Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հերոսի հայրն իր ձեռքերով եկեղեցի է կառուցել որդու հիշատակին

Մայիս 17,2023 17:05

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի կենտրոնում վեր է հառնում նորակառույց մի եկեղեցի, որի գմբեթի խաչը և զանգը օծվեցին օրեր առաջ: Եկեղեցին կառուցում են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները` իրենց որդու հիշատակին: Գմբեթի խաչը նվիրաբերել է պատերազմի մասնակից Գևորգ Սայադյանը, իսկ զանգը` Շիրակի մորաքրոջ աղջիկը:

Շիրակ Գասպարյանի մայրը` մանկավարժ Անահիտ Վարդապետյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում եկեղեցի կառուցելը եղել է որդու երազանքը: «Շիրակս միշտ ցանկացել է գյուղում եկեղեցի կառուցել, քանի որ Մակարավանքը բավականին հեռու էր, իսկ մոտակայքում այլ եկեղեցի չկար: Գյուղում հին ժամ ունենք, որը նպատակ ունեինք վերականգնել, վերանորոգել Շիրակի ծառայության ավարտից հետո: Բայց եղավ այն, ինչ եղավ… Հիմա արդեն մենք մեր ուժերով, միջոցներով եկեղեցի ենք կառուցում գյուղի կենտրոնում, ի հիշատակ մեր որդու, բանաստեղծ Շիրակի, որպեսզի բոլորն այցելեն ու հիշեն իրենց ազգի հերոսին էլ, նրա սխրագործություններն էլ, ստեղծագործություններն էլ։

Եկեղեցուն հարող տարածքն էլ հայրը վերածելու է անվանական այգու, որտեղ տնկվող ծառերը կխորհրդանշեն հայ ժողովրդի կյանքի շարունակությունը, ինչի համար էլ իր որդին կյանքն է նվիրել հայրենիքին: Եկեղեցին հայրն է իր ձեռքերով կառուցում, 2 շինարարի հետ միասին: Մեր ունեցած միջոցներն ենք ներդրել, նաև ունեցած հողակտորը վաճառել` այս նպատակն իրագործելու համար»,-նշեց Անահիտ Վարդապետյանը:

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ.-ի հունիսի 6-ին, սովորել բարձր առաջադիմությամբ, սիրել է ստեղծագործել: 2020թ ԵՊՀ ԻՄ-ը ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Երկրորդ կիսամյակից մագիստրատուրայի ընդունելության քննություններ հանձնելով մի քանի միջազգային համալսարանում, ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը, դիվանագիտություն պետք է ուսումնասիրեր։

Շիրակը երկու հարյուր ուսանողներից միակն էր, որն ընդունվեց Կառլովի անվան համալսարան՝ հնարավոր 147 հարցից պատասխանելով 143-ին և հիացնելով չեխ մասնագետներին։ Քննական հանձնաժողովի առաջարկով և ԱԳ միջնորդությամբ՝ փայլուն հարցազրույցի և օտար լեզուներին տիրապետելու մեծ հմտության շնորհիվ, հնարավորություն է ստանում ուսումն ավարտելուց անմիջապես հետո մշտական աշխատանքի անցնել Չեխիայի, Ռուսաստանի, Իրանի, Շվեդիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի դեսպանատներում։ Շիրակը՝ որպես իսկական հայորդի, հայրենասեր զավակ, նախընտրում է ծառայել բանակում, իր պարտքը հանձնել հայրենիքին, ապա նոր մեկնել Չեխիա, որպեսզի ուսումը շարունակի։

Ծառայության է մեկնել 2020թ հուլիսի 29-ին՝ հոր ծննդյան օրը։ Նորակոչիկ հրետանավորը 44-օրյա պատերազմին մասնակցել է առաջին օրից՝ չնայած ծառայության 2 ամիսը չէր էլ լրացել, այն էլ՝ առաջնագծում։ Ջրականում կռվել է մինչ ամսի հինգը, ապա հրամկազմի ցուցումով ողջ մնացած զինվորները նահանջել են Հադրութ։

Ըստ փրկված ծառայակիցների՝ շարքային Գասպարյանին հրամանատարներն առաջադրանքի են ուղարկում հատուկ հանձնարարությամբ (Հադրութի արդեն գրավված հատվածից, որտեղ գտնվում էր Ջրականի նորակոչիկների համար նախկինում թաքստոց հանդիսացող դպրոցը, պետք է գաղտնի դուրս բերեր զինգրքույկները, կոորդինատներն ու քարտեզները, որոնք մոռացել էին նահանջի պահին), որը պատվով է կատարում, անվնաս վերադառնում իր խմբին։

Հանձնարարված առաջադրանքը փայլուն կատարելուց հետո՝ հրամանատար Ար․Ղարիբյանը 98 փրկված նորակոչիկների ներկայությամբ շարքային Շիրակ Արմենակի Գասպարյանին տեղեկացնում է, որ միայն իր համար զեկուցագիր կգրվի ու կառաջադրվի հատուկ խրախուսանքի (մեջբերված խոսքերը հրամանատարինն են, որը հերոսի պարգևն անձամբ էր հանձնել ընտանիքին ու ներկայացրել Շիրակի մարտական ուղին), բայց հոկտեմբերի 10-ին «առանձիններին» հատուկ հրամանով ուղարկում են Արա լեռ, որ շրջափակումից դուրս բերեն ծառայակից ընկերներին։ Հենց այդ ժամանակ Շիրակը նահատակվում է տեղում՝ թշնամու հրազենի դիպուկ կրակոցից, հարվածն ուղիղ գանգոսկրին է եղել, մահն՝ ակնթարթային։

Շիրակ Արմենակի Գասպարյանն իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար 2021թ-ի Արցախի նախագահի հրամանով՝ հետմահու պարգևատրվել է «Արիության համար», ապա 2022թ-ին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով:

Պատերազմի օրերին նա գրել է իր վերջին բանաստեղծությունը, որը խնդրել է մահից հետո փոխանցել մայրիկին:

Ցիրուցան եղան իղձերu, մայրի՛կ,

Արկերի ձայնից hօդu ցնդեցին։

Արյան գետեր են hոսում uարերից,

Սարսափ ներշնչում մատաղ իմ uրտին։

 

Արhավիրք է մա՛մ, կոտորած անգութ,

Ու կարծեu uրտիu զարկերն են մարում։

Մա՛մ, դու ինձ ներիր, թե տուն չդառնոմ,

Թե քեզ չգրկեմ, hամբույր չuտանաu։

 

Չարտաuվեu, մայր ի՛մ, hերոu է որդիդ,

Ու քեզ պաhապան կլինի վերից,

Որպեu hրեշտակ, որպեu լույu-ճրագ երկնակամարից․․․

Շիրակ ԳԱՍՊԱՐՅԱՆ (07.10.2020)

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները` Տավուշի թեմի, Անահիտ Վարդապետյանի ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031