ԿԽՄԿ-ն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը: «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ խնդիրը որոշակի ընթացակարգերի հստակեցման մեջ է։
«Մենք ինքներս ենք դադարեցրել այդ գործողությունները։ Այս պահին բոլոր որոշում կայացնողների հետ երկխոսություն է ընթանում` հստակեցնելու ընթացակարգերը, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործողությունները»,– նշեց Ամատունին և հույս հայտնեց, որ բոլոր գործընթացները շուտով կվերականգնվեն։
Ավելի ուշ «Ազատությունը» հաղորդեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է գործունեությունը Լաչինի միջանցքում եւ այսօր դեղորայք և բուժպարագաներ են տեղափոխվել Արցախ․ «Ապրիլի 29 -ից ի վեր կազմակերպությունը իր իսկ որոշմամբ դադարեցրել էր տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ հիմնավորելով, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո կողմերի հետ քննարկում են իրենց տեղաշարժի պայմանները։ ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը տեղեկացրեց՝ հիվանդների տեղափոխման կամ ընտանիքների միավորման հարցը դեռ բանակցային փուլում է»։