Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կերպարվեստի պատմությանը նվիրված արժեքավոր աշխատություն». գիտական հանրությանը ներկայացվեց Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը

Մայիս 17,2023 14:35

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորի շնորհանդեսը:

«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագիրքը հայերեն լեզվով ոչ թարգմանական առաջին դասագիրքն է, որում շարադրված է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչև XIX դարն ավարտող համաշխարհային՝ այդ թվում հայկական, կերպարվեստի համառոտ պատմությունը։

«Սա երևույթ է մեր կյանքում։ Գրքի ծնունդը գիտնականի համար մեծ իրադարձություն է, առավել ևս, երբ այն նախատեսված է մատաղ սերնդի դաստիարակության համար։ Արարատ Աղասյանը մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ է զբաղվել այս դասագրքի ստեղծմամբ, և այսօր մեր սեղանին է դրված կերպարվեստի պատմությանը նվիրված առաջին հայալեզու ոչ թարգմանական արժեքավոր աշխատությունը», – ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։

«Էջ առ էջ քննելով ստեղծագործ անհատների, երկրների, տարածաշրջանների գեղարվեստական ժառանգությունը՝ հեղինակն ի ցույց է դնում պլաստիկ մտքի համապարփակ փոխակերպումը, որը ստանում է տեղային տարբերակումներ։ Այս ամենը մատուցվում է պատմամշակութային լայն համատեքստում։ Մեր առջև խիստ անհրաժեշտ, իր գիտակրթական նպատակներին լիովին ծառայող հրատարակություն է, որը, անկասկած, կունենա մեծ պահանջարկ», – ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը։

«Նման դասագիրքը մեր իրականության մեջ առաջամարտիկներից է։ Դասագիրքն այնպես է կառուցված, որ հեղինակի և ընթերցող միջև կարծես թե երկխոսություն է ստեղծվում։ QR-կոդերի շնորհիվ ընթերցողներին հնարավորություն է տրվում ծանոթանալ տարածաշրջանին, երկրին, հեղինակին վիրտուալ աշխարհում», – ասաց Դասագիրքը հրատարակած «Արմավ» հրատարակչության ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Արմեն Ավանեսյանը։

«Ուսումնասիրությունը բացառիկ է և արժեքավոր արվեստի մասին բազմակողմանի տեղեկատվությամբ, տվյալ ժամանակաշրջանների պատմական, քաղաքական իրադարձությունների ներկայացմամբ, արվեստով վերջինների արտացոլմամբ», – նշեց Երևանի պետական համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու Լուսինե Վարդանյանը։

«Այս հետաքրքիր, արդիական ձեռնարկը կայուն հիմք է մտածող, լայնահայաց սերունդներ կրթելու համար։ Աշխատության կարևոր արժանիքներից է նրա կարևոր դերն ազգային ինքնաճանաչման և ինքնարժևորման հարցում», – նշեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը։

«Սա եզակի դեպք է մեր արվեստի պատմության մեջ, և ես հույս ունեմ, որ մենք կունենանք նաև 3-րդ հատորը», – շեշտեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Հրավարդ Հակոբյանը։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի բոլոր մասնակիցներին և բանախոսներին՝ գնահատանքի համար։

«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը լույս է տեսել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031