Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր՝ բացասական փուլ է սպասվում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»․ Եդվարդ Տանձիկյան

Մայիս 17,2023 10:55

«Նոր՝ բացասական փուլ է սպասվում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկայիս փուլը, այսպես պատասխանեց «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։

Նա նկատեց՝ արդեն շուրջ մեկ տարի է` ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները չեն հանդիպել։ Ըստ նրա՝ հարաբերությունների լավացման հարցում պահը բաց թողեցինք․ «Երկրաշարժից հետո ՀՀ-ից խմբեր եկան, օգնություն եկավ, լավ առիթ կար, որը բաց թողեցինք։ Անշուշտ, ուզում եմ լավատես լինել, բայց նորից պետք է սպասենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Հավանաբար Էրդողանը նորից կընտրվի։ Այդպես է երևում։ Կատարյալ բան ասել չենք կարող, բայց եթե նա նորից նախագահ ընտրվի, երկու ամիս հետո ո՞ւր կլինենք՝ չգիտեմ։ Բայց որպես թուրքահայեր կուզենք, որ այս հարաբերությունները լավ լինեն, սահմանը բացվի և Թուրքիա-Հայաստան նոր երկխոսություն լինի, սակայն դժվար է երևում»։

Հարցին՝ Նեմեսիսի արձանի հանգամանքը մատնանշելը ընդամենը պատճա՞ռ էր Թուրքիայի իշխանությունների համար, թե՞ իրականում այդ արձանը ճիշտ ժամանակին չտեղադրվեց, «Ակօս»-ի գլխավոր խմբագիրը պատասխանեց․ «Այդ Նեմեսիսի քայլը կարծում եմ այս գործընթացի վրա լավ ազդեցություն ունենալ չի կարող։ Արդեն շատ լավ չէ, քանի որ այո, ասում էին՝ սահմանը պիտի բացվի երրորդ երկրների համար, բայց արդեն Թուրքիայում ինչ-որ բան կար։ Այսինքն՝ սպասվում էր սա։ Զանգեզուրի հետ կապվել էր այս գործընթացը։ Այսինքն՝ երբ Զանգեզուրը կբացվի և երբ Թուրքիան Հայաստանը և Ադրբեջանը նույն դաշտի վրա կլինեն, այնուհետև այս ընթացքը կզարգանա։ Այնպես որ, ես մեծ զարգացում չէի սպասում այս ընթացքի վերաբերյալ։ Հետևաբար` սա թուրքերի ձեռքին նոր հաղթաթուղթ եղավ, և կարծում եմ՝ այս գործընթացն առաջ չի գնա։ Հայաստանն էլ հուշարձանը չի հեռացնի, Թուրքիան էլ նոր քայլ չի անի, քանի որ այս ազգայնական և ազգայնամոլ մթնոլորտում նոր քայլ չի ուզի անել»։

Հարցին՝ հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ տեսնում եք Քըլըչդարօղլուի՞, թե՞ Էրդողանի նախագահության օրոք, Եդվարդ Տանձիկյանը պատասխանեց․ «Մեծ փոփոխություններ չեմ սպասում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»։

Հարցին՝ Թուրքիայի խորհրդարանում այս ընտրություններից հետո հայազգի պատգամավորներ կա՞ն, Եդվարդ Տանձիկյանը պատասխանեց․ «Մեկ հայազգի պատգամավոր ունենք՝ Էրդողանի կուսակցությունով խորհրդարան անցած։ Այդ տեսակետից էլ կարևոր զարգացում չեղավ։ 2015-ին երեք տարբեր ուղղությամբ պատգամավորներ էին ընտրվել։ Հետևաբար` հայ պատգամավորի խնդիր ունենք։ Եթե երեք, չորս հինգ պատգամավոր ունենայինք, պոլսահայերը ավելի հանդարտ կզգային իրենց»։

Եդվարդ Տանձիկյանը մեծ փոփոխություններ չի սպասում Թուրքիայում ընտրությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում վարվող քաղաքականության առումով։ Նա մանրամասնեց․ «Նախագահի ընտրությունները երկրորդ փուլ են անցել։ Երկրորդ փուլում Քըլըչդարօղլուի կողմնակիցները մտահոգության մեջ են, քանի որ հավատում էին, որ այս անգամ կստացվի։ Վերջին տասը տարին այնպես է անցել, որ արդեն Քեմալ Քըլըչդարօղլուն՝ մայր ընդդիմադիր կուսակցությունից կարծում էր՝ այս անգամ պետք է հաջողեին, բայց նորից չեղավ։ Սա մտահոգություն է ստեղծում Քըլըչդարօղլուի համար և ընդդիմադիր շրջանակներում։ Արդեն ազգայնամոլ շրջանակները խորհրդարանի մեծամասնությունը շահել են, ուստի թուրք-հայկական հարաբերություններից մեծ փոփոխություններ ակնկալել չեմ կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստամբուլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031