Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքի համար իրական պատասխանատուներին հաջողվել է շեղել գործի քննությունը. Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած հրդեհի դեպքով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման պետի պաշտպանի հայտարարությունը

Մայիս 17,2023 20:00

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցում տեղի ունեցած հրդեհի դեպքով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման պետ Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը հայտարարություն է տարածել։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում գտնվող զորանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։

Մառլեն Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2023թ․ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանում հրդեհի բռնկման և 15 զինծառայողի մահվան առնչությամբ հունվարի 31-ին մեղադրանք է ներկայացվել զորամասի կոմունալ շահագործման պետ Մառլեն Սարգսյանին, հունվարի 31-ից նա գտնվում է արգելանքի տակ և տուժողների հարազատների ու հասարակության մոտ կա տպավորություն, որ դեպքի համար մեղավորները գտնվում են անազատության մեջ։

Մ․Սարգսյանը ՀՀ ԶՈւ-ում ծառայության է նշանակվել 2022թ․ ապրիլի 24-ից, երբ տվյալ ստորաբաժանումն արդեն իսկ տեղակայված է եղել նախորդ դարում, այդ տարածքում ապրած քոչվորների կողմից կառուցված տանը, որը որևէ չափանիշով չի համապատասխանում զորանոցին ներկայացվող պահանջներին։ Տան մի հատվածը փլուզվել էր մինչև հրդեհը։

Ըստ գործող օրենսդրության․ բնակավայրերում գնդի ստորաբաժանումների տեղաբաշխումն իրականացվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների ներկայացուցիչների համաձայնությամբ` վարչական շենքերում, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակության համար պիտանի տներում ու շինություններում:

Տվյալ նորմի պահանջները չեն պահպանվել, պետական իշխանության մարմինները չեն մասնակցել այդ գործընթացին, 2021 թվականի սկզբին Վարդենիսի տարածաշրջանում և մասնավորապես Ազատ համայնքում առկա է եղել համայնքապատկան, ոչ վաղ անցյալում կառուցված քարե շինություն, որը կարող էր ծառայել նաև որպես զորանոց։

Ըստ գործող օրենսդրության․ շինությունները զբաղեցնելուց առաջ ստորաբաժանման հրամանատարը զննում է դրանք, որից հետո տեղավորում է անձնակազմը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Յուրաքանչյուր շինությունում նշանակվում է ավագ, որը պատասխանատու է զինծառայողների վարքի, ներքին կարգուկանոնի և շինությունում գտնվող գույքի անվտանգության պահանջների պահպանման համար:

Վերը նշված նորմերի պահանջները չեն պահպանվել։

Ստորաբաժանման տեղակայման վայրում պետք է իրականացվեր ներքին ծառայություն՝ այսինքն վաշտի օրապահը, ով պատասխանատու է կացարանի հակահրդեհային անվտանգության համար, պետք է ծառայություն իրականացներ կացարանում՝ անձնակազմի մոտ, այն ինչ կացարանում ներքին ծառայություն չի իրականացվել, նշանակվել է անհասկանալի վերակարգ, որը ծառայություն է իրականացրել կացարանից դուրս, հակահրդեհային անվտանգությունը փաստացի չի վերահսկվել։

Ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման և հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար։

Տվյալ ստորաբաժանումում հակահրդեհային անվտանգություն չի ապահովվել։

Գնդում հակահրդեհային պաշտպանությունն անմիջականորեն ղեկավարում է հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը, իսկ այնտեղ, ուր նա հաստիքով նախատեսված չէ, նրա պարտականությունները համատեղության կարգով դրվում են սպաներից մեկի վրա:

Տվյալ դեպքում, ըստ ելակետային հրամանի այդ պարտականությունները դրվել են ԿՇ ծառայության պետի վրա, սակայն հրամանի բաղկացուցիչ մաս կազմող ցուցակում առկա չէ ԿՇ ծառայության պետի տվյալները, ստորագրությունը։ ԿՇ ծառայության պետն այդ հրամանին ծանոթ չի եղել։

Ելակետային հրամանի հիմքով Մ․Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և նա գտնվում է կալանքի տակ, այնինչ այդ հրամանը հակահրդեհային անվտանգության առումով որևէ իրավական ուժ չունի։ Հրամանը որպես անհատական իրավական ակտ, հակահրդեհային անվտանգության պատասխանատուի առումով  կարող էր իրավական ուժ ստանալ հրամանը պատասխանատուին հանձնելու կամ օրենքով նախատեսված կարգով ծանոթանալուց հետո, այսինքն այդ պարտականությունը որևէ մեկի վրա չի դրվել, ավելին, զորամասում հակահրդեհային անվտանգության պլան առկա չի եղել, հրշեջ վերակարգ չի եղել, հրշեջ խմբի անդամները տեղյակ չեն եղել, որ իրենց վրա դրվել է նման պարտականություն, իսկ տվյալ ստորաբաժանումում առհասարակ հրշեջ խումբ չի կազմվել։

Ակնհայտ է, որ տվյալ ստորաբաժանումում պատշաճ ծառայություն չի իրականացվել, հակահրդեհային անվտանգության տեսանկյունից որևէ միջոցառում չի իրականացվել։

Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով ներկայացվել են մի քանի տասնյակ կետերից բաղկացած միջնորդություններ՝ վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք չեն մերժվել, դրանց քննարկումը չի հետաձգվել և դրանց կատարման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել։

Դեպքի համար իրական պատասխանատուներին հաջողվել է շեղել գործի քննությունը, որի հետևանքով մեղադրանք է ներկայացվել Մ․Սարգսյանին։

Դատարանները հաշվի առնելով տասնհինգ զինծառայողի մահվան հանգամանքը և գործի հնչեղությունը, էմոցիոնալ ֆոնի վրա, որոշում են կայացրել Մ․Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ և տուժողների իրավահաջորդների մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ կալանավորված սպան մեղավոր է կամ առնչություն ունի կատարված դեպքին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031