Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության տեսչական մարմինը նախատեսել է ստուգումներ իրականացնել 140 ուսումնական հաստատություններում

Մայիս 17,2023 13:36

Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում նշեց, որ իրենք իրենց առջեւ դրել են երեք հիմնական աշխատանքների կատարում, միաժամանակ իրականացնում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները եւ գործառույթները:

Երեք հիմնական աշխատանքներն են. ստուգաթերթերի վերանայում-լավարկումը, որոնց հիման վրա իրականացվում են ուսումնական հաստատություններում ստուգումները, ռիսկերի մեթոդաբանության վերանայում-լավարկումը եւ երրորդ, որ մեկնարկել են թվայնացման աշխատանքների շուրջ քննարկումները:

«Այս երեք խնդիրների լուծումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Սրանց արդյունքում ԿՏՄ-ն ակնկալում է սեփական գործառույթների իրականացման առավել բովանդակայնացում, ինչպես նաեւ մարդկային եւ նյութական ռեսուրսների խնայում, իսկ ռիսկերի մեթոդաբանության վերանայման շնորհիվ ոլորտի խոցելի կողմերի վերաբերյալ առավել հավաստի եւ ամբողջական տվյալների տիրապետում»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը:

Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել 140 ուսումնական հաստատություններում, որոնցից 120-ը դպրոցներ են, 9-ը՝ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ եւ 11-ը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

«Բնականաբար, տարվա ընթացքում ստուգումներ իրականացվում են նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, դիցուք, դիմում-բողոքների հիման, կամ պետական մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստուգումներ են իրականացվել 37 ուսումնական հաստատություններում: Այս պահին արդեն մշակվել են դրանցից 30-ում իրականացված ստուգման արդյունքները: Յոթ ուսումնական հաստատությունների արդյունքներ մշակման փուլում են եւ կներկայացվեն երկրորդ եռամսյակի ընթացքում: Արձանագրվել են օրենսդրության շուրջ 502 խախտումներ 30 ուսհաստատություններում»,-ասաց ԿՏՄ ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ իրականացվել են նաեւ գնահատման այլ գործողություններ, որոնց հիման վրա տրվել են ցուցումներ, արդյունքների մասին տեղյակ են պահվել ուսումնական հաստատությունների լիազոր մարմինները, ինչպես նաեւ ԿԳՄՍ-ն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031