Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր բացվել է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի՝ «Դարավոր Արցախ» խորագիրը կրող լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Պատկերված պատմամշակութային հուշարձանները՝ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, կամուրջներն ու շինությունները, որոնք ներկայումս բռնազավթված են Ադրբեջանի կողմից, վկայում են, որ հազարամյակների պատմություն ունեցող Արցախը միշտ եղել է հայի օրրան։
Լուսանկարների հեղինակն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Արդեն տասն օրից ավել է, ստորագրահավաք է Արցախի էթնիկ զտման դեմ։ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի, եւ մենք պետք է տեր կանգնենք Արցախում պահպանված մշակութային կոթողներին։ Դրանք են ամենակարեւոր վկաները, որ Արցախը Հայաստան է եւ ոչ թե Ադրբեջան, աղվանների, ուդիների երկիր եւ այլն։
Ստորագրահավաքն իրականացնող երիտասարդների հարեւանությամբ կազմակերպեցի այս ցուցահանդեսը, որտեղ ներկայացվող հուշարձաններն այժմ գտնվում են թշնամու տիրապետության տակ։ Ուզում եմ, որ ժողովրդի այն հատվածը տեսնի, ճանաչի Արցախը, որն կարծում է՝ Արցախը Ադրբեջան է։ Ուզում եմ այդ քչաթիվ մարդիկ տեսնեն, որ ադրբեջանցին, թուրքը ուդին, աղվանը նման խաչքար, եկեղեցի, կամուրջ ու տուն չէին կառուցի»։
Լուսանկարների հեղինակը այս ցուցահանդեսի օրը պատահական չի ընտրել։ «1992 թվականի մայիսի 17-ին ազատագրվեց Բերդաձորը, մայիսի 18-ին՝ Բերձորը (Լաչինը) եւ Աղավնո գյուղը։ Այդ օրերին կայացավ միացումը, որ մենք բոլորս կանչում էինք 1988 թվականին։ Բացվեց «Կյանքի ճանապարհը» Մայր Հայրենիքից՝ Արցախ։ Այդ ճանապարհը որպես մարդասիրական միջանցք ճանաչվեց նաեւ միջազգայնորեն։ Իսկ այսօր այդ նույն միջանցքը փակ է, որը միջազգային կառույցները պետք է բացեն։ Ես այս ցուցահանդեսով նաեւ Երեւանի ու Հայաստանի հյուրերին եմ ներկայացնում իրականությունը, Արցախի հայկական լինելը։ Նպատակը ժողովրդին ոտքի հանելն է։ Ինչպես 88-ին ամբողջ հայությունը ոտքի ելավ ու պաշտպանեց Արցախի իրավունքները, նույնը կազմակերպել մեզ հարկավոր է նաեւ այսօր»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Զոհրաբ Ըռքոյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր ցուցադրվում է նկարների մի մասը միայն։ Առաջին ցուցահանդեսը ապրիլին կազմակերպվել էր Թեքեյան կենտրոնում։ Այն լինելու է շրջիկ ցուցահանդես։ Վաղը ցուցահանդեսի հիմնական ցուցադրությունը կլինի Աբովյան քաղաքում, իսկ մայիսի 20-ին Արցախի վտանգված տարածքների հուշարձանների մասին պատմող ցուցահանդես կհյուրընկալվի Եղեգնաձորում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ