Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Միջավայրը հեչ գրավիչ չէ, որպեսզի խոշոր ներդրումներ լինեն արտադրական կանեփի վերամշակման ոլորտում»

Մայիս 17,2023 15:14

Արտադրական կանեփի ոլորտի օրենսդրությունը, որը երկու տարի է՝ գործում է, խոչընդոտներ է առաջացնում բազմաթիվ ընկերությունների համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նիստում ասաց, որ գործընկեր նախարարությունների եւ իրավապահ մարմինների հետ սերտ աշխատելով՝ ստացվել է այնպես, որ բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են եւ իրավապահների կողմից առարկություններ չեն ստացվել` բավարարվել են․ «Դրանից հետո դիմումատուները խնդիրներ են վերհանել, խոչընդոտներ ներկայացրել։ Դրանցից 3-ը նոր փոփոխություններով կլուծվեն։ Խնդիրները կապված են բիզնես ծրագրերի, 1 տարի ժամկետով լիցենզիա տրամադրելու (նախատեսվում է ժամկետը փոխել 2 տարվա), ինչպես նաեւ քվոտաների վերանայման հետ։ Այժմ օրենքը բարելավում են, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների առաջ չկանգնեն»։

Լրագրողների հետ զրույցում Վահան Քերոբյանն ասաց, որ առողջապահության նախարարության ուղիղ ֆունկցիան չէ եւ որեւէ շահագրգռվածություն չունեն, որպեսզի ոլորտում նոր գործարարներ ընդգրկվեն ու նոր ներդրումներ արվեն․ «Ի սկզբանե մենք կարծում էինք, որ սա պետք է լիներ տնտեսական ծրագիր, բայց այն ժամանակ կայացվել էր քաղաքական որոշում, որ սա ավելի շուտ առողջապահական վերահսկման ենթակա պետք է լինի։ Բայց այն տնտեսական ծրագիրը, որ սկսում է վերահսկելու մասին մտածելով՝ ի սկզբանե դատապարտված է ձախողման»։

Քերոբյանի խոսքով՝ արտադրական կանեփի նախարարության տնտեսական տեսլականն էապես տարբերվում է նրանից, ինչ այժմ տեղի է ունենում՝ արտադրության գործընթացը, ձեւը, տուրքերը, լիցենզավորման կարգը։

«Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր ծրագիրը, շատ խոշոր ներդրողներ հետաքրքրվում էին, բայց բնականաբար, այս միջավայրը հեչ գրավիչ չէ, որ հիմա ներդրումներ անեն։ ԱԺ մեր գործընկերներն էլ համակարծիք չեն այսօրվա բիզնես մոդելի հետ, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա այն վերանայելու։ Աղմկոտ թեմա է, բայց աղմկոտ թեմաների տակը բան չկա»,-ասաց նախարարը։

Հարցին՝ նախագիծը եթե հետ կանչվի, արդյոք կվերադառնա այն տեսքով, որն ակնկալում է էկոնոմիկայի նախարարությունը, Քերոբյանը պատասխանեց․ «Կան տնտեսվարողներ, որոնք խոչընդոտների պատճառով ներդրում չեն արել, նրանք ունեն հնարավորություններ, բայց այսօրվա կարգավորումները թույլ չեն տալիս մտնել արտադրություն։ Կան տնտեսվարողներ, որոնք մտել են ոլորտ, բայց չեն հասել արտադրության, չորս ընկերություն են։ Այսօրվա այս նախագիծն այս չորս տնտեսվարողի համար ինչ-որ բան կփոխի, բայց հարյուրավորների համար ոչինչ չի փոխի։ ԱԺ մեր գործընկերները միտված են, որ պետք է հարյուրավորների համար հարց լուծել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031