Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն անգործության է մատնվել, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն»․ հայց Վարչական դատարան

Մայիս 17,2023 16:20

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան՝ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողներին ասաց, որ կառավարությունը պարտավոր է նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ։ «Օրենքով սահմանված կարգով ավագանին պետք է քաղաքապետի ընտրություն իրականացներ։ Եթե երկշաբաթյա ժամկետում այդ ընտրությունները տեղի չեն ունենում, կառավարությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով կրճատել ավագանու լիազորությունները, ինչը ենթադրում է նոր ավագանու ընտրություններ, ինչը տեղի է ունեցել 2018 թվականին»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո ավագանին նոր քաղաքապետ չընտրեց, Տիգրան Ավինյանի գործոնո՞վ է դա պայմանավորված, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Նպատակը նաեւ այն է, որ մինչեւ հերթական ընտրությունների օրենքով սահմանված ժամկետը, որն ամենայն հավանականությամբ նախատեսվում է սեպտեմբերի երկրորդ կեսին, հնարավորություն լինի քաղաքապետարանի գործունեությունն օգտագործել որպես քարոզարշավ։ Եվ այն իրավիճակը, որն ստեղծված էր մինչեւ նախորդ քաղաքապետի հրաժարականը, գոնե հանրային ընկալման մեջ կար այդ քաղաքապետը, որը պարտավոր էր լինում որոշակի միջոցառումների կամ նիստերի վարման պրոցեսին ներգրավել։ Այդ ժամանակ քաղաքապետի թեկնածուն հնարավորություն չէր ունենա քարոզարշավ անել։ Հիմա Երեւանն ունի քաղաքապետի առաջին տեղակալ, ով ժամանակավոր պաշտոնակատարն է։ Այսինքն՝ անկախ նրանից՝ քաղաքապետ կա ընտրված, թե չկա, առնվազն քաղաքի ղեկավարումն ինչ- որ մեկ անձի կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Բայց քաղաքը փաստացի կառավարվում է քաղաքապետի թեկնածուի կողմից»։

Մեսրոպ Առաքելյանը հարցադրում արեց՝ ենթադրենք այս իրավիճակը ստեղծվում էր 2019 թվականին, Երեւանը 4 տարի պետք է մնար առանց քաղաքապե՞տ։ «Այսինքն՝ այն, որ այս իրավիճակը համընկել է այն ժամանակահատվածի հետ, որ հերթական ընտրություններին մնացել է 3 ամիս, նպատակահարմարության տեսանկյունից առաջնորդվել չի լինի։ Օրենքը չի նախանշում, որ՝ այ, եթե քաղաքապետը հրաժարական է տալիս 3 ամիս առաջ, արտահերթ ընտրություններ չեն լինում, եթե 3 կամ 4 տարի առաջ տար, լինելու էր։ Այսինքն՝ օրենքն ամբողջ ժամանակահատվածի համար միատեսակ պետք է կիրառվի։ Եթե նույնիսկ իրավական դետալների մեջ չմտնենք, բոլորիս համար ակնհայտ է դա։ Հենց այս իշխանության օրոք 2018 թվականին նույն մեխանիզմով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո 2018 թվականին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Միանշանակ սրա նպատակն այն է, որ փորձում են այս ժամանակահատվածն օգտագործել իրենց քարոզչության համար։ Բայց ես կարծում եմ, որ ընտրական պրոցեսներում հիմք պետք է լինի օրենքը, ոչ թե նպատակահարմարությունը կամ քաղաքական որոշումը»,- նշեց նա։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն էլ նշեց, ոչ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու եւ քաղաքապետ չընտրելու հետեւանքով առաջանում է պարտադիր դրույթ, որպեսզի կառավարությունը կրճատի ավագանու գործունեության ժամկետը եւ հրավիրի ավագանու նոր ընտրություններ։ «Այսինքն՝ կառավարությունն անգործության է մատնվել, որը մեր ներկայացված հայցադիմումում մենք ներկայացրել ենք եւ ակնկալում ենք դատարանի անաչառ ու օբյեկտիվ քննությունը»,- ասաց փաստաբանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031