Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենուրեք ես սեր եմ փնտրել, որ հեշտ ապրեմ»

Մայիս 17,2023 12:30

Լեւոն Ջավախյանի «Ետ արի» գիրքը ինչ-որ տեղ մեր օրերի խրոնիկան է՝ սկսած 2018-ից: Դաժան էին հայ ժողովրդի համար այս տարիները. հավատ, արագընթաց հիասթափություններ, անպատկերացնելի ու անթույլատրելի պառակտում, համավարակ, ծանր պատերազմ, սարսափելի պարտություն, անքանակ զոհեր, անասելի ցավ, անվերջանալի ցույցեր եւ վերջապես քաղաքական ճգնաժամ… ու ոչ մի լուսավոր կետ:

Լ. Ջավախյանի գիրքը յուրատեսակ անդրադարձն է այս ամենին՝ իր ոճով, իր մոտեցումներով, իրեն հատուկ բառապաշարով ու եզրահանգումներով:

Գիրքը կազմված է վերջին տարիներին գրված առանձին պատմվածքներից, սակայն իրականում այն մի ամբողջություն է, պարզապես առանձին վերնագրերով։ Ես գրքից արված մեջբերումների մոտ նշում եմ գրվածքի ամսաթիվն ու տարեթիվը, որ իրադարձությունների, հետեւաբար նաեւ մտքերի ընթացքն ավելի հստակ երեւա ու պատկերն առավել ամբողջական դառնա:


Հեղինակը գրում է. «Նիկոլն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի մոտ բարեկամս է: Եվ եթե հարկ լինի, ապա առաջին քարը նրա վրա ես եմ գցելու: Եվ այդ քարը լինելու է նրա հարստությունը» (07.06.2018թ.):

Գուցե սա է մեխը, որ չի հասկացել ոչ մի իշխանություն, որ միջին խավը, մտավորականը պետք է հենման կետ լինի իր համար, ճշմարտությունն ասողը, քննադատողն ու սխալն ի ցույց դնողը, ասել է թե՝ յուրատեսակ խորհրդատուն… ու նա չպետք է անմիջապես թշնամի դառնա ու հալածվի, այլ մտորելու տեղիք տա, որովհետեւ ազգի համար գաղափարը կերտողը նա է, դասագիրք ստեղծողը նա է, կրթողն ու դաստիարակողը նա է:

«Երկրի գլուխը որբի գլուխ չի, որ ով ասես դալլաքություն սովորի…»,- գրում է Ջավախյանը: Բայց, ցավոք, ի հեճուկս միամիտ սպասումների՝ ղեկավար պաշտոններ ստացան մարդիկ, որոնք փորձ չունեին, համապատասխան կրթություն չունեին… Ու Ջավախյան գրողը, հավատարիմ իր խոստմանը, քարը գցեց. «Ով դասարան անգամ չի կարող ղեկավարել, հիմա մի ողջ բնագավառ է ղեկավարում… Պաշտոնը սոսկ աթոռ չի, որ տակիդ ամուր պահես: Պաշտոնը գործունեության լայն հնարավորություն է» (07.06.2018թ.):

Ինչն է գրավում առաջին հերթին Լեւոն Ջավախյանի գրվածքում առհասարակ՝ անչափ բնական պատումը, որն իր մեջ սուտ ու սարքովի ոչ մի դրվագ չունի. դա գրելու ձեւ է, մտածողություն, հաղոդակցվելու ուրույն ճանապարհ, սեփական ոճ, անսեթեւեթ ու անսքող: Գրքի սկզբնամասում՝ թե նկարագրություններում եւ թե մեկնաբանություններում ցավ ու մտահոգություն շատ կա, բայց միաժամանակ ինչ-որ պայծառ մի բան կա տողերի արանքում, չմարող հավատ, կյանքի սիրուն պատառիկները չկորցնելու ուժ, նաեւ փոքր գեղեցկությունները նկատելու  եւ ընդգծելու ունակություն.

«Հրաշք էր կյանքը՝ իր քաղցր ու անուշ օրերով, իր տխուր ու անկատար պատրանքներով, իր վերջավոր գոյությամբ ու անվերջ հիշողություններով»։

Գրքում անվերջ են նկարազարդ համեմատություններն ու զուգահեռները, որոնք ասես իմիջիայլոց են ասվում, բայց որոնք պատումը դարձնում են գունեղ ու բովանդակալից: Անցումները դեպքերի նկարագրությունից դեպի մտորումների դաշտ չափազանց սահուն են ու բնական. ասում է ու անցնում:

Շատ հաճախ գրողն անցնում է պարկեշտության սահմանները, օգտագործում բառեր ու արտահայտություններ, որոնք մի պահ լարում են, բայց  այդուհանդերձ տգեղ չի, գռեհիկ չի նրա պատումը. գուցե բաց է, ականջահաճո չի, բայց գրականություն է, կյանքին շատ մոտ:

Գիրքը հին կյանքի ու նորի միաձուլում է, թափվող, իրար հերթ չտվող մտքերի խառնարան, մեր խառնաշփոթ կյանքի արտացոլանքը՝ առանց գունազարդելու որեւէ փորձի: Պատումը ընթանում է խիստ իրապատում նկարագրություններով, շատ քիչ բառերով, երբեմն կիսատ նախադասություններով, անվերջ անցումներով, բայց միաժամանակ՝ խիստ բնորոշ ու իրական… Եվ այդ ամենին զուգահեռ պարբերաբար անցում կա այսպես ասած՝ քաղաքական դաշտ։

«Իսկ Նիկոլն ասում էր՝ ատելության էջն այլեւս փակված է: Ավաղ: Ատելության էջը չէր փակվել, ընդամենը էջերն էին թերթվում…» (07.06.2018թ.)։

Գրքում մեր իրականությունը պատկերված է բավական բազմաշերտ, հաճախ դրվագներով, հաճախ իմիջիայլոց ասված, հաճախ առանձնակի շեշտադրումներով: Կան հուշեր անցյալից, կան պատահական դրվագներ, կենցաղային իմիջիայլոց խոսակցություններ, որոնք շարան-շարան իրար հաջորդում են, իրար լրացնում, հետո ասելիքն ամփոփվում է այլ հարթության վրա: Կան չվիճարկվող ճշմարտություններ, որոնք հարց են իրենց տրամաբանական պատասխաններով, բայց որոնք միաժամանակ մեր իրականությունն են անտրամաբանական վերջակետով.

«- Ինչ տրամաբանությամբ են քննիչներին, դատավորներին ու դատախազներին այդքան ահռելի կենսաթոշակ նշանակում,- զայրանում են մարդիկ…

– Որպեսզի կաշառք չվերցնեն, – պարզաբանում ենք:

– Դե, թող գողերին էլ բարձր թոշակ տան, որ գողություն չանեն…» (20.12 2018թ.):

Ինչպես ասվեց, ըստ էության գիրքը մեր կյանքն է 2018 թվից… եւ արդեն իրադարձությունների ու մտքերի ընթացքն ըստ այդմ.

«Ինչքան գիտենք, մեր իշխող կուսակցության անունը Քաղաքացիական պայմանագիր է: Այսինքն՝ մեզ հետ քաղաքացիական պայման է կապվել, մենք էլ մեր ձայնը տվել ենք՝ հանուն պայմանի իրագործման: Բայց ոնց որ ընթացքն այնքան էլ սրտովս չի» (20.12.2018): Ու այսպես էջ առ էջ հավատը տեղի է տալիս, մտքերն ու տրամադրությունը փոխվում են, արդեն հուսահատության նշաններ կան, հարցականներ։

«Երազ երկիր ունենալու համար միայն մի ճանապարհ կա՝ սիրո ճանապարհը: Այն էլ թաղված է ատելության ավերակների տակ» (22.02.2019թ.)։

Գրողի մտքերը կամաց-կամաց  ալեկոծվում են, իրականությունը մռայլվում է, հանգիստ չի տալիս, ինչ-որ բան փշրվում է, ի՞նչ. «Ո՞ւմ այսօր սիրտս բացեմ, չկան արդարներ, երկիրը տված է հոգով շեղվածներին» (15.09.2020թ.)։

Պատերազմ…նոյեմբերի 9, Շուշին…

«Գիրն իմ գոյության արդարացումն է»,- գրում է Ջավախյանը, ու անասելի ցավը, ամոթը, տառապանքը դառնում է գիր. «…երազում թե արթմնի ընդամենը մի բան էի ուզում՝ թեկուզ մահվանս քրտինքով լվանալ ամոթը, համազգային խարանը, համահայկական խայտառակությունը…» (25.02.20212թ.):

Պատերազմից ու պարտությունից հետո, սակայն, մեր պարտությունը շարունակվում է… ու շարունակվում է նաեւ Լեւոն Ջավախյանի գիրքը, ու չլսված, չտեսնված, չպատմված իրավիճակում, որ հասկանալն անհնարին է, իսկ մեկնաբանելն՝ առավել եւս, գրվում են տողեր, որ ապրել ենք նաեւ մենք, համենայնդեպս մեզանից շատերը. «Տալիս են, տալիս, պոռնիկի պես են տալիս, առան աշխարհդ, Սյունյաց դարպասներդ, գուցե եւ Սյունիքդ… որ կյանք լինի թուրքի ոտի տակ, գետնաքարշ… Ճչալ եմ ուզում, գժի պես փողոցն ընկնել, պոռալ եմ ուզում, բայց ձայնս խզվում է, լեզուս ընդարմանում… Անիծում եմ էն հային, որ հանուն մի կտոր հացի Արցախն ու Սյունիքի միջանցքը զիջելու եւ Եղեռնը չճանաչելու դիմաց համբուրելու է թուրքի մեկնած «բարեկամության» արնաթաթախ ձեռքը…» (01.05.20212թ.):

Հայրենիքի ցավը ծանր է, շեղում է մտքերդ, կյանքդ, գիրդ, խառնում է էությունդ։ Լեւոն Ջավախյան հայը, գրողը, աշխատավորը, որ սպասումով ու հավատով ընդունել էր հեղափոխությունը, ընթերցողի աչքի առաջ կամաց-կամաց մռայլվեց, հետո ընդվզեց, հետո տառապեց ու տառապում է, որովհետեւ «մղձավանջը շարունակվում է» ու մի մեծ հարցական հանգիստ չի տալիս՝ «ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին» (17.01.2022թ.)։

Լեւոն Ջավախյանի «Ետ արի» գիրքը մի մարդու կյանքն է, ով ապրում է մեր կողքին, բայց գիրքը նաեւ այսօր մեր ժողովրդի մի հատվածի ապրումներն են, մտորումները, հոգեվիճակը։ Գիրքը գրողի ցասումն է, անզորությունը, մղկտոցը, բացակա ներկան ու անորոշ ապագան։ Գիրքը նաեւ ընթերցողի ցավն է, գրողի հետ հուսահատ երկխոսությունը, վախի ճիրաններում կոլոլված սպասումն ու անորոշ ապագան։

«Եթե ընտրություն ունենայի եւ իմանայի, որ այսպիսին է լինելու հայը, հաստատ չէի  ծնվի…», – ասես եզրափակում է հեղինակը: Դաժան է չէ՞… Ավելի քան դաժան…

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

բանասիրական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
16.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031