Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի Ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողներին ի պաշտպանություն Ոստիկանություն էին եկել նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցության մի քանի պատգամավոր` Գառնիկ Դանիելյանը, Տիգրան Աբրահամյանը, Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը: Նրանց նույնպես վերեւ բարձրանալ չի հաջողվում, թույլ չեն տալիս: Պատգամավորներից Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ իրենց խոստացել են, որ վերեւ կթողնեն բարձրանալ:
«Աշոտին բան են ասել, ոնց կլիներ, 5000 երեխա, որ տարել են, էնտեղ պառկացրել են, էդ հեչ: Ոչ մի միջադեպ չի եղել, Աշոտը հանգիստ նստել է Գայանե Հակոբյանի մեքենան, մեր մեքենայով իր հետեւից գնացել ենք, երրորդ մասի City-ի մոտ իրեն դուրս է գցել մեքենայից»,- պատմեց զոհված զինծառայողի մայրը:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Գարիկ Գալեյանը միջադեպ է ունեցել Աշոտ Փաշինյանի հետ, ծնողները միաբերան հերքեցին. «Ես ներկա եմ եղել, դրան տանեն, որ ի՞նչ: Առնվազն, պետք է տանեին հասցնեին Եռաբլուր, աչքերը բացեին, ասեին՝ տես հերդ ու մերդ ինչ են արել»:
«Ես միտում եմ տեսնում, իրենք լավ էլ գիտեին, որ մենք այնտեղ ենք, Փաշինյանի տղան հայտնվեր, պետք է մոտենայինք, պետք է անպատվենք: Չգիտեմ՝ ոնց հայտնվեց, սա միտումնավոր արարք էր: Գարիկ Գալեյանը նրան մատով չի կպել»,- հավելեց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ վստահեցրեց, որ Աշոտ Փաշինյանը ներողություն է խնդրել իր ծնողների արածի համար. «Ասել է՝ չեմ կարող ոչ մի բան իրենց փոխարեն ասել, այս ամեն ինչի համար անհարմար եմ զգում․․․ Ասել է՝ իբր ծնողների հետ չի ապրում, իրենց հետ կապ չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ