Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետևողական եմ լինելու, որ գնիջեցում չլինի ու պատմական շենքը օղլի ազգանունով մեկը ձեռք չբերի»․ Կարեն Մալխասյան

Մայիս 17,2023 22:50

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը շարունակում է պնդել, որ  քաղաքի ամենահին, կոլորիտային կառույցներից մեկը՝ նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը չպիտի օտարվի, այն պիտի մնա համայնքապատկան՝ վարձակալության տրամադրելով որևէ ներդրողի։

Գյումրու ավագանին, սակայն,  առանց հանրային լսման  ընդունել է այն աճուրդով օտարելու որոշում։ Աճուրդի մեկնարկային գին սահմանել է 1 100 000 000 (մեկ միլիարդ մեկ հարյուր միլիոն) դրամ։ Կարեն Մալխասյանի պնդմամբ՝ ավագանու որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահերից։

Մայիսի 15-ին հայտարարվել  էր աճուրդ- վաճառք, սակայն ոչ մեկը մասնակցության հայտ չէր ներկայացրել։

Այս թեմային անդրադարձ կատարելով՝ Կարեն Մալխասյանը գրել էր․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրի համայնքի կողմից վերջին երկու ամիսների ընթացքում հայտարարված աճուրդներին պատահականության, թե զուգադիպության, կամ թե այլ սկզբունքով որոշ լոտերի համար հայտեր չեն ներկայացվում, որի արդյունքում ունենում ենք դեպքեր․ երբ մի դեպքում կատարվում է մեկնարկային գնի իջեցում, իսկ մեկ այլ դեպքում՝ գնիջեցում չի կատարվում (գոնե ինձ համար անհայտ սկզբունքով)՝ լինելու եմ հետևողական նաև սահմանված մեկնարկային գնի նկատմամբ»։

Aravot.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ասաց․ «Այստեղ մտահոգություն է առաջանում․ բարձր է գինը, յուրաքանչյուր ոք չի կարողանում գնել։ Իհարկե, ենթադրում եմ, որ փորձելու են գնիջեցում կատարել,  մենք ունենք նմանատիպ նախադեպեր, որ մրցույթին չեն մասնակցում, գնիջեցում է կատարվում։ Ես հետևողական եմ լինելու, որ «Ճերմակ հիվանդանոցի» շենքը չդասվի այն շենքերի շարքին, որի պարագայում աճուրդին չներկայանալը հիմք չի հանդիսանալու գնիջեցում կատարելու։

Կարող է առաջին հայացքից  թվալ՝ ինչ խնդիր կա, դիմող չի եղել, պարզ է, որ գինը պետք է նվազեցնել, որ գնորդ լինի։ Եվ կարող է ասեն՝ գնորդ լինի, որ շենքը փրկեն և այլն, և այլն, նման հուզական փաստարկներ բերեն։ Բայց ես ասեմ՝ խնդիրն այն է, որ « Ճերմակ հիվանդանոցի» շենքը ներառված չի եղել Գյումրի համայնքի  տարեկան ծրագրում։

Այսինքն, մենք պարտադրված կամ նախապես պլանավորված չենք ունեցել, որ էս գույքը պիտի օտարեինք ու հիմա որոշում է կայացվել հանկարծակի, հանկարծակի ասելով ՝ի նկատի ունեմ այն, որ ո՛չ ընդդիմադիր խմբակցություններ են տեղյակ եղել, ո՛չ հանրություն է տեղյակ եղել։

Այսինքն,  եթե մենք պլանավորած ունեինք, որ X  կամ Y գույքը պետք է կառավարման ծրագրով ներկայացնեինք օտարման, գուցե ավելի երկար ժամանակ ունենայինք, գուցե հանրայնացնելու համար ավելի մեծ ժամանակ կտրվեր, մարդիկ հետարքրքություն կունենային, ինչն էլ առիթ չէր հանդիսանա ենթադրյալ գնիջեցման համար»։

Ըստ նրա, եթե համայնքը ունենար նախահաշիվ, թե  ինչքան գումար է անհրաժեշտ շենքը պահպանելու, վերակառուցելու համար, և  համայնքապետարանը փաստարկված ներկայացներ, որ  այդքան գումար չկա շենքը պահպանելու, ավելի խելամիտ կլիներ, գուցե և դոնորներ գտնվեին։ Չի բացառվում, որ հնարավոր լիներ այն  սուբվենցիոն ծրագրով վերանորոգել՝ համայնք-պետություն համագործակցությամբ, գուցե և գյումրեցիներն էլ  ֆինանսական  աջակցություն ցուցաբերեին։

Կարեն Մալխասյանը նշեց, որ  պատմական կենտրոնում նմանատիպ շենքերը շատ չեն, ուստիև քաղաքապետարանը պիտի դողար այս շենքի վրա, ոչ թե օտարեր։

Համայնքապետարանը, ըստ նրա, հնգամյա զարգացման ծրագրում նշել  է թանգարան, հումորի տուն, պատկերասրահ ստեղծելու մասին, այս շենքն ամենահարմարն է այդ ամենի համար։

Ըստ մեր զրուցակցի, եթե համայնքապետարանը այն որպես հիվանդանոց չէր ծառայեցնելու, գուցե մտածեր այս ամենը շենքում տեղակայելու մասին, հատկապես երբ համայնքապետարանին ենթարկվող որոշ կառույցներ էլ վարձակալական տարածքներում են։

Նա ասաց, որ երեք անգամ գրավոր դիմել  է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, այդտեղից  պատասխանել են, որ շենքը ընդգրկված չէ չօտարվող հուշարձանների ցանկում, հետևաբար և համայնքապետարանը կարող է տնօրինել իր ցանկությամբ։

Կարեն Մալխասյանն իր փաստարկներն ու  նկատառումներ է ներկայացրել համայնքապետին։ Իրեն հավաստիացրել են, որ ապագա սեփականատիրոջ հետ  պայմանագիր կնքելու ժամանակ անպայման կներառեն իր նկատառումները։ Այսպիսով սեփականատերը գնելու դեպքում պարտավորված կլինի և՛ ներդրումներ կատարել, և՛ պահպանել տեսքը։

Կարեն Մալխասյանը համոզված է, որ այն երեք կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեին վարձակալությամբ վերցնել  շենքը, պատրաստ էին մեկ միլիարդ դրամի ներդրումներ անելու, նրանց տրամադրելը ավելի ճիշտ տարբերակ էր․ շենքը կմնար համայնքապատկան, համայնքային բյուջեն էլ  եկամուտ կունենար։

«Րոպեական աճուրդի արդյունքում ունենալու ենք մեծ գումար, բայց մենք չենք ունենալու քաղաքի  կենտրոնում նմանատիպ  պատմական շենք։ Այստեղ կարող է լինել հիվանդանոցի հետ կապված որոշակի մի անկյուն, որը կարող է ծառայել զբոսաշրջությանը որպես թանգարան»,- ասաց Կարեն Մալխասյանը։

Մենք հարցրեցինք՝ տեղի գործարարներից որևէ մեկն այդքան գումար ունի՞ այս շենքը ձեռք բերելու։

Կարեն Մալխասյանն ասաց․ «Եթե հասել ենք այն փուլին, որ այլ տարբերակ չկա, քանի որ այսօր կառավարող ուժերը մեծամասնություն են կազմում ավագանու կազմում և որոշում են կայացրել օտարելու այս շենքը։ Եթե պիտի օտարվի, գնորդը կլինի տեղի գործարար,  Երևանից, թե Հայաստանի այլ համայնքներից, ինձ համար էական չէ։ Կարևորը, գուցե մի քիչ կոպիտ բնորոշեմ, օղլի ազգանունով մեկը ձեռք չբերի»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031