Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ Եթե Նախիջեւանից Ադրբեջան երկաթգիծը բացվի՝ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է այն վերահսկվի

Մայիս 17,2023 16:05

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպմանն, ասաց, որ բանակցությունների մանրամասներին չի տիրապետում, սակայն երկաթուղու գործարկման մասին պատկերացում ունի։

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է․ «Կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ եւ այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար»։

Թե ինչ պայմաններով է գործելու երկաթուղին, Քերոբյանն ասաց՝ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի, եթե Նախիջեւանից Ադրբեջան երկաթգիծը բացվի։

Քերոբյանն ասաց, որ աշխարհում վերահսկման կազմակերպություններ կան, որոնցից մեկը պետք է Վրաստանի եւ Աբխազիայի երկաթգծի դեպքում գործեր․ «Շվեյցարական ընկերություն է, կա նաեւ ֆրանսիական եւ մի շարք այլ ինսպեկցիոն ընկերություններ, որոնց տված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ այդպիսի մի ընկերություններից մեկը․․․ հիշեցնեմ, որ Աբխազիայի պարագայում մոդելն այն է, որ Աբխազիայի երկու՝ ելքի եւ մուտքի հատվածներում պետք է շվեյցարական SGS ընկերության զննման կետեր դրվեն, որոնք պետք է փոխարինեն մաքսատան ֆունկցիային եւ իրենք կատարեն մաքսատան գործառույթը։ Այդ մեթոդը Աբխազիայի դեպքում չաշխատեց, եւ այսօր մենք չենք կարողանում երկաթուղային բեռնափոխադրում իրականացնել Աբխազիայի տարածքով»։

Քերոբյանն ասաց, որ կառավարությունը ենթակառուցվածքների զարգացմանը կողմ է, որովհետեւ Հայաստանը ենթակառուցվածքների առումով զարգացնելու բավական մեծ ներուժ ունի․ «Եթե գործնական ասեմ՝ չնայած մենք ծավալուն ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, բայց հաշվի առնելով այն, որ նախորդ երեսուն տարում ենթակառուցվածքներում համարժեք ներդրում չի արվել, չի զարգացել, եւ դա վերաբերում է նաեւ ոչ ֆիզիկական ենթակառուցվածքներին՝ գիտություն, մշակույթ, կրթություն։ Այս բոլոր առումներով մենք խոշոր ներդրումների կարիք ունենք եւ կառավարությունը շտապում է այդ ուղղություններով ներդրումներ անել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031