Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՞ս ամաչում, կնոջ դեմ բողոք ես ներկայացնում»․ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգող Վահիդ Սահակյանը միջադեպի մասին

Մայիս 17,2023 23:30

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ  առեւանգման փորձի համար ձերբակալված Գայանե Մարտիրոսյանին (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը) աջակցող քաղաքացիներն այս պահին Շենգավիթի քննչական բաժնի մոտ են հավաքված։ Նրանց եւ ոստիկանների միջեւ մի պահ իրավիճակը սրվեց՝ քաղաքացիները ցանկանում էին մտնել ՔԿ շենք՝ ճեղքելով ոստիկանական պատը։

Հրմշտոց սկսվեց քաղաքացիների եւ ոստիկաների միջեւ: Քաղաքացիներից ոմանք վիրավորական արտահայտություններ էին անում։ Ապա ոստիկաններից պահանջում էին պատգամավորներին թույլ տալ ներս մտնել շենք։

Միջադեպի առնչությամբ բերման են ենթարկվել պատերազմում զոհված զինծառայողների՝ Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ու Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որոնք «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Վահիդ Սահակյանն ու Գարիկ Գալեյանը փաստաբանների աջակցությամբ ազատ են արձակվել։

Վահիդ Սահակյանը ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ամեն դատից հետո ծնողներով Եռաբլուր են գնում, այսօր էլ նույնն են արել․«Այսօր այդ միջադեպից հետո, դե գնաց էդ տղան, չգիտեմ, իրան գցեց մեքենայից,        փախավ, գնաց։ Գնացինք Եռաբլուր, խունկ վառեցինք ու եկանք օֆիս»։ Սահակյանի ներկայացմամբ՝ կարճ ժամանակ անց ոստիկանները նրանց բերման են ենթարկել «Որդիներ կանչ» ՀԿ-ի տարածքից։

«Որ լրատվամիջոցներից իմացանք, թե առեւանգել ենք Աշոտ Փաշինյանին, պատրաստվում էինք հայտարարություն անել։ Մեկ էլ մի երեսուն կարմիր բերետավորներ ներս մտան ու առաջինն ինձ մոտեցան, գոռալով, վայրենի էլի․․ բերման ձեւ էլ կա, ոնց որ դարի հանցագործն էի։ Ամբողջ փողոցը նայում էր ու ոչ մեկ ձայն չհանեց, դե ախր մեզ բոլորը դեմքով ճանաչում են։ Քաղմաս տարան, մի սրիկա կարմիր բերետավոր, ավագ լեյտենանտ, ագրեսիվ էր, ես հիշում եմ դրան։

Բաժնում լավ են վերաբերվել, բայց մինչեւ տեղ հասցնելը՝ էդ ոստիկանները․․․ հետո գնդապետ է գալիս, ոստիկանության քաղաքային վարչության պետն էր, սաղ խառնվել էին իրար՝ Նիկոլի տղուն ասել են՝ տեղդ ցուրտ ա, տեղդ ծուխ ա վեր կաց էնտեղ նստի։ Բա օրենքի առաջ բոլորը հավասար են։ Նիկոլի տղեն սուրբ ա։ Ամոթ իրան։ Ես նրան տղա չեմ համարում։ Մեր տղաների հաշվին, հազարավոր տղաներ են զոհվել ինչ է թե Աշոտին դուրս հանեն։ Չե՞ս ամաչում, դու տղա չե՞ս, կնոջ դեմ բողոք ես ներկայացնում»,-ասաց Սահակյանը։

Նա վեց ժամ ոստիկանական բաժնում մնալուց հետո, փաստաբանի առարկությունը ներկայացնելուց հետո ազատ է արձակվել։

«Նման բան կա՞, որ կինը տղային առեւանգի, ստի համար պատասխան է տալու։ Իր ոտքով քայլել է, Գայանեն ասել է՝ ոչ մեկդ ձեն չհանեք։ Հանկարծ ճանապարհի կեսին իրան մեքենայից գցում է։ Լավ ա՝ կամաց է գնացել մեքենան։ Իրեն ոչ մեկ ձեռք չէր տալու»,-վրդովված ասաց Սահակյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031