Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողների պաշտպաններին թույլ չեն տալիս մտնել քննչական բաժին:
«էս ինչ նոր բան է, ոչ մի իրավական հիմք չկա: Նույնիսկ հրավիրել էին ձերբակալված Վահիկ Սահակյանի կնոջը, փաստաբանին՝ Վահան Հովհաննիսյանին չթողեցին իր վստահորդի հետ ներս մտնել; Սա անթույլատրելի է: Սա օրենքի կոպիտ խախտում է, անխոչընդոտ մուտք պետք է ապահովեն»,- դժգոհեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացնում՝ ինչու թույլ չեն տալիս ներս մտնել: Նա նաեւ ասաց, որ իր տվյալներով՝ քննչական բաժին են տարվել զինծառայողների ծնողներից, Գարիկ Գալեյանը, Վիգեն Արզանցյանը, Գայանե Հակոբյանը, Վահիկ Սահակյանը:
Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց, որ Ոստիկանությունը ժամանցային հիմնարկ չէ, որ որոշեն՝ ում են թողնում, ում չեն թողնում. «Կա Սահմանադրությամբ ու օրենքով ամրագրված հստակ պահանջ, անձը մտավ Ոստիկանություն, առաջին իսկ պահից իրավունք ունի իր փաստաբանի հետ լինել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ձերբակալվածների ու Աշոտ Փաշինյանի հետ միջադեպ ունենալուն՝ Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ միջադեպ կոչվածը որեւէ հանցակազմ չի պարունակում. «Եղել է ընդամենը հրավեր, Աշոտը գտնվել է մեկ վարորդ տիկնոջ հետ, ընթացքից բացել է մեքենայի դուռը ու իրեն գցել ընթացքի մեջ: Հետեւի մեքենան էլ կամ կպնում է կամ չի կպնում: Որեւէ վատ վերաբերմունքի մասին խոսք չկա: Ինչ առեւանգում: Աշոտը իր կամքով նստել է մեքենա, որտեղ կրկնում եմ՝ միայն վարորդն է եղել, այն էլ ՝կին: Էդ մարդն էդ ընտանիքի այն մարդը չէր, որի նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորվեր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ