Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի փաստ է, որ մեր պետությունը կառավարում է այդպիսի մարդը»

Մայիս 18,2023 15:00
Mexak Gabrielyan

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

Սկիզբը՝ թիվ 82-ում

– ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարում են, որ Հայաստանը որեւէ մեկից տարածքային պահանջ չունի,  չի էլ ունենալու: Ինչպե՞ս եք գնահատում նման արտահայտությունները, ինչի՞ մասին են դրանք, ըստ Ձեզ:

– Ոչ միայն անպատասխանատու, այլեւ հանցավոր: Ուշադրություն դարձրեք հետեւյալ հանգամանքի վրա. 2020 թվականի դեկտեմբերից հետո, նա որդեգրեց մի քաղաքականություն՝ մեր հասարակությանը ներշնչել, որ մենք չենք կարող այլեւս պատերազմել եւ հաղթել Ադրբեջանին եւ նրան քշել մեզանից բռնազավթած տարածքներից, Արցախից: Սա մատնանշածս սինդրոմի բացահայտ արտահայտումն է. ծառայել իրեն հաղթողին՝ Պուտին-Էրդողան-Ալիեւ եռյակին: Իսկ նրանց ծրագիրն է՝ վերացնել հայոց պետությունը: Բայց չէ՞ որ մեր ժողովուրդը հազարավոր տարիներ ապացուցել է իր կենսունակությունը, առավել եւս անցյալ դարի վերջին տասնամյակում ցույց տվեց, թե ինչի՞ է ընդունակ՝ ազատագրեց Արցախը, քանի որ հույսը դրեց իր վրա, որի դեպքում Աստված օգնական է: Հաղթեցինք պատերազմում, ազատագրեցինք Արցախի զգալի մասը, ղեկավարության սխալի պատճառով չկարողացանք ազատագրել ամբողջ Արցախը:

Հիմա, ո՞վ է վարչապետին եւ իր թիմակիցներին իրավունք տվել նման հայտարարություն անել, որ մենք տարածքային պահանջներ չունենք որեւէ մեկից: Ո՞վ է ձեզ իրավունք տվել խոսել հայ ժողովրդի անունից: Ո՞վ է ձեզ իրավունք տվել մեր ազգագրային (տիտղոսային) հողերը, որոնք բռնազավթված են թուրքերի կողմից, հանձնել նրանց: Ձեր հոգեւոր նախորդները՝ բոլշեւիկները, մեր հողերը ժամանակին հանձնեցին թշնամուն եւ ինչի՞ արժանացան: Դրանց ստեղծած պետությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ, ասպարեզից դուրս եկավ, իսկ իրենք դժոխքի բաժին դարձան, այնպես որ, դուք եւս դառնալու եք դժոխքի բաժին եւ ամենակարեւորը՝ չեք կարողանալու իրականացնել մեր թշնամիների երազանքը:

Թշնամին պատրաստվում է նոր պատերազմական գործողությունների, իսկ մեր իշխանությունը ժողովրդին ոչ միայն չի պատրաստում՝ դիմակայելու թշնամուն, այլ, ընդհակառակը, անզորության, անկարողության հոգեբանություն է փորձում սերմանել, որպեսզի ժողովուրդը չկարողանա դիմակայել, ըմբոստանալ իր հակահայ, հակապետական ծրագրած քայլերին: Սակայն, հաշվի չի առել հայի, հայ ժողովրդի ճգնաժամային պահին պոռթկալու հանգամանքը: Եվ ամենակարեւորը՝ անտեսում է Աստծու հովանավորությունը հայ ժողովրդին եւ մեր պետությանը:

Հայ ժողովրդի տեսլականը Աստվածային է՝ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, այն սահմաններում, որը Աստված է տվել մեզ: Որեւէ ուժ չի կարող դիմակայել այդ նպատակին հասնելու մեր ձգտմանը: Կարող են ժամանակավորապես խանգարել, խոչընդոտներ հարուցել, ինչպիսին անում է նաեւ ի զարմանս մեզ, Հայաստանի ներկայիս իշխանությունը, սակայն այդ բոլորը մանր դիպվածներ են, այսօր կան վաղը չեն լինելու, քանի որ Աստված մեր ազգին տվել է այնպիսի ներուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել նմանատիպ խոչընդոտները եւ առաջ գնալ մեր ընթացքով եւ վերականգնել հայոց փառքը:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ հայրենասեր բառի սեփական մեկնություններն է տալիս. օրինակ, խոսելով հայերի հայրենասիրության մոդելի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր համար խնդիր է, որ հայերն Արագած սարի հանդեպ սեր չեն արտահայտում՝ նկատի ունենալով Արարատի նկատմամբ սերը: Հետո, Չեխիայում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ ասաց՝ հայրենիքն այն է, որտեղ ապրում ես եւ մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղ ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել: Սրան ի՞նչ կասեք:

– Մեր աչքի առաջ հազարավոր հայ երիտասարդներ իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար: Դա հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի նկատմամբ սիրո արտահայտման առավելագույն նվիրումն է:

Հայրենասեր բառը առաջին անգամ օգտագործել է մեր պատմահայր սուրբ Մովսես Խորենացին «Պատմություն Հայոց» պատմագրությունում: «Սա (Հայկյան Արամը, Հայկ Նահապետից հետո 6-րդ սերունդն է՝ Հայկ-Արամանյակ-Արամայիս-Ամասիա-Գեղամ-Հարման-Արամ, որը հասակակիցն է Աստվածաշնչյան Աբրահամի՝ հրեաների նախահոր) աշխատասեր եւ հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգեր ոտնակոխ են անում հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»: Ուշադրություն դարձրեք Խորենացու մատնանշմանը՝ աշխատասեր եւ հայրենասեր: Արդ, այս մարդը, առանց պատկերացնելու բառի խորքային իմաստը, փորձում է դատողություններ անել: Իր մտածելակերպը եւ հայրենիքի նկատմամբ սիրո էությունը անհամատեղելի են: Հայրենասեր բառին նոր իմաստ տալու միտումը ուղղված է արդարացնելու իրենց հակապետական քայլերը՝ հրաժարումը մեզ պատկանող, ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ մեր իրավունքից, վերջին հաշվով ոչ միայն մեր պատմությունից, այլեւ մեր սերունդներին՝ ապագան կերտելու հեռանկարից: Ով հրաժարվում է իր պատմությունից, նա ժխտում է իր պատմությունը: Իսկ ով ժխտում է իր պատմությունը, նա հարվածի տակ է դնում իր ապագան: Այդ մարդու համար «քաղաքացուն» պետք է միայն նյութական ապահովվածություն՝ ստամոքսը լցնելը եւ ինչ-որ վայրերում անմիտ ժամանակ անցկացնելը, մնացածը փուչ բաներ են: Առանց տարրական գիտելիքներ ունենալու մարդու հոգեւորի առաջնայնության մասին, խոսում է միայն նյութականի մասին: Դե, համեմատեցեք շուրջ երեք հազար տարի առաջ մեր նախնիների վարքագիծը, մտածելակերպը, այսօրվա կառավարիչների վարքագծի եւ մտածելակերպի հետ: Կարելի է երկար դատողություններ անել այս թեմայի շուրջ, սակայն այսքանն էլ բավարար է ցույց տալու համար ներկայիս կառավարիչների սին լինելը:

– Շատ քննարկվեց նաեւ «Նեմեսիս» գործողության ասպետների հուշարձանի տեղադրումը: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, համարում է, որ հուշարձանի տեղադրումը սխալ էր, թուրքական կողմն էլ խոսում է հուշարձանի ապամոնտաժման մասին:

– Ցավալի փաստ է, որ մեր պետությունը կառավարում է այդպիսի մարդը: Մարդ, որ զուրկ է արժանապատվությունից: Ես պետք է ասեմ, որ հիացած եմ եւ հուշարձանի մտահղացման հեղինակներից՝ եւ ճարտարապետների մտահղացումից, եւ անվանման հեղինակներից, եւ Երեւանի ավագանու որոշումից, եւ Կամո Արեյանից, որ բացման ժամանակ հիացմունքի արժանի խոսք ասաց: Այժմ դիտարկենք վարչապետ կոչվածի խոսքը. «Եկեք արձանագրենք հետեւյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, եւ ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ եւ բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։

Այս մարդը մարմնավորում է ոչ միայն չարը, այլեւ հոգեկան հիվանդ է եւ նրա տեղը բոլորիս է հայտնի, թե որտեղ պետք է լինի: Այո, ժողովրդավարության թերություններից մեկն էլ այն է, որ ժողովրդի մի մասին 2021 թվականին նորից կարողացավ խաբել եւ մի մասից ձայն ստանալ, չնայած դրանք ստացել են Հայաստանի ժողովրդի՝ ընտրողների ձայների մոտ 25 տոկոսը, բայց միանձնյա ղեկավարում են պետությունը եւ որքան խոսում են, այնքան ակնհայտ է դառնում, որ որեւէ առնչություն չունեն մեր ժողովրդի եւ պետության հետ: Համոզված եմ, որ այդ մարդը առաջիկայում կլքի այդ պաշտոնը եւ չի հասցնի էլ ավելի մեծ արհավիրքներ գործել պետության եւ ժողովրդի դեմ: Իսկ նրա եւ նրա թիմակիցների հետագա ճակատագիրը կորոշի ժողովուրդը՝ կանգնեցնելով դատարանի առաջ:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031