Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա թեթևացնել Արցախի առաջին ատյանի դատարանի ծանրաբեռնվածությունը

Մայիս 17,2023 18:37

Մայիսի 17-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է` առանց համապատասխան կազմակերպությունում ուսուցում անցնելու իմպերատիվ պահանջն ապահովելու առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն նախատեսել նաև վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում որպես իրավաբան աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ ունեցող անձանց:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ինչպես թեթևացնել առաջին ատյանի դատարանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը, այնպես էլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում դատավորների թեկնածուների ցուցակում սահմանված հերթականությամբ ընդգրկել դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան ստաժով իրավաբանի մասնագիտությամբ անձանց, ինչպես նաև վերանայել համապատասխան կազմակերպությունում ուսուցման իմպերատիվ պահանջի կիրառման դեպքերը:

Օրինագիծը ներկայացրած ԱՀ արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ նախագիծը նախնական քննարկում է անցել դատական երեք ատյաններում:

Պատգամավորների մտահոգությունները  դատական համակարգի բարեփոխումների ապահովման վերաբերյալ էին: Սրբուհի Արզումանյանի տեղեկացմամբ՝ դատավորների  որակավորման քննությունը ուժի մեջ է, օրենսդրական փոփոխությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում  դատավորի թեկնածուների համար կազմակերպվող  ութամսյա պարտադիր ուսուցման դրույթին:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը  փոփոխությանը միաձայն կողմ է քվեարկել:

Հաջորդիվ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը:

Այն հանձնաժողովին ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

«Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:

Ժիրայր Միրզոյանը տեղեկացրել է,որ Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կլուծվի Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Պատգամավորներն առաջարկել են համաներումը չտարածել պետական բյուջեն վատնած  ու պետությանը առանձնապես մեծ չափով վնաս հասցրած անձանց վրա:

Հանձնաժողովը նախագծին միաձայն կողմ է քվեարկել:

Օրակարգի վերջին հարցը «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020թ. մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխութուններ կատարելու մասին» նախագիծն            էր: Փոփոխությունները վերաբերում էին խորհրդարանում գործող գլխադասային հանձնաժողովների կազմին: Հանձանաժողովի անդամներից Արթուր Մոսիյանը քվեարկությանը չի մասնակցել,3 կողմ ձայնով հարցը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031