Ինչո՞վ ենք մենք` հայերս, տարբերվում հարեւան ագրեսոր ազգերից: Նրանք տասնամյակներով չեն հաշտվում իրենց կորուստների հետ` ամեն ինչ անում են, որ կորցրած հողերը հետ բերեն, մեզ ընդամենը մի քանի օր է հարկավոր, որ հաշտվենք մեր պապենական հողերը կորցնելու մտքի հետ եւ լռելյայն տանենք մեր խաչը: Նրանք ամեն օր նոր բան են մտածում մեզ` այսքան խոցված ու վիրավոր վիճակում, նոր վերքեր պատճառելու համար, մենք հլու- հնազանդ հետեւում ենք, թե ինչպես է մեկ անձ պայմանավորվում մեր փոխարեն եւ զիջում այն, ինչ պահանջում է չափի զգացումը կորցրած թշնամին:
Մենք չկարողացանք ո՛չ մի խումբ բնապահպաններին վռնդել Լաչինի միջանցքից, ո՛չ Գորիս-Կապան մայրուղում հաստատված ճանապարհի «հսկիչներին» մի թթու խոսք ասել, ո՛չ Սեւ լճում, Ջերմուկում ծվարած հրոսակներին վռնդել մեր հողից: Ո՛չ Հադրութի ու Շուշիի հարց բարձրացրինք, ո՛չ Արցախի ինքնորոշման: Ո՛չ միջազգային ատյաններում ու բանակցային գործընթացում ճկուն եւ հմուտ եղանք: Պատերազմից հետո այս երկու տարվա ընթացքում չկարողացանք որեւէ լեգիտիմ պահանջ առաջ քաշել: Օրինակ՝ պահանջել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի, կամ գոնե նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը պահպանվեն:
Խեղճ, ողորմելի կեցվածքով` հոգով պարտվածի եւ մտքով աղքատի կարգավիճակում, միայն խաղաղություն մուրողի, իր ճակատագրի հետ հաշտվածի նման շարունակ էթնիկ զտումներից ու ցեղասպանության վտանգից ենք խոսում աշխարհին հասկացնելով, որ մեզ միայն ֆիզիկական գոյության երաշխիք տա: Պատրաստ ենք զիջել, խոնարհվել, նվաստանալ, միայն թե մեզ չկոտորեն: Ու բանը հասել է այնտեղ, որ խորհրդային ամենավատ ժամանակների եւ ադրբեջանցիների կողմից գնված Գուգլ քարտեզի` GPS-ի գծած սահմաններում 29 հազար 800 ք/կմ-ի ճանաչումն արդեն մեր հաղթանակն ենք համարում:
Արմինե Օհանյան