Լրահոս
Օրվա լրահոսը

Կործանարար ապատիայի և իշխանության ձեռքերը բաց թողնելու մասին

Մայիս 17,2023 11:41

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն, ըստ որի՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը 86,6 հազար քառ. կմ տարածքով, որը ներառում է նաև Արցախը, քննարկման թեմա դարձավ հայաստանյան փորձագիտական շրջանակներում: Փորձագիտական քննարկումներից զատ, սակայն, ժողովրդական զգալի ըմբոստության նշույլ կարծես չի երևում:

Պատկերացրեք, եթե պաշտոնական Երևանը տասը, յոթ կամ հինգ տարի առաջ Արցախը ճանաչեր Ադրբեջանի անբաժանելի մաս: Հասարակությունը ոտքի կելներ և, հաջող կամ անհաջող, բողոքի ցույցերի միջոցով կարտահայտեր իր դիմադրությունն այդ որոշմանը, որովհետև այն ո՛չ միայն վտանգավոր է և անհեռատես, այլ նաև հակասում է ազգային պատկերացումներին և երրորդ հանրապետության հիմնարար սկզբունքներին:

Ըստ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, բայց եթե երկրի ղեկավարի այս քայլին լայն ըմբոստություն չկա, ուրեմն հայ ժողովուրդը պատրա՞ստ է հանդուրժել Արցախի «ադրբեջանականացում»:

2021 թվականին Հայաստանի ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով ձևավորել է իշխանություն: Ժողովուրդը, սակայն, իր ձևավորած իշխանությանը պարտավոր է հսկել և պատասխանատվության կանչել: Իշխանությունն, իհարկե, իրեն Աստծու կողմից ընտրված է համարում, ինչով էլ արդարացնում է նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներից ակնհայտ շրջադարձը: Մյուս կողմից էլ, ժողովուրդը հանդուրժում է «Անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և նախկին ԼՂԻՄ տարածքի վերադարձը Արցախի վերահսկողության ներքո խոստացած իշխանության քայլերը վերը նշված նախընտրական խոստումներին դեմ: Ըստ էության, ժողովուրդն ընդունում է և խնդիր չի տեսնում այն հարցում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասում էր այլ բան, անում է այլ բան:

Քաղաքական և ազգային ապատիան ճակատագրական կարող է լինել հայ ժողովրդի համար: Առողջ, ժողովրդավար հասարակությունը մշտապես հսկողության մեջ է պահում իր ընտրած իշխանությանը: Հայաստանում այս հսկողությունը չկա, և եթե շատ շուտ այս հսկողությունը չհաստատվի, կարող է չափից ուշ լինել: Հայկական պետականությանը սպառնացող հանգամանքներն այսօր այնքան շատ են, որ բոլորիս համար առաջնայինը հենց այդ խնդիրների հարթումը պետք է լինի:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031