Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանն իմ ամենամեծ հիասթափություններից է», իսկ Անդրեա Վիկտորինն «ասել է ճշմարտությունը». Ավետիք Իշխանյան

Մայիս 17,2023 18:06

1921 թվականի հայ բոլշեւիկների եւ ՔՊ-ականների տարբերությունը. Aravot.am-ի զրուցակից, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ բրյուսելյան բանակցությունների մասին

-Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։ Ըստ էության, այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը կրկնեց նաեւ Ռեյկյավիկում։ Առաջիկայում էլ նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, ապա բանակցությունները կշարունակվեն Քիշնեւում: Ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ է տեղի ունենում:

-Բրյուսելյան հանդիպումը Պրահայի հանդիպման ժամանակ եղած համաձայնությունների հաստատումն էր, այն է՝ Հայաստանն իր վարչապետ կոչեցյալի դեմքով, հրաժարվում է Արցախից, այն համարելով Ադրբեջանի տարածք։ Հիշենք, որ ըստ «Մադրիդյան սկզբունքների», Արցախի հարցի լուծումը դիտարկվում էր, ինչպես երկրների տարածքային ամբողջականության, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներից ելնելով։ Առաջին հայացքից թվում է, թե այս համատեղ հռչակված սկզբունքները միմյանց հակասում են։ Բայց հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէր նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն ինքնորոշվել և անկախություն էր հռչակել, մինչ Ադրբեջանի կողմից անկախություն հռչակելը։ Բացի այդ, Ադրբեջանն իրեն հռչակել էր 1918թ․ Ադրբեջանի հանրապետության ժառանգորդ, իսկ Արցախն այն ժամանակ Ադրբեջանի կազմում չէր և համարվում էր վիճելի տարածք, ինչպես Սյունիքը։

Այս ամենը հաշվի առնելով, չեմ բացառում, որ շատերը հույսեր ունեին, որ երբ վարչապետ կոչեցյալը հայտարարում էր, որ ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառ․ կմ տարածքը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն չէր նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք։ Եվ հենց այս «բացը» լրացնելու համար ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց որպես Հայաստանի տարածք 29,8 հազար քառ․ կմ, Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառ․ կմ, այսինքն՝ ներառած Արցախը։

Հիշենք մի կարևոր հարցի մասին, որ ամեն պետություն ցանկացած հարցում, այդ թվում՝ Արցախի, շարժվում է միայն ու միայն իր ազգային շահերից ելնելով։ Այս տեսանկյունից պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի առաջարկը՝ Արցախի հարցի լուծումը թողնել հետագային, քանի որ Ռուսաստանին տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու համար անհրաժեշտ է այստեղ ունենալ զինված ուժեր։ Պարզ է, չէ՞, որ եթե Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջը, Արցախը նվիրելով Ադրբեջանին, ապա ռուսական խաղաղապահներն այլևս անելիք չունեն։

Սա այն դեպքն էր, երբ մեր և Ռուսաստանի շահերը համընկնում էին։ Սակայն Պրահայում Հայաստանի վարչապետ կոչեցյալը, այլ բառեր չեմ գտնում, հրապարակային ուրացավ Արցախն՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածք։ Պրահային հաջորդած Սոչիում հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հղում արեց Պրահայի պայմանավորվածությանը և համատեղ հայտարարությունից դուրս մնաց Արցախի հարցը։

Այնպես որ, Մոսկվայում սպասվելիք արտգործնախարարների հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ։ Ուղղակի Ռուսաստանը փորձեր է անում դուրս չմնալ Հայաստան-Ադրբեջան բանակցություններից։ Եվ տվյալ դեպքում, արդեն դժվար է ասել, թե Ռուսաստանն ինչպիսի՞ դիրքորոշում կունենա ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

Այստեղ կուզենայի զուգահեռներ տանել 1921թ․ և մեր օրերի միջև։ Հայտնի է, որ Կավբյուրոյի 1921թ․ երկու նիստերում (հունիսի 3-ին և հուլիսի 4-ին) որոշվել է Արցախը միացնել Հայաստանին։ Մեզ չեն ասում, թե ինչեր են եղել այդ վերջին որոշումից հետո, այլ միայն ասում են, որ հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 5-ին, նույն Կավբյուրոն նորից նիստ է հրավիրել և այս անգամ որոշել՝ Արցախը հանձնել Ադրբեջանին կամ Ռուսաստանը հայկական Արցախը տվեց Ադրբեջանին։ Իրականում, հուլիսի 4-ի որոշումից հետո, Ադրբեջանի կառավարության նախագահ Նարիմանովը և բոլոր ադրբեջանցի բոլշևիկներն ընդվզել են, իսկ հայ բոլշևիկները՝ Լևոն Կարախանը և մյուսները չեն հակաճառել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է վարվեր Ռուսաստանը, երբ մի կողմը դեմ էր Արցախը զիջելուն, իսկ մյուս՝ հայկական կողմը համաձայն էր բուն հայկական Արցախը զիջելուն, հանուն երկու ազգերի բարեկամության։ Եվ եթե չլիներ Գարեգին Նժդեհի կողմից կազմակերպված Սյունիքի ինքնապաշտպանություն-հերոսամարտը, ապա հավանաբար հայ բոլշևիկները Սյունիքը նույնպես «կնվիրեին» «եղբայրական» Ադրբեջանին։

Այսպիսով, շուրջ 100 տարի անց, պատմությունը կրկնվում է։ Եվ եթե այսօր նույնպես, Ռուսաստանը, ելնելով երկու հակամարտող կողմերի դիրքորոշումներից՝ երբ հայկական կողմը ամեն զիջումների պատրաստ է, երբ ինչ-ինչ դիրք զբաղեցնի, տարիներ անց, նույնպես Արցախի կորուստը կբարդենք Ռուսաստանի վրա։ Մի առիթով ասել եմ, եթե ռուսը, վրացին, ադրբեջանցին առաջին հերթին ռուս է, վրացի, ադրբեջանցի, հետո նոր բոլշևիկ, լիբերալ, ժողովրդավար, իրավապաշտպան, ապա հայն առաջին հերթին բոլշևիկ է, լիբերալ, ժողովրդավար, իրավապաշտպան, հետո գուցե, շեշտում եմ՝ գուցե և հայ։ Սակայն, կարծում եմ 1921թ․ հայ բոլշևիկների և այսօրվա հայ «ժողովրդավարների» միջև կա մեկ էական տարբերություն։ Եթե հայ բոլշևիկներն իրականում, գաղափարական գործիչներ էին, ապա այսօրվա քպ-ականները՝ «ժողովրդավարության» դիմակի, իրականում՝ անգաղափար, անհայրենիք նյութապաշտներ են։

Ինչ վերաբերում է սպասվելիք Քիշնևի հանդիպմանը, ես մտավախություն ունեմ, որ այնտեղ հերթական հակահայկական փաստաթուղթ կստորագրվի։

Այսպիսով, մի քանի բրյուսելյան, Պրահայի, սպասվելիք Քիշնևի հանդիպումներն ու դրանց հաջորդած հայտարարություններն ապացուցում են, որ քաղաքակիրթ արևմուտքին բացարձակապես չի հետաքրքրում, որ 120 000 արցախցի հայեր կենթարկվեն ցեղասպանության։ Այսպիսին է եղել և շարունակում է նույնը մնալ, մեր առաջադեմ գործիչների երկրպագած արևմուտքի պրագմատիկ քաղաքականությունը։ Ինքս բնավ չեմ մեղադրում ինչպես հավաքական արևմուտքին, այնպես էլ Ռուսաստանին, հասկանալով, որ ամեն երկիր, ի տարբերություն՝ Հայաստանի, շարժվում է, ոչ թե մարդասիրական կամ հայասիրական մոտիվներով, այլ միայն իր ազգային շահերով։

-Հայաստանի իշխող խմբի պաշտոնյաները չեն հայտարարում, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ավելին, տեսակետներ են հնչում, որ Արցախը կարող է պայքարել իր ինքնիշխանության համար: Տրամաբանակա՞ն է այս մոտեցումը, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի պայքարը:

-Անկեղծ ասած, չեմ լսել նման հայտարարություններ։ Իհարկե, ձեզ հավատում եմ, որ եղել են նման պաշտոնյաներ, բայց նրանց՝ ոչ։ Եթե նրանք անկեղծ են, ապա պետք է խիստ հայտարարություն անեն և հրաժարական տան։ Հակառակ դեպքում, նրանք ուղղակի, վարչապետ կոչեցյալի համաձայնությամբ, ձևեր են թափում։

Ինչ վերաբերում է Արցախի ապագային, ապա ես համոզված եմ, որ անելանելի վիճակներ չեն լինում։ Եթե մենք համակերպվենք Արցախի, այն է՝ Հայաստանի, այո՛ ողջ Հայաստանի կորստի հետ, ապա բոլորս, ողջ հայ ժողովուրդը պատասխանատու կլինի հայրենիքի կորստի համար։ Ինչպես արցախյան շարժումը բերեց և Արցախի և Հայաստանի ազատագրմանն ու անկախությանը, այնպես էլ, Արցախի անկումը կբերի տարածաշրջանում ողջ հայկական աշխարհի վերացմանը։ Այս դավադրության դեմ պետք է վճռական պայքարի ելնենք բոլորս՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք և հավատացնում եմ, այդ դեպքում հաջողության կհասնենք։ Եվ այդ պայքարը պետք է սկսվի հնարավորինս շուտ, առնվազն մինչ քիշնևյան հերթական դավադրությունը։

 -Ի դեպ, Սամվել Բաբայանը կրկին ակտիվացել է, Արցախում հանրահավաք արեց՝ պահանջելով պետնախարարի պաշտոնը: Արայիկ Հարությունյանն էլ ընդառաջ է գնացել, քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում. Արցախն ի՞նչ գործընթացի մեջ է:

-Սամվել Բաբայանն իմ ամենամեծ հիասթափություններից է։ Նրա նկատմամբ չունեմ դույզն իսկ վստահություն։ Եվ նրա այս «նախաձեռնությունը» շատ կասկածելի է և ամենայն հավանականությամբ՝ համաձայնեցված Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետ։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա համոզվածություն ունեմ, որ նա իր ամեն քայլը համաձայնեցնում է Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետ։

Եվ եթե Արցախում չլիներ լուրջ դիմադրություն, ապա կարծում եմ,որ նա կհամաձայնվեր Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հետ։ Սամվել Բաբայանի նախաձեռնությունը տեսնում եմ այս համատեքստում։

-Օրերս բավական ուշագրավ հայտարարություն արեց նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը. դեսպանն ասաց, որ ԵՄ դիտորդները Սոթքում եւ հայ-ադրբեջանական սահմանի մյուս թեժ կետերում չեն եղել՝ բախումների շրջանում, բայց սահմանին բավական զգալի երկայնքով ներկա են: Ավելին, դեսպանը խոսեց նաեւ այն մասին, որ 1-2 կետով հայկական զորքերը գտնվում են Ադրբեջանի սահմանին : Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նկատի ունի դեսպանը եւ ինչո՞ւ ԵՄ դիտորդները թեժ հատվածները չեն դիտարկում, հետեւաբար, ո՞րն է դիտարկումների նպատակը:

– Հայաստանում ԵՄ դեսպանն, ի պատիվ իրեն, ասաց ճշմարտությունը, ցրելով շատերի անիմաստ հույսերը ԵՄ դիտորդների հետ կապված։ Ցանկացած տրամաբանություն ունեցողի համար պարզից էլ պարզ էր ԵՄ դիտորդների ներկայության, եթե ոչ վտանգավորությունը, այլ առնվազն անիմաստությունը։ Պարզ էր որ ԵՄ դիտորդներն իրենց կյանքը չէին վտանգելու հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։

ԵՄ դիտորդների վերաբերյալ հետաքրքրական տեղեկություն տվեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը։ Պարզվում է, որ դիտորդների առաքելության մեջ է մտնում շփումները սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ և վստահության մթնոլորտի ստեղծումը։ Հարց է առաջանում, վստահության մթնոլորտ ո՞ւմ հետ, ադրբեջանցիների՞։ Ո՞ր ադրբեջանցիների, նրանց ում մանկուց սովորեցրել են ատել և սպանել հային և որոնք պետք է «վերադառնան» որպես փախստականնե՞ր։ Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ԵՄ դիտորդներն այդ դաստիարակչական աշխատանքը տանեին Ադրբեջանում, որն իհարկե, Ադրբեջանի նախագահը կարգելեր։ Իսկ անիմաստ, քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ ԵՄ-ն երբեք Ադրբեջանի դեմ որևէ քայլ, հայտարարություն չի անի։ Այսօր Ադրբեջանը ԵՄ-ի կարևոր գործընկերն է, որի մասին բացահայտ հայտարարում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները։ Վտանգավոր, քանի որ, նրանց ներկայությունն անհանգստացնում է ոչ միայն Ռուսաստանին, այլև մեր բնական դաշնակից Իրանին։ Իսկ այն, որ ըստ ԵՄ դեսպանի հայկական զինված ուժերը գտնվում են 1,2 ադրբեջանական տարածքներում, ապա կարծում եմ, նա կրկնում է Ադրբեջանի պահանջն, այսպես կոչված անկլավների մասով։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031