Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր կա, կա խնդիր

Մայիս 17,2023 10:00

Հայաստանի իշխանությունը` հանձին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հերթական անգամ բողոքել է Ռուսաստանից: Պաշտոնյայի խոսքերով՝ մենք չենք ստանում այն զենքը, որը պատվիրել ենք եւ որի համար վճարել ենք Ռուսաստանին: Գրիգորյանը նաեւ հայտնել է, որ Հայաստանի ղեկավար շրջանակներում եղել են քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, եւ դա բնական արձագանք է:

Չեմ կասկածում, որ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտնած տեղեկությունները ճիշտ են: Բայց ես առաջարկում եմ մտածել՝ արդյոք այդ բողոքներն օգնո՞ւմ են մեր խնդիրների լուծմանը, թե՞ խանգարում են: Արդյոք պարոն Գրիգորյանը սպասո՞ւմ է, որ ռուսները կասեն՝ «մարդը ճիշտ բաներ է խոսում՝ եկեք ուղղենք մեր սխալը եւ տանք հայերին իրենց պահանջած զենքը: Համ էլ եկեք ՀԱՊԿ-ի շրջանակներում կատարենք մեր պարտականությունները եւ պաշտպանենք Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից»: Վստահաբար, հայ պաշտոնյան նման արձագանքի չի սպասում:

Ո՞րն է, ուրեմն, նման բողոքների նպատակը: Ո՞ւմ ենք բողոքում: Կարող եմ միայն ենթադրել՝ բողոքների հասցեատերն Արեւմուտքն է. տեսե՛ք, բարի, ժողովրդավար եւ քաղաքակիրթ քեռիներ, ձեր՝ նույնքան ժողովրդավար փոքր եղբայրներին նեղացնում են՝ մի ճար արեք: Բայց որքան էլ Արեւմուտքի աչքերում «ժողովրդավարության գերազանցիկներ» լինենք, որքան էլ Ռուսաստանն ու Արեւմուտքն իրար թշնամաբար վերաբերվեն, Ադրբեջանի դեմ Եվրոպան եւ Արեւմուտքը որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկի: Մասնավորապես, իմաստ չկա այնտեղից զենք սպասելու: Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, այո, կարող են այդ առումով մեր գործընկերը լինել: Սակայն այդ երկրների վրա չեն ազդի մեր բողոքները Ռուսաստանից:

Բայց Ռուսաստանի հետ նույնպես պետք է աշխատել: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այդ աշխատանքը չի կարող լինել 100 տոկոսով հրապարակային եւ «պաշտոնական»: Ինչպես եւ այլ խոշոր պետությունների, ասենք, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ, աշխատանքի կեսը պետք է լինի ապարատային, կուլիսային, որի ընթացքում Հայաստանի (կամ, ավելի լայն իմաստով, հայերի) տարբեր շրջանակներ պետք է կապեր ունենան, ինչպես ընդունված է ասել, «Կրեմլի տարբեր աշտարակների հետ»: Համենայնդեպս, մամուլի հրապարակումները կամ հարցազրույցներն այդ «աշտարակների» վրա չեն ազդում՝ դրական առումով, գուցե նույնիսկ՝ հակառակը:

Եթե մինչեւ 2018 թվականը ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ստացվում էր, իսկ հիմա չի ստացվում, ուրեմն, կա խնդիր: Խնդիր կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Իմ կարծիքով, ռազմական համագործակցությունն այնքան խորն է ու բազմակողմանի, որ անհնար է դրա որակի մասին դատել 200 միլիոնի մատակարարումների բացակայությամբ։ Չափազանց խորը ինտեգրացիա՝ սպառազինության, հակաօդային պաշտպանության, կապի համակարգերի և այլն, և այլն, էլ չեմ խոսում սահմանների պաշտպանության ու ռազմաբազայի մասին։ Այս ֆոնին չմարված
    պայմանագրի գումարը ծիծաղելի է թվում։ Բացի այդ, օրինակ, կործանիչների մատակարարումը 2019թ դեկտեմբերին ակնհայտորեն ավելի ուշ է, քան այսպես կոչված «մինչև 2018 թվականը»։
    ՌԴ գործարանները չեն կարող կատարել ներկայիս պատվերները, էլ չեմ խոսում արտահանման մասին։ Եվ, վերջապես, առաքումները, օրինակ, Իրան, շատ ավելի կարևոր են ՌԴ-ի համար, քան մեր բոլոր տեղական խնդիրները, ինչը, նրանց կարծիքով, կարելի է լուծել դրոշի սոսկ խորհրդանշական ցուցադրությամբ ու հեռախոսային խոսակցություններով։ Մեզ թվում է, թե աշխարհը պտտվում է մեր շուրջը, բայց դա միայն թվում է:

  2. Պարոն Աբրահամյան, խնդրում եմ առիթի դեպքում ԱԽՔ ին հարց տվեք։
    Իսկ դու ով ես ընդանրապես տղա ջան, որ երկրի համար ճակատագրական հարցեր լուծես։Արցախի հարցով բանակցություն ես վարում, զենքի հարց։
    Չես կարծում որ Արցախի հարցով բանակցող լինելու իրավունքը պետքա վաստակել կյանքով անցած ճանապարհով։

    Արմեն Գրիգորյանը պիտի որպես շարքային զինվոր կռվեր պաշտպաներ Շուշին։
    Այնինչ իր նմանները երկիր են ղեկավարում դրա համարել երկիրը էս օրինա։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031