Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Մուրադ Փափազյանի մուտքն է Հայաստան արգելված, այլ նրա մասնակցությունն իր իրավունքների պաշտպանությանն է սահմանափակված». Արծվիկ Մինասյան

Մայիս 17,2023 19:55

Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացան Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործով նախնական դատական լսումները: Այս գործով դատավորն է Մհեր Պետրոսյանը:

2022 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը Մուրադ Փափազյանն ընտանիքով ժամանել էր Հայաստան, նրա մուտքը «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են՝ առանց լրացուցիչ պարզաբանման եւ մեկ օր օդանավակայանում պահելուց հետո, հետ են ուղարկել Ֆրանսիա: Հետո պարզվեց, որ նրա մուտքն արգելված է ՀՀ:

Մուրադ Փափազյանի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմել է ԱԱԾ՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու համար պատշաճ պատասխան ստանալու: ԱԱԾ-ն «պետական գաղտնիքի» անվան տակ տեղեկատվություն չի տվել, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունն ու մնացյալ օրենսդրությունը երաշխավորում են անձին՝ իր վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալը: Ապա Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն է տեղեկատվություն տրամադրել, իբրեւ թե Մուրադ Փափազյանը մասնակից է եղել 2021 թվականի մի գործողության կամ իրադարձության, որտեղ վարչապետի դրոշակակիր մեքենայի նկատմամբ հարձակում է կազմակերպվել:

«Սա ոչ միայն սուտ է, այլ բացարձակ առնչություն չունի անձին «անցանկալի անձ» համարելու իրավական կարգավորումների հետ»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ին երկրորդ պահանջն է ուղարկել՝ «անցանկալի անձանց» ցանկից Մուրադ Փափազյանի անունը հանելու համար, մանավանդ որ տեղեկատվություն չեն տրամադրում, իսկ վարչապետի աշխատակազմի կողմից տրված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում : Ավելին, դա իր պնդմամբ՝ տրամադրված է ապօրինի, անտրամաբանական է եւ չի կարող հիմք հանդիսանալ նման որոշման համար: Զուգահեռաբար դիմել են նաեւ ԱՆ անհատական տվյալների պաշտպանության գործակալությանը, որը վարչական վարույթ է իրականացրել եւ վարչապետի աշխատակազմին, ԱԱԾ-ին, տեղեկությունը տարածած  «Արմենպրես» գործակալությանը պարտադրել է՝ վերացնել խախտումները: Այս ամենը տեղի չի ունենում, ավելին, ԱԱԾ-ն ընդդեմ ԱՆ համապատասխան գործակալության հայց է ներկայացնում:

Զուգահեռաբար, Արծվիկ Մինասյանը նաեւ Վարչական դատարան է դիմում՝ ԱԱԾ-ին հարկադրելու համար, որպեսզի Մուրադ Փափազյանի անունը հանվի «անցանկալի անձանց» ցանկից եւ նրա մուտքը Հայաստան թույլատրվի:

«Այստեղ կարեւոր է քաղաքական բաղադրիչը նաեւ, որովհետեւ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվել է Ադրբեջան, Թուրքիա, փաստորեն, նաեւ Հայաստան. ըստ էության, սա նույն շրջանակներից թելադրված վարքագիծ է, որի նպատակը Հայաստանի, հայերի շահերից հանդես եկող անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումներն են»,- կարծում է Արծվիկ Մինասյանը:

Նա հույս ունի, որ իրավունքը կգերակայի, քանի որ այս ընթացքում Հայաստանը նաեւ միացել է ԵԽ անհատական տվյալների մասին պաշտպանության կոնվենցիային եւ պաշտոնական փաստաթղթերին հասանելի լինելու, տեղեկատվություն ստանալու կոնվենցիային: Բացի այդ, արդեն կան Եվրոպական դատարանի նախադեպեր, երբ նման տեղեկատվություն ստանալը թույլատրվում է, քանի որ անվտանգության մարմիններն իրավունք չունեն կամային, ինքնակամ մարդկանց հայտարարել «անցանկալի անձ»:

Մուրադ Փափազյանի փաստաբանական թիմը նաեւ մարդու հիմնարար իրավունքներն է վկայակոչում, ըստ որոնց, հայրենիք վերադառնալը որեւէ ձեւով չի կարող սահմանափակվել:

«Սա միակ դեպքը չէ, ՀՀ իշխանությունը իրականացնում է հայապաշտպան քաղաքականություն վարող մարդկանց մուտքը Հայաստան, որովհետեւ նրանք դեմ են ՀՀ-ում գործող իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Քաղաքական դրդապատճառը շատ հստակ է եւ որպեսզի այս իշխանությունն իր դեմքը փրկի, երբ ամբողջ Եվրոպայում ժողովրդավարություն է գոռգոռում, այստեղ պետք է պատռվի, հակառակ դեպքում, երեւալու է նրա բռնապետական ամբողջ դեմքը»,- կարծում է Արծվիկ Մինասյանը:

Նա մի զավեշտալի իրավիճակ ներկայացրեց. փոստի աշխատակիցը դատական եւ պետական ատյաններից եկած նամակները հրաժարվում է իրեն, որպես Փափազյանի ներկայացուցչի, հանձնել, պնդում է որ հենց Փափազյանին պետք է հանձնի. «Ասում եմ՝ Մուրադ Փափազյանին թույլ չեն տալիս, որ գա Հայաստան, ո՞նց պիտի հանձնեք: Ասում է՝ չէ գրված է Մուրադ Փափազյան, իրեն էլ պիտի հանձնեմ: Այսինքն, մի աբսուրդային իրավիճակի մեջ ենք. ոչ միայն Մուրադ Փափազյանի մուտքն է Հայաստան արգելված, այլ նրա մասնակցությունն իր իրավունքների պաշտպանությանն էլ է սահմանափակված»:

Հիշեցնենք, Հայաստանում անցանկալի անձ են հայտարարվել նաեւ Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը, Նժդեհ Գարագավորյանը: Արծվիկ ՄԻնասյանը չի բացառում, որ ցանկը կարող է շարունակվել, ուստի կարեւոր է համարում, որ կարողանան իրավունքի գերակայությունը հաստատել: Այս գործերով եւս դատական գործընթացներ կան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031