Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը փոփոխություն է առաջարկել տեղական ինքնակառավարման մասին օրենքում. այն չի ստացել դրական եզրակացություն

Մայիս 17,2023 14:44

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի համաձայն՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա վարչապետին տրվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չգումարվելու դեպքում, տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի այդ խմբակցության կողմից առաջարկված խմբակցության անդամին:

«Մեր նպատակն է արձանագրել այն փաստը, որ պետությունը, Կառավարությունը, Ազգային ժողովը պարտավոր են հարգել կայացած ընտրությունների արդյունքում համայնքի բնակչության դիրքորոշումը»,- ընդգծել է նախաձեռնության համահեղինակ Արմենուհի Կյուրեղյանը եւ հավելել, որ քաղաքական պատասխանատվություն կրողը պետք է լինի այն քաղաքական ուժը, որին ամենաշատը վստահել է համայնքը:
Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող կարգավորումից, գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: Նախաձեռնության վերաբերյալ գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Չնվազեցնելով համայնքի բնակչության ընտրության արդյունքների կարեւորությունը՝ Կառավարության գնահատմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելիս առավել կարեւոր է նշանակման հարցում քաղաքական պատասխանատվություն ստանձնելը: Առաջարկվող տարբերակում այդ պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետը, սակայն պաշտոնակատարի նշանակումը կատարելու է խմբակցության առաջարկի հիման վրա: Այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն վերցնելը կկրի ձեւական բնույթ, քանի որ այն առաջացել է ոչ թե նշանակողի նախաձեռնությամբ, այլ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության գրավոր առաջարկով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանի, Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի եւ Արթուր Սարգսյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում:

Այն չի ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031