«Ոչ մի միջադեպ էլ չի եղել, իշխանության հերթական շոուն է, երեւի ուժ են տեսնում ծնողների մեջ, փորձում են մի բան կարեն ծնողների վրա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման փորձի համար բերման ենթարկված, ապա ազատ արձակված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը։
Այսօր, ինչպես հայտնում է քննչական կոմիտեն, «Որդիների կանչ» ՀԿ անդամներ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, Գայանե Հակոբյանը փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին։ Նրանցից Վահիդ Սահակյանը եւ Գարիկ Գալեյան, Գայանե Հակոբյանը, բերման են ենթարկվել, ապա ժամեր անց փաստաբանների միջամտությամբ ազատ են արձակվել։
Քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, ըստ որի Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում, ապա նրան հարվածում է հետեւից ընթացող մեքենան, որի վարորդը Գարիկ Գալեյանն էր։
Կարդացեք նաև
Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Վարորդը ես եմ եղել, բայց անկեղծ, հիմա փոշմանում եմ, որ վրաերթի չեմ ենթարկել։ Շառ են անում։ Հուսով եմ, որ էլի կհանդիպի, հաստատ կիրականանա այդ վրաերթը»։
Գալեյանը նույնպես հերքեց, թե փորձել են առեւանգել Փաշինյանի որդուն, հանգիստ հրավիրել են նստել մեքենան, Եռաբլուր էին ուզում տանել Աշոտին ու ցույց տալ, ինչպես ծնողներն են ասում՝ թե ինչ է արել հայրը՝ վարչապետը։
Ծնողները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանին հրավիրում նստել մեքենան։
«Գայանեն ո՞նց կարող էր առեւանգել։ Առեւանգելը ես պատկերացնում եմ, որ վիզը ոլորենք, գցենք «բագաժնիկը»։ Կինը ո՞նց կարող ա առեւանգի։ Աշոտիկն ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, ես ի՞նչ կապ ունեմ իմ հոր ու մոր արած ղալաթների հետ, ես իրանց հետ չեմ ապրում։ Ինձ համոզում էին, որ Աշոտիկը կարգին տղայա, հաստատ չի գրելու, էն էլ պարզվեց չէ, պտուղը ծառից հեռու չի ընկնում»,-ասաց Գալեյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ