Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են թրթռում կոպերը

Մայիս 17,2023 09:30

Թեև աշխարհի տարբեր երկրներում կոպերի թրթռոցի հետ կապված տարբեր սնահավատություններ կան, բժշկության մեջ կոպերի թրթռոցը հիմնականում բնորոշվում է որպես կոպերի մկանների սպազմ կամ շարժում, որը մարդը չի կարող կառավարել։ Այն սովորաբար անցավ և ընդհանուր առմամբ անվնաս երևույթ է, սակայն կարող է երբեմն տհաճություն պատճառել մարդուն՝ տևելով մի քանի րոպե և ավելի, որոշ դեպքերում էլ հուշելով լուրջ հիվանդությունների մասին։

Ինչն է առաջացնում կոպերի թրթռոց

Պարզ ասած՝ կոպերի թրթռոցը կոպերի կրկնվող, անվերահսկելի մկանային կծկումներն են, և Medical News Today-ի տվյալներով՝ կոպի մեկանգամյա թրթռոցը կարող է առաջանալ գլխուղեղի էլեկտրական ակտիվության պատճառով, որն «արթնացնում է» նյարդային բջիջներին մկաններին ազդակներ հղելու համար, ինչն էլ կծկումների է հանգեցնում։

Սակայն եթե թրթռոցը տևում է մի քանի րոպեից մի քանի օր, ապա պատճառ կարող է լինել մկանների հոգնածությունը կամ գերխթանումը, որոնց առաջացումը կապվում է հետևյալ գործոնների հետ՝

  • Սթրես,
  • կոֆեինի չարաշահում,
  • քնի խանգարումներ կամ քնի անբավարարություն,
  • աչքերի չորություն։

Կոպերի թրթռոց առաջացնող այլ հնարավոր պատճառներն ու գործոններն են՝

  • Ալկոհոլի չարաշահումը,
  • կոպերի մակերևույթի կամ եղջերաթաղանթի գրգռումը,
  • ծխելը,
  • վառ լույսի ազդեցությունը,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • հոգնածությունը,
  • քամու ազդեցությունը,
  • գլխապտույտը,
  • որոշ դեղամիջոցները։

Կոպերի թրթռոցը կարող է նյարդայնացնող լինել, սակայն մեծամասամբ այն անվնաս ու անցավ է և հիմնականում անցնում է ինքն իրեն՝ առանց բժշկական որևէ միջամտության։ Սակայն լինում են դեպքեր, երբ կոպերի թրթռոցը, դրսևորվելով խրոնիկ ու կայուն կծկումներով, կարող է լինել հիվանդության ախտանշան։

Օրինակներից մեկը բարորակ էսենցիալ բլեֆարոսպազմն է, որը սովորաբար սկսվում է երկու աչքերի հաճախակի թարթումով։ Այս վիճակը կարող է հանգեցնել կոպերի փակման՝ լրջորեն ազդելով մարդու կենսագործունեության վրա։ Բլեֆարոսպազմն ավելի տարածված է կանանց շրջանում։ Այն ժամանակի ընթացքում կարող է սրվել՝ առաջացնելով տեսողության խանգարումներ, դիմային ջղակծկումներ, գերզգայնություն լույսի նկատմամբ։ Ահա թե ինչու կոպերի խրոնիկական թրթռոցը ակնաբույժին դիմելու ցուցում է։

Ինչպես դադարեցնել կոպերի թրթռոցը

Իհարկե, ամենարդյունավետ միջոցը նախ ջղակծկումների առաջացման պատճառները պարզելն է, իսկ ընդհանուր առմամբ կարող են նպաստել հետևյալ քայլերը․

  • Նվազեցնել կոֆեինի օգտագործումը․ փորձեք որոշ ժամանակով կրճատել կամ բացառել կոֆեին պարունակող մթերքների՝ սուրճի, թեյի, շոկոլադի օգտագործումը՝ հասկանալու համար դրանից հետո արդյո՞ք շարունակվում է այդ վիճակը։
  • Հրաժարվել ալկոհոլից։
  • Քնել 7-9 ժամ՝ խուսափելով քնելուց առաջ տեխնիկական միջոցների օգտագործումից։
  • Խոնավացնել աչքերը։
  • Բավականաչափ հեղուկ օգտագործել։
  • Կան որոշ տվյալներ, որ կոպերի մկանների ջղակծկումների պատճառ կարող է լինել մագնեզիումի անբավարարությունը, ուստի լավ տարբերակ է սննդակարգը մագնեզիումով հարուստ մթերքներով համալրելը։

Վարժություններ, որոնք կօգնեն ազատվել կոպերի թրթռոցից

  • Մոտ 30 վայրկյան միջնամատով թեթևակի մերսեք կոպերը շրջանաձև շարժումներով։ Դա կխթանի արյան շրջանառությունը, կամրացնի աչքերի մկանները։
  • Փորձեք ուժեղ թարթել աչքերը՝ սկզբից ուժգին փակելով աչքերը, հետո լայն բացելով դրանք։ Շարունակեք մինչև արցունքների հայտնվելը․ այդ մեթոդը ոչ միայն կխոնավացնի աչքերը, այլև կամրացնի դիմային մկանները։ Սակայն եթե այս վարժության ժամանակ նկատում եք, որ թրթռոցն ավելի է շատանում կամ ցավային զգացողություններ են առաջանում, ապա դադարեցրեք այն։
  • Կկոցեք աչքերը՝ մեկ րոպեի ընթացքում փորձելով սեղմել կոպերն ու թուլացնել՝ առանց աչքերը բացելու։ Կրկնեք երեք անգամ՝ աչքերը բացելուց առաջ։ Այդ վարժությունը ամրացնում է աչքերի մկաններն ու ավելացնում արցունքարտադրությունը։

Երբ դիմել բժշկի

Ինչպես նշվեց, կոպերի ջղակծկումները երբեմն կարող են հուշել նյարդաբանական, գլխուղեղի հետ կապված լուրջ խանգարումների մասին, որոնք են՝

  • Պարկինսոնի հիվանդություն,
  • գլխուղեղի վնասվածքներ,
  • ցրված սկլերոզ,
  • Բելի կամ դիմային թուլություն (պարալիզ),
  • Տուրետի համախտանիշ,
  • դիստոնիա և այլն։

Դիմեք բժշկի, եթե նկատում եք, որ կոպերը շարունակաբար թրթռում են մեկ շաբաթ և ավելի, ինչպես նաև առկա են հետևյալ ուղեկցող ախտանշանները՝

  • Վերին կոպի կախվածություն,
  • աչքերի կարմրություն և այտուցվածություն,
  • անսովոր արտադրություն աչքերից,
  • երբ կոպերն ամբողջությամբ փակվում են՝ թրթռալիս,
  • ջղակծկումներ դեմքի այլ հատվածներում։

Ծանուցում․ նյութը տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031