Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ո՞ր երկիրը պատժեց Ադրբեջանին 44-օրյայում ռազմական հանցագործությունների, տարեցներին գլխատելու, կանանց սպանելու եւ դիակապտելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 17,2023 11:27

Աշխարհը զինվում է, բայց փոխարենը մեզ խաղաղության պատրանքներով է ծածկում։ Ընդ որում՝ մեզ ստիպում է խաղաղության գնալ այնպիսի պետությունների հետ, որոնք իրենք իրականում խաղաղություն չեն ուզում եւ զինվելու ցուցանիշներով հետ չեն մնում առաջատար երկրներից (տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերից խոսել ենք)։

Ավելին՝ ստիպում է խաղաղության գնալ՝ ա) Թուրքիայի հետ, որ 44-օրյային աջակցել է Ադրբեջանին ամենաբարձր՝ առաջին դեմքի մակարդակով հավաստելով, թե ոչ միայն աջակցում, այլեւ մասնակցում է պատերազմին երիտթուրքերի 1915-ի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար, բ) Ադրբեջանի հետ, որ մտել է ՀՀ տարածք եւ զենքի ուժով սահմանազատման է գնում։ Արեւմուտքը զինվում է, բայց մեզ ստիպում է խաղաղվել, որովհետեւ դա բխում է մեր տարածաշրջանում հենց արեւմտյան շահից՝ թքած ունենալով, որ այդ շահից բխող թուրք-արեւմտյան ձեռքսեղմումը ոտնահարում է նույն Արեւմուտքի որդեգրած արժեքները։ Ի դեպ, խոսքը միայն Արեւմուտքի մասին չէ, մեզ կեղծ խաղաղության են մղում բոլոր կողմերը՝ ռուսական, ամերիկյան… Անկեղծ լինելու համար արձանագրենք՝ մեզ ստիպում են ու մղում են կործանման տանող խաղաղության հենց մեր իսկ թողտվությամբ։ Սրա աշխարհաքաղաքական պատճառներից էլ ենք խոսել։ Միանգամից ծագում է բնական պատասխանը՝ էհ, թույլ չտանք, որ ստիպեն։ Շատերը կասեն՝ այդ ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ։ Պատասխանը՝ այնպես, ինչպես թույլ չտվեցինք 90-ականներին։ Կհարցնեն՝ ինչպե՞ս, ուժ ու զենք ունե՞նք։ Պատասխանը՝ մենք 90-ականներին նույնիսկ բանակ չունեինք, Արցախյան շարժման սկզբում ամբողջը կամավորականների գործն էր։

Մյուսը հարցը կհետեւի՝ հիմա Թուրքիայի մասնակցության, արդիական զինտեխնիկայի առկայության եւ այլնի մասին։ Պատասխան հիշեցումը՝ 90-ականներին էլ Թուրքիայի գործոնը կար, մեր ունեցած զենքի համեմատ թշնամու ունեցածը կրկին արդիական էր, հավելյալ՝ ինչպես միշտ, թշնամու ներմուծած ահաբեկիչները։ Ոչինչ չի փոխվել՝ ե՛ւ թշնամին է անփոփոխ, ե՛ւ հայկական հարցը հօգուտ ոչ հայկականի լուծելու կողմնակից աշխարհը։ Մեր պատասխանը պետք է լինի ցույց տալը, որ մենք էլ ենք նույնը՝ մեր երկրի համար պայքարող ու կամային։ ԵՄ ռազմական ծախսերը 2014-ից ի վեր ավելացել են 30 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ բացելով EU-APR ֆորումը, որը պաշտոնապես նվիրված է կանաչ ներառական զարգացմանը, որին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին հրավիրել էին ասիական տարածաշրջանի երկրներից աջակցություն խնդրելու։ «2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական միացումից հետո ԵՄ ռազմական ծախսերն աճել են 30 տոկոսով,- նշել է Բորելը,- սակայն հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս միտումն ավելի ցայտուն է, նրանք իրենց ռազմական ծախսերն ավելացրել են 40 տոկոսով 2013 թ. համեմատ»։

Բորելը մեկ այլ բան էլ է ասել այս համաժողովին. «Ցավոք, աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրը շարունակում է վատթարանալ, հիմնական խաղացողների միջեւ վստահությունը նվազում է, միջազգային նորմերի նկատմամբ հարգանքը նվազում է, ուժն ու սպառնալիքները գնալով ավելի մեծ դեր են խաղում»։ Հիմա ինչպես չասես՝ ուժն ու սպառնալիքները գնալով ավելի մեծ դեր են խաղում, որովհետեւ նույն այդ ուժն ու սպառնալիքները կիրառողին իրապես չեք պատժում։ Երբ պետք է, պատժի լեզուն գիտի Արեւմուտքը՝ պատժամիջոցների կիրառման, բանկային հաշիվների արգելափակման, հակառակորդ կողմին զինամթերքի մատակարարման եւ այլ ձեւերով։ Երբ պետք չի, լեզուն կորցնում է բերանում, թե մեկ-մեկ էլ պտտվում է՝ տխմարագույն կոչերով տեքստերի համար։

Այդ ո՞ր երկիրը պատժեց Ադրբեջանին 44-օրյայի ընթացքում ռազմական հանցագործությունների, տարեցներին գլխատելու, կանանց սպանելու եւ դիակապտելու, 44-օրյայից հետո Արցախի կյանքի ճանապարհը փակելու, ՀՀ տարածք մտնելու, Երեւան հասնելու սպառնալիքների համար։ Ո՛չ մի երկիր։ Ղրիմի հարցը տեսնում են, որովհետեւ իրենց պետք է, իրենց հակառակվող կողմի հանդեպ պատժամիջոցները կիրառում են, բայց ոչ Հայաստանն են նկատում, ոչ էլ Արցախը, որովհետեւ պետք չէ։ Պետք չէ, որովհետեւ մենք ենք ցույց տալիս, որ պետք չէ. թղթե շերեփն առել ենք ձեռքներս ու դռներ ենք… չէ, իրականում ավելի վատն այն է, որ նույնիսկ արդեն դռներ չենք էլ ծեծում։ Այնպիսի արագ տեմպերով ենք դեպի մեզ գցված, իբր, խաղաղության թակարդն ընկնում, որ անտեսում ենք մեր մարդկային ու տարածքային կորուստների ահռելի մեծ թվերը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031