Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Պաշտպանության բանակի որպես սեփական ժողովրդի ինքնապաշտպանությունն իրականացնող ինստիտուտի գոյությունը կենսական անհրաժեշտություն է. Նելլի Բաղդասարյան

Մայիս 17,2023 11:50

ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ինքնապաշտպանական գործառույթը որպես ԱՀ ժողովրդի անվտանգության ապահովման սեփական երաշխիք.

  • Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիմքի վրա շարունակվում են ադրբեջանական քարոզչական-տեղեկատվական դաշտում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի/ ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը որպես «ահաբեկչական«  և «դիվերսանտական»  որակվել: Նպատակն է  լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ, այսպես կոչված, «հակաահաբեկչության հիմքով» էսկալացիաների հրահրումը:
  • Այս հիմքով 1991 թ. սկսած ԼՂՀ/ Արցախի Հանրապետության ժողովրդի բացառապես ինքնապաշտպանության գործառույթն իրականացրած տասնյակ հազարավոր Արցախի Հանրապետության  քաղաքացիներ ներկայացվում են որպես, այսպես կոչված, «ահաբեկիչներ»: Սա այն դեպքում, երբ ԼՂՀ  ԻՊՈՒ/ՊԲ բացառապես ինքնապաշտպանական նպատակներով գործունեությունը սկսած 1991 թ. , իսկ 1992 թ. կազմավորումը, ժամանակագրական առումով համընկնում է  Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի  ագրեսիայի ծավալմանը:
  • Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի որպես ինքնապաշտպանական ուժերի առկայության փաստը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ռևանշիստական ուժերի առկայություն, իսկ պաշտպանական ռազմական օբյեկտները  որպես Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող  օբյեկտներ,  հետևաբար  ներկա և պլանավորվող ագրեսիան փորձում է տեղավորել պրեվենտիվ/ կանխարգելիչ  ձևաչափի մեջ: Տեղեկատվական-քարոզչական գործիքակազմով Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ իր ձեռնարկած բոլոր քայլերը նախկինում, ներկայում և ապագայում պրեվենտիվության ձևաչափում են, «հետևաբար Ադրբեջանին սպառնացող վտանգների վնասազերծման նպատակ ունեն»: Մինչդեռ միջազգային իրավունքը ոչ միանշանակ է մոտենում նաև կանխարգելման տրամաբանությամբ ուժի կիրառմանը այլ պետությունների դեմ:
  • Այս առումով հատկանշական է մասնավորապես Ադրբեջանի ԶՈՒ կողմից 2022 թ. օգոստոսի 1-3-ն իրականացված «Հատուցում» ռազմագործողությունը, որն իրականացվել է վերջնագրային բովանդակությամբ հաղորդագրությունների ուղեկցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար դեմիլիտարիզացիայի պահանջով: Ուժի կիրառման, էսկալացիայի հետագա ծավալման սպառնալիքի տակ, ԱՀ ռազմական-պաշտպանական  օբյեկտներին հարվածելու սպառնալիքի ուժով 2022 թ. Ադրբեջանը հասել էր 2020 թ. եռակողմ հայտարարության հերթական  խախտմանը՝ Լաչինի միջանցքի ժամկետից մեկ տարի շուտ վերատեղակայմանը /հարկ է նշել, որ արձանագրված չէ «Հատուցում» ռազմագործողության ավարտը/:

ԼՂՀ ժողովուրդը ենթարկվելով արտաքին ագրեսիայի ինքնուրույն է իրականացրել իր պաշտպանությունը: Նման պայմաններում սեփական ժողովրդի ինքնապաշտպանությունը նրա անվիճարկելի իրավունքն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ինքնապաշտպանության իրավունքի կիրառմամբ պաշտպանել է նաև իր ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը: Այս իրավունքի իրացումը անուղղակի և ուղղակի ամրագրված է ՄԱԿ կանոնադրության հետևյալ հոդվածներում և ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բանաձևերում.

  • ՄԱԿ կանոնադրություն Հոդված 2/ կ. 4 «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
  • ՄԱԿ կանոնադրություն Հոդված 51 «Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին և, սույն Կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա՝ ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար»:
  • ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1970-ին ընդունած 2625 (XXV) բանաձևի «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որևէ բռնի գործողությունից, որը զրկում է ժողովուրդներին, որոնց մասին վերը նշված է սույն սկզբունքի շարադրանքում, նրանց ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից: Նման բռնի գործողությունների դեմ իրենց միջոցառումներում և դրանց դիմադրություն ցույց տալու գործում այդ ժողովուրդներն իրավունք ունեն իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման կարգով աջակցություն փնտրել և ստանալ` կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան»:
  • ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1974 թ. ընդունած 3314 բանաձև՝ «հաստատվում է պետությունների կողմից պարտավորությունը չկիրառել ուժ՝ ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից զրկելու նպատակով»:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Զինված ուժերի զինաթափման կամ լուծարման պահանջն անհիմն է.

2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի ռեժիմը կարգավորող միակ փաստաթղթում որևէ կետ չկա Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի զինաթափման կամ լուծարման մասին: Հատկանշական է, որ Ադրբեջանն այս խնդիրը լուծելու նպատակով Հայտարարության 4-րդ կետն է օգտագործում «4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Թե՛ մինչև 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան  պատերազմը և թե՛ դրանից հետո  Ադրբեջանը Արցախի Հանրապետության ՊԲ-ն դիտարկում էր և է  որպես ՀՀ-ից Արցախ տեղափոխած զինված ուժեր և  որակում է որպես «հայկական ապօրինի զինված կազմավորումներ»: Մինչդեռ թե՛ ՀՀ-ն և թե՛ ԱՀ-ն բազմիցս հատկանշել են ՀՀ առանձին քաղաքացիների  բացառապես կամավորության սկզբունքներով Արցախի Հանրապետության ինքնապաշտպանությանը մասնակցելու փաստը: Արցախի Հանրապետության ՊԲ-ն  ձևավորվել է 1991 թ. ձևավորված ինքնապաշտպանական կամավորական ջոկատներից և 1992 թ. վերածվել կանոնավոր բանակի՝ կազմված գերազանցապես ԼՂՀ քաղաքացիներից սեփական ժողովրդի անվտանգությունն Ադրբեջանի ագրեսիայից ապահովելու, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեմ և սեփական ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակներով:

Հատկանշական է, որ ըստ միջազգային պրակտիկայի միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ առաքելությունների կողմից խաղաղապահ առաքելություն իրականացվող պետություններում  խաղաղապահ ուժերին  զուգահեռ շարունակում են գործել պաշտպանական, զինված  ուժերը որպես անվտանգության սեփական երաշխիք:

ՌԴ «միայնակ» խաղաղապահության ներկայությունն արդեն իսկ փաստում է, որ կա Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության խնդիր: ՌԴ խաղաղապահությունը միջազգային մանդատ չունի, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում նման սցենար դեռևս չի նախանշվում: ՌԴ խաղաղապահությունը ներդրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմքով: Խաղաղապահության մասին մյուս փաստաթուղթը 2020 թ. նոյեմբերի 10-ի N 695 հրամանագիրն է «Указ президента Российской Федерации О мерах по поддержанию мира в Нагорном Карабахе»:

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի որպես սեփական ժողովրդի ինքնապաշտպանությունն իրականացնող ինստիտուտի գոյությունը կենսական անհրաժեշտություն է և սակարկման ենթակա չէ.

  • քանի որ ինքնապաշտպանական/զինված ուժերը յուրաքանչյուր ճանաչված/չճանաչված պետության պետական ինստիտուցիոնալ համակարգի առանցքային բաղադրիչն են,
  • քանի դեռ Արցախի Հանրապետության/ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման միջազգային մանդատ ունեցող ձևաչափ և երաշխիքներ չկան,
  • քանի դեռ Ադրբեջանը շարունակում է գործել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դիրքերից,

2020 թ. պատերազմից հետո տեղի է ունեցել շփման գծի աշխարհագրության փոփոխություն, երկարությունը ընդհանուր առմամբ կրկնապատկվել է, շփման գիծն անցնում է Արցախի Հանրապետության անմիջապես բնակավայրերի  մերձակայքով, միջդիրքային հեռավորությունը որոշ տեղերում հասնում է մի քանի տասնյակ մետրի, տվյալ դեպքում մարտական հերթապահության   գործառույթն իրականացվում է հենց տեղի բնակիչների կողմից: Չնայած ՌԴ խաղաղապահ առաքելության  առկայությանը Ադրբեջանի կողմից ԱՀ դեմ շարունակվում են էսկալացիաները, սադրիչ գործողությունները:  Այդ է պատճառը, որ 2022 թ. մարտի 25-ին ԱՀ Անվտանգության խորհրդի կողմից պաշտոնական գրությամբ դիմում էր հղվել  Ռուսաստանի նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես ՌԴ զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։ Հատկանշական է նաև, որ ԱՀ նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկում հանգամանորեն անդրադարձել է ԱՀ ինքնապաշտպանության իրավունքին, որպես ԱՀ անվտանգության սեփական երաշխիքի:

Այսպիսով,  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստանձնած միջնորդներին ի թիվս այլ խնդիրների պետք է մտահոգեն հատկապես հետևյալ խնդիրները.

/հակամարտությունը շարունակվում է, հակամարտող կողմերից մեկի՝ Ադրբեջանի սպառազինության ծավալները համալրվում են, հիմնականում հարձակողական զինատեսակներով, չեն գործում  սպառազինության ծավալների վերահսկման միջազգային մեխանիզմներ:

/բարձր ինտենսիվությամբ ընթանում է Ադրբեջանի ռազմականացման նոր փուլ. մասնավորապես Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված են քանի տասնյակ ռազմական օբյեկտներ և անձնակազմ,

/պարբերաբար իրականացվում են զորավարժություններ, հատկապես ադրբեջանական «Կոմանդո» հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներ, որտեղ հիմնականում բնակավայրերի ներսում պատերազմի վարման մարտավարական հմտություններ են զարգացվում:

Ստեղծված պայմաններում, Ադրբեջանի կողմից  շփման գծի գերռազմականացումը Արցախի Հանրապետության  ժողովրդի անվտանգությանը սպառնացող հանգամանք է, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար տեղեկատվական դաշտ նետվող Արցախի ապառազմականացման պահանջով վերջնագրային բովանդակությամբ նյութերը ադրբեջանական «Արցախն առանց հայերի»  պլանի բաղկացուցիչ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031