Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան․ «Սուպեր իդեա․ համախմբել Երեւանի քաղաքապետի ընտրություններին հանրության թեկնածուով ջարդել այս թիմին»

Մայիս 17,2023 19:35

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը հանրային համախմբման առաջարկներ է ներկայացնում։
Այսօր «Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ Հովհաննիսյանն ասաց՝ այս դժվար եւ մղձավանջային իրավիճակից դուրս գալու եզակի ճանապարհը համախմբումն է, որը պետք է դառնա օրակարգ։

«Ես չգիտեմ՝ ինչպես համախմբվել այն շերտի հետ, որն ասում է՝ Ղարաբաղը տանք, պրծնենք, ինչպես համախմբվել այն շերտի հետ, որն ասում է՝ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, ես չգիտեմ՝ էդ մարդկանց հետ  ոնց շփվենք։ Ինչպե՞ս պետք է համախմբվեն մարդիկ, որոնք ծայրը ծայրին հասցնելով հազիվ ապրում են, համախմբվեն պետական կամ հարային ռեսուրսների հաշվին մեծ փողատերեր դարձած շերտի՞ հետ։ Ո՞նց ենք համախմբելու։ Չունեմ դրա բանալին»,-ասաց Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, նա համախմբման իր առաջարկությունը ներկայացրեց․ նախ՝ համախմբման համար հստակ մենեջմենթ է պետք, ռեսուրսներ․ինչ-որ մեկը կամ   միավորները պետք է հայտ ներկայացնեն հանրային էլիտա դառնալու եւ ապա զբաղվի համախմբման մենեջմենթով։

Ըստ Հովհաննիսյանի, պետք է հանրության հետ բաց խոսել,  պետք է հանրային հաշտեցման գաղափար դնել եւ հանրային հաշտեցման գործում կարեւոր դեր պիտի ունենա եւ  ունի Հայ Առաքելական եկեղեցին։

«Մյուսը՝ սուպեր իդեան է, որի շուրջ պետք է համախմբվենք։ Այդ սուպեր իդեան պետք է  ներկայացվի հանրությանը։ Իմ կարծիքով ՝ դա պետության գաղափարն է եւ ապագայի, մեր հեռանկարի մոդելը, թե ինչ ենք սարքելու՝ սրանց քշելո՞ւց հետո, ինչ-որ բան փոխելուց հետո, իրար ներելո՞ւց հետո, ի՞նչ տիպի երկրում ենք ապրելու։ Հասարակությունը ուզում է փոփոխություններ, հոգնել է անվտանգային աննորմալ  մթնոլորտում ապրելուց, հոգնելու է ամեն առավոտ պատերազմի լուրին սպասելուց, հասարակությունն ուզում է կայունացում, փոփոխություններ, բայց այդ սուպեր իդեան իրեն ոչ ոք չի տվել»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հասարակությանը ոչ ոք չի առաջարկել համախմբել այդ տիպի մոդելի շուրջ, որ օրինակ՝ մեր փոփոխությունները բերելու են այս տիպի պետությանը՝ կապրես անվտանգ՝ այս-այս քայլերի շնորհիվ, կապրես արդար բարքերով։

«Ես առաջարկում եմ համախմբման իդեա դնել  այսօր բանտում անազատության մեջ գտնվող Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հարցը, դա մեկ անձի ապօրինի կալանք կամ դատաիրավական ռեպրեսիա չէ, կոնկրետ սիմվոլ է, ազգային վիրտուալ է թշնամու առաջ ծնկաչոքության։ Առաջարկել եմ բոլորին, ասել եմ՝ բերեք միավորվենք, Խաչատուրովի պաշտպանությունը սարքենք լուրջ քաղաքացիական պրոցես»,-առաջարկեց Հովհաննիսյանը։

Նա նաեւ առաջարկեց համախմբվել առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու գաղափարի շուրջ, բայց համախմբվել եւ առաջադրել հանրային թեկնածուին․«Ինչպես 2018-ին մեկը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Ն․Բ․) փողոցում ասում էր՝ ժողովրդի թեկնածուն պիտը դառնա վարչապետ, հիմա ժամանակն է այդ փողոցից եկած թիմին հակադրելու հանրության թեկնածուով, ոչ թե մեկ ուժի, ընդդիմադիր խմբավորումների․․․ հասկանանք, թե հանրությունն ում է տեսնում, եւ այդ հանրության թեկնածուով կարելի է ջարդել այն թիմի ամբիցիաները, որ ուզում է այսքանից հետո վերարտադրվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031