Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորագույն առաջարկները, որոնք ոլորտում պետք է խնդիր լուծեին, պատասխանատու դարձնեին հանքարդյունաբերական սուբյեկտներին՝ ուղիղ իմաստով չեն ընդունվել. ՀԿ ներկայացուցիչ

Մայիս 17,2023 15:02

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացը ընթացել է ՀԲ դրամաշնորհի միջոցով, որի պարտադիր պայման է եղել փաստաթղթի մշակման հանրային իրազեկման բարձր մակարդակի ապահովումը: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ «Հանքարդյունաբերության ռազմավարությունն ընդունվեց, սակայն խնդրահարույց կետերով. ինչո՞ւ» թեմայով քննարկման ընթացքում ։

Փոխնախարարի հավաստմամբ, իրենք հավատարիմ են մնացել ՀԲ պահանջին և ռազմավարության մշակման ընթացքում բազմաթիվ կլոր սեղաններ, քննարկումներ, համաժողովներ են կազմակերպել, կայացել է արտագնա 2 հանրային քննարկումներ: Հավանաբար, փոխնախարարը երկար կթվարկեր հանրային իրազեկմանն ուղղված նախարարության ջանքերը, եթե քննարկումը վարողը չհիշեցներ, որ հասարակական կազմակերպությունները ռազմավարության անվավեր ճանաչելուն ուղղված իրենց հայտարարությունում պահանջել են «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տալ պաշտոնական բացատրություն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը ապօրինի եղանակով առաջ մղելու համար»:

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Ըստ նրանց՝ փաստաթուղթը ենթակա է ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև հանրային քննարկումների՝ համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։

«Ինչ վերաբերվում է մասնակցային ապահովմանը՝ բոլոր տեսակի կարծիքներն ընդունել-չընդունելու հետ կապված դիրքորոշումներն՝ կառավարության կայքէջում հրապարակված ամփոփաթերթերում ներկայացված են: Սա կարող եք ընդունել որպես պաշտոնական մեկնաբանություն, և դա չի ենթադրում, որ պաշտոնական մեկնաբանությունը պետք է հրապարակային հայտարարության տեսքով լինի:

Ինչ վերաբերվում է հարցին, որը ձեր կողմից ներկայացվեց որպես «ապօրինի որոշման ընդունում», ես պետք է խնդրեմ իրավական գնահատականների մեջ լինենք շատ զգույշ, կխնդրեմ նման որակումներով ոչ թե արտահայտվել, այլ եթե կա նման գործելաոճ ՝ կան իրավական մարմիններ, նրանց տալ հաղորդում»,-ասաց Հարությունյան:

Քանի որ «ապօրինի» ձևակերպումը հասարակական կազմակերպությունների հայտարարությունից էր՝ փոխնախարարին հակադարձեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը. «Ապօրինի ձևակերպումն առաջին հերթին, վերաբերում է նրան, որ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, օրենքով պետք է իրականացվի նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատում, ինչը պատասխան նամակով, ուղարկված է ՏԿԵ նախարարություն՝ տրվում է պատասխան, որ այն ինչ տեղի է ունեցել իրեն կարելի է համարել լռեք, իրականում դա այդպես չէ: Ինչ վերաբերվում է մասնակցությանը` ես ուզում եմ հիշել, որ ազդագիր-համայնքներում, օրինակ՝ Թեղուտ և Կապան համայնքներում եղել են փակ հանդիպումներ, բաց հայտարարություններ դրանց համար չեն եղել: Այսինքն, հայեցողական է եղել, կապ են հաստատել համայնքի ղեկավարի հետ, որն էլ մոբիլիզացնի որոշակի մարդկանց, ես որպես շահագրգիռ անձ, խնդրել եմ ակտիվ, խնդիր բարձրացնող մարդկանց, որ իրենք էլ գան: Մարդկանց մասնակցությունն այդքան մեծ չի եղել և հստակ կարող եմ ասել, թե տվյալ մարդիկ Թեղուտում ինչ էին առաջարկել: Նրանք առաջարկել էին իրենց հասցված վնասների գնահատման, փոխհատուցման մեխանիզմներ ներդնել, իրենց Թեղուտում ապրելու, գոյատևելու այլընտրանքային զարգացման մեխանիզմներ ներդնել, որոնք ռազմավարության մեջ տեղ չեն գտել»:

Հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով, թեպետ որոշակի հանրային քննարկումներ եղել են ռազմավարության մշակման ընթացքում, բայց մասնակցային ձևաչափը բավարար չէ, որպեսզի խոսվի իրական մասնակցայնության մասին, դրանք պարզապես ֆորմալ քննարկումներ են եղել:

Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ բովանդակային շուրջ 33 առաջարկություններ են արվել, որոնց մի փոքր մասն է մասնակիորեն ընդունվել, «բայց կարևորագույնները, որոնք հետագայում ոլորտում պետք է խնդիր լուծեին, որոնք պետք է ավելի պատասխանատու դարձնեին հանքարդյունաբերությունը, հանքարդյունաբերական սուբյեկտներին, որոնք պետք է ավելի մեծ վստահություն ներշնչեն դեպի հանքարդյունաբերության ոլորտը համայնքի բնակիչների մոտ՝ այդ հիմնական շրջանակը և սոցիալական արդարության կոմպոնենտներ են պարունակում ՝ ուղիղ իմաստով չի ընդունվել»:

Ի պատասխան ՀԿ ներկայացուցչի բարձրացրած հարցերի՝ փոխնախարար Հարությունյանը հավաստիացրեց, որ դրանք ներառված են գործողությունների պլանում:

Քննարկման ներկա բնապահպանները չհամաձայնելով փոխնախարարի հետ՝ ևս նշեցին, որ այս ռազմավարությունը չի բավարարում ոչ միայն մեր երկրի օրենսդրության պահանջներին, այլ նաև միջազգային կոնվենցիաներին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ է, որ Հայաստանում մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով 4 նախագիծ է շրջանառվել, ստացվել է մոտ 1000 առաջարկ, մայիսի 6-ին նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին փաստաթուղթն ընդունվել է։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031