավորման անվիճելի հիմք, իսկ կարգավորման հասնելու համար պետք է գնալ այն պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեք ղեկավարների կողմից»,- նշել էր նա։

Բրյուսելյան բանակցությունները կրկին հերթական «ցնցումն» առաջացրեցին: Հերթական հին «նորությունից» զարմանալու առիթը ստեղծվեց` «Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Քանի՞ անգամ է Փաշինյանն այդ մասին հայտարարել ու դեռ քանի անգամ պետք է «զարմանալ» այդ «նորությունից»… Իսկ Հայաստանի նախորդ ղեկավարները կողմնակից չե՞ն եղել ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իրականում Հայաստանի քաղաքական դաշտին Ադրբեջանի հետ խնդիրների լուծման գործընթացում միակ հետաքրքրող հարցը հետեւյալն է` ո՞ւմ հովանու ներքո Փաշինյանը կստորագրի խաղաղության համաձայնագիր: Եթե Արեւմուտքի, ըստ նրանց, դա վատ է, իսկ եթե Ռուսաստանի հետ` դա միանշանակ լավ է: Ոչ ոք քաղաքական գնահատական չի տալիս փաստին, որ նոյեմբերի 9-ի ստորագրված եռակողմ հայտարարության ոչ մի կետ կատարված չի, հարց չի հնչեցվում` ինչո՞ւ եւ ո՞վ/ովքե՞ր չեն կատարում իրենց իսկ ստորագրած կետերի պահանջները: Բոլորի կուռ համոզումը բացառապես մեկն է` խաղաղության համաձայնագիրը նույնպես պետք է ստորագրվի Ռուսաստանի հետ:

Հետեւաբար, հայաստանյան քաղաքական դաշտում գրեթե բոլորը հաշտվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Ընդամենը կարող են ծագել հարցեր հայ-ադրբեջանական խնդիրներում լուծման գործընթացում, այսպես ասած` մենեջմենթի հարցում: Այն էլ Փաշինյանին առայժմ հաջողվում է չմերժել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին:

Ու այս համատեքստում ծագում է մեկ այլ ուշագրավ հարց, եթե Փաշինյանը հերթական անգամ ռուսական առաջարկն ընդունի, հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունն այլեւս ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանից դժգոհելու ու նրա` «օր առաջ» հրաժարականի անհրաժեշտության մասին երբեմն-երբեմն ցանկություններ արտահայտելու հայ ժողովրդին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031