Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասագրքերը, որոնց ժամկետները լրացել են, վերահրատարկվելու են առանց խմբագրման աշխատանքների՝ մինչև այդ դասարաններում ևս կներդրվի նոր չափորոշիչը»

Մայիս 17,2023 18:41

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի:

Վերջին դասի առթիվ դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ
Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկում՝ դրանք բացառելու համար:

«Ահազանգեր ենք ստանում ծնողներից, որոնք արդարացիորեն մտահոգված են դպրոցներում իրականացվող դրամահավաքների առնչությամբ: Բնականաբար, մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ գործընթացների վերահսկողության և նմանատիպ երևույթները բացառելու համար: Այդուհանդերձ, շատ հաճախ նախաձեռնությունը հենց ծնողներինն է լինում: Հասկանալի է՝ յուրաքանչյուր ծնողի համար տոն է իր երեխայի թե՛ դպրոց ընդունվելը, թե՛ դպրոց ավարտելը: Բայց պետք է հասկանալ՝ արդյոք դա բովանդակայի՞ն տոն է, ու պետք է ուրախանալ և արձանագրել երեխայի հաջողությունը, թե՞ պետք է դա վերածել խնջույքի: Այստեղ նաև գործընթացն արժևորելուն և այն համապատասխան կերպով կազմակերպելուն է վերաբերում, ինչում ծնողները մեծ դերակատարություն ունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնային խնդիրը հանրային գիտակցության փոփոխությունն է, որպեսզի բացառվեն անհարկի, կրթության բովանդակությանը ոչ հարիր միջոցառումները:
Նրա խոսքով՝ ուսումնական տարվա ավարտին ընդառաջ նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել հանրակրթական դպրոցներ՝ դրամահավաքները բացառելու հորդորով ու պահանջով: Ինչ վերաբերում է ահազանգերին հետևողական լինելուն, Արաքսիա Սվաջյանն ընդգծել է. «Այս պահին հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե քանի դպրոցում և որքան գումար է հավաքվում, բայց միանշանակ է՝ չի եղել որևէ հայտ կամ բողոք, որը նախարարությունը ստացել է և հետևողական արձագանք ցույց չի տվել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նոր դասագրքերի ստեղծման մասին
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով նոր դասագրքերի ստեղծման մրցույթին, նշել է՝ դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը:
«Իսկ գործող դասագրքերը, որոնք կիրառվում են այն դասարաններում, որտեղ դեռ չի ներդրվելու նոր չափորոշիչը, ցուցակագրվել են, քանի որ դասագրքերի օգտագործման ժամկետներ կան: Բոլոր այն դասագրքերը, որոնց ժամկետներն արդեն լրացել են, բայց 1-2 տարի կիրառման կարիք ունեն, վերահրատարկվելու են՝ առանց խմբագրման աշխատանքների՝ մինչև համապատասխան դասարաններում ևս կներդրվի նոր չափորոշիչն ու կստեղծվեն նոր դասագրքեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2024/25 ուսումնական տարվանից սկսած՝ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է ևս 4 դասարաններում, և առաջիկայում արդեն կմեկնարկեն այդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031