Ադրբեջանն իր տխրահռչակ առաջնորդի անմիջական մասնակցությամբ Արցախի բռնազավթված բնակավայրերում ոչնչացնում է հայկական հազարամյակների հոգեւոր-մշակութային ժառանգությունը, իսկ Եվրոպայում կարծես թե համոզված են, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է արցախցիների հետ քննարկել վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերը, էլ չենք խոսում ինքնորոշման կայացված ակտի դիտարկման մասին: Օրերս Ալիեւը բռնազավթված Հադրութում իր ներկայությամբ արձանագրել է եւս մեկ աղաղակող վանդալիզմի եւ հայատյացության դրսեւորման փաստ՝ 1932 թ. կառուցված Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ոչնչացումը:
Հիշեցնենք, որ գրադարանում պահվում էր մոտ 37 հազար օրինակ գիրք, եւ այն հադրութցիների կրթամշակութային հիմնական կենտրոնն էր: Հողին հավասարեցված գրադարանի շենքի եւ հայերի հարակից տների տեղում Ադրբեջանը կառուցում է վարչական կենտրոն: Այդ նույն օրերին Բրյուսելից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ազդարարում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջնորդը համաձայնել է միջազգային հանրության համար թափանցիկ կերպով երկխոսություն վարել արցախցիների հետ՝ նրանց իրավունքների եւ անվտանգության խնդիրները լուծելու նպատակով: Այստեղ ավելորդ չէ ամրագրելը, որ նման դրական կարծիք եւ սպասումներ է արտահայտվում արցախյան հակամարտության բուն պատճառի՝ ազգերի ինքնորոշման կայացած ակտի խնդրի քննարկման վերաբերյալ, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն այդ պահին իրականացնում է Արցախի ժողովրդի տարրական իրավունքների ոտնահարման աղաղակող գործողություններ՝ հենց հողի վրա, նաեւ շրջափակման միջոցով:
Բաքվի ղեկավարությունը տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում բանակցային սեղանի շուրջ զիջումների չէր գնում Արցախի կարգավիճակի հարցում, հետեւաբար, այսօր միամտություն կլինի սպասելը, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության ժամանակ նա հաշվի կնստի արցախցիների կարծիքի հետ: Այս առումով որոշակի դրական ակնկալիքներ ունենալու համար առաջնային անհրաժեշտություն է միջազգային որեւէ մեխանիզմի ներքո դրանց անցկացումը: Թերեւս, սա էր այն հիմնական մտահոգությունը, որն արտահայտվում էր բրյուսելյան հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի կատարած գրառման վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Եվրոպական խորհրդի նախագահի գրառման մեջ արցախցիները տեսան իրենց իրավունքների ստորադասման փաստ եւ արձանագրում են, որ այն չի բխում եվրոպական՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար արժեքներից: ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է, որ հանդիպման արդյունքներով ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքի բացման եւ այդ հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման՝ Ադրբեջանին կատարել պարտադրելու վերաբերյալ: Բաքուն նույնիսկ ցինիկաբար է արտահայտվում միջազգային բարձրագույն դատարանի որոշումները կատարելու՝ իրեն ուղղված հորդորների մասին: Օրերս նման կոչով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, անցնելով դիվանագիտական եւ բարոյական բոլոր նորմերը, հայտարարեց, թե ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան խառնվում է իր երկրի ներքին գործերին: Հետեւաբար, տարակուսելի է, թե Բաքուն ինչպես է հաշվի նստելու Արցախի ժողովրդի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ իրավունքի միջազգային հիմնարար նորմերի պահպանման վերաբերյալ աշխարհից, մեծ հավանականությամբ, հնչելիք կոչերին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: