Եթե Մոսկվան դրական արդյունքներ նկատի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Արևմուտքի միջնորդությունից, ապա դա կգնահատի ըստ արժանվույն, բայց առայժմ նման արդյունքներ չկան: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա նշել է, որ Եվրամիությունը պարզապես փորձում է խախտել օրակարգը և իրեն վերագրել որոշակի արդյունքներ, բայց այդ արդյունքները դեռ չկան: Ըստ Զախարովայի՝ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ ԱՄՆ-ը չեն ցանկանում հիշատակել Ռուսաստանի միջնորդությամբ մշակված հիմնարար փաստաթղթերը, խաղաղության նախաձեռնությունները, որոնք արդեն սկսել են իրականացվել և արդյունքներ տալ: Արդյունքում, Զախարովան նշել է, որ միջնորդությունը դառնում է ոչ թե միջնորդություն, այլ «առավելապես ապակառուցողական գործունեություն»:
«Առայժմ կառուցողական և իրական արդյունքներ չկան: Կարելի է խոսել ինչի մասին ասես, բայց գործնականում դա չիրականանա: Այստեղից էլ գալիս է ցանկության բացակայությունը՝ հիշատակելու Մոսկվայի աջակցությամբ մշակված ցանկացած բան»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ Մոսկվան ըստ արժանվույն չի գնահատի այն գործողությունները, որոնք այնուամենայնիվ կհանգեցնեն որոշակի կառուցողական արդյունքների: Ավելին, ըստ նրա, «ամեն անգամ, երբ ստացվում է որոշակի ճիշտ քայլ անել, որը միտված կլինի կարգավորմանը, հանդարտեցմանը, ՌԴ-ն միշտ ընդգծում է դրական միտումը»:
Կարդացեք նաև
«Առայժմ գնահատելու բան չկա, առայժմ տեսնում ենք միայն սաստիկ, վառ արտահայտված ցանկություն՝ խախտել օրակարգը, իրենց վերագրել ինչ-որ արդյունքներ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ