Հարցազրույց Վաղարշապատի համայնքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանի հետ
Գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ բացարձակ հանճար Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներից հատկապես մեկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագիծը, որն առաջին անգամ կայացավ 2022թ. ապրիլին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, պրեմիերային հաջորդող երեւանյան մի քանի բեմելներից հետո ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում։ Վերջերս էլ նախագիծը հյուրընկալվել էր Վաղարշապատում։ Կոմպոզիցիայի հեղինակն է ռեժիսոր Արամ Սուքիասյանը։ Ընդգրկված են Քրիստինա Ոսկանյանի ղեկավարած Երեւանի կամերային երգչախումբը, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը եւ երգիչ Տիգրան Մելքոնյանը։ Երաժշտա-թատերական ներկայացման դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը։
– Հարգարժան Լիլիթ, Չարենցին նվիրված երաժշտա-թատերական ներկայացմամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այցը Վաղարշապատ ո՞ւմ նախաձեռնությունն էր։
– Ներկայացումը Վաղարշապատում դիտելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Վաղարշապատի համայնքապետարանը դեռեւս 2022թ. նոյեմբերին, սակայն տարաբնույթ խնդիրների պատճառով հնարավոր չեղավ այն իրականացնել։ Այս տարվա ապրիլին այդ առաջարկով հանդես եկավ ֆիլհարմոնիկը, ինչը սիրով ու ոգեւորությամբ ընդունվեց մեր կողմից։ Ի վերջո հնարավոր եղավ մայիսի 10-ին Չարենցին նվիրված երաժշտա-թատերական ներկայացումը բեմադրել Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։
Կարդացեք նաև
– Կուզեինք իմանալ՝ տպավորություններով կիսվե՞լ է հանդիսատեսը ձեզ հետ, թեեւ որոշ կարծիքներ անձամբ ենք լսել։
– Ներկայացումն անասելի ոգեւորություն եւ հիացմունք է արթնացրել քաղաքում։ Նշեմ, որ տոմսերը արագ են սպառվել, ինչն արդեն խոսում է մեր հանդիսատեսի՝ սպասելի եւ ցանկալի ներկայացում Վաղարշապատում դիտելու ցանկության մասին։ Ընդ որում, հանդիսատեսը մեծ բավականությամբ, ոգեւորությամբ ու հուզմունքով բարձրաձայնեց, որ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին մեր քաղաքում տեսնելն ու ունկնդրելը ուղղակի հեղաշրջում է Վաղարշապատի մշակութային կյանքում։
– Մեր դիտարկմամբ՝ մայրաքաղաքի տարբեր մշակութային կոլեկտիվներ կարծես ավելի հաճախ ելույթներ են ունենում Գյումրիում, Վանաձորում, անգամ Կապանում… ինչը չենք ասի Երեւանին «կպած» Վաղարշապատի դեպքում։ Կներկայացնե՞ք մշակութային անցուդարձը ձեզ մոտ։
– Հարցի առնչությամբ նախ ներկայացնեմ իմ անձնական տեսակետը. Էջմիածինը երբեք ըստ արժանվույն չի գնահատվել իր մշակութային ռեսուրսով, քաղաքի դիրքով, հոգեւոր մայրաքաղաք հանդիսանալու հանգամանքով։ Անդրադառնալով ձեր դիտարկմանը, ասեմ, որ անցուդարձը Վաղարշապատում բավականին ակտիվ է։ Համայնքապետարանը համագործակցում է մայրաքաղաքային թատերական հաստատությունների հետ, ինչի արդյունքում տասնյակ ներկայացումներ են բեմադրվել Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Անգամ բացօթյա ներկայացում ենք իրականացրել Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի բակում։ Գրեթե ամեն շաբաթ այստեղ տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ՝ երաժշտական, թատերական, պարային, ասմունքի եւ այլն։ Քաղաքի մշակութային կյանքի վերելքի անխոս վկան է նաեւ համայնքապետարանի կողմից չորրորդ անգամ իրականացվող «Փոքրիկ քայլ» երաժշտական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որի մասնակիցների թիվն արդեն մոտենում է 2000-ի, աշխարհագրությունն էլ ընդգրկում է ողջ հանրապետությունը, Արցախը։ Իսկ այս տարի ունենք նաեւ առաջին մասնակիցը Ռուսաստանի Դաշնությունից։ Այս տարի մրցույթը անցկացվում է նաեւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայտերի փուլն արդեն ավարտվել է, մեկնարկը կտրվի հունիսի 1-ին։ Մի բան էլ. այս մրցույթը համապետական դառնալուց հետո իր առաջին խոստումնալի քայլերն է անում միջազգային դառնալու ճանապարհին։
– Կթվարկե՞ք Վաղարշապատի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կոլեկտիվները։
– Հավանաբար նկատի ունեք համայնքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առեւտրային կազմակերպությունները։ Դրանք 18-ն են։ Սկսեմ թանգարաններից. Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Պատմազգագրական թանգարան, Մակար Եկմալյանի անվան թիվ 1, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2, Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցներ, Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, Կոմիտասի անվան մշակույթի պալատ եւ այլն։ Ընդ որում, մշակույթի պալատում գործում են պարային ու երգի-պարի անսամբլներ, ասմունքի ու դերասանական արվեստի խմբակներ։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ ֆիլհարմոնիկի «Չարենցը» Վաղարշապատի մշակույթի պալատում։
«Առավոտ» օրաթերթ
16.05.2023