Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելի նոր ռաունդի հին նորությունները

Մայիս 17,2023 12:00

Արեւմուտքն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում

Բրյուսելում մայիսի 14-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Բանակցությունները շուրջ 3,5 ժամ են տեւել: ՀՀ կառավարության տարածած պաշտոնական մամլո հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հայտնեցին նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ եւ հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության հասնելն է, եւ ԵՄ-ն պատրաստ է բրյուսելյան ձեւաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ «Առաջնորդները խաղաղության հասնելու պատրաստակամություն են հայտնել: Միասին քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը: Հարկավոր է պահել այս թափը եւ քայլեր ձեռնարկել երկրների միջեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, այս համատեքստում նրանք պայմանավորվել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները», -հայտնել է նա։

Միշելի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են հայտնել Ալմա Աթայի 1991թ. հռչակագրին եւ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: «Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ եւ Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները», «Ես Ադրբեջանին կոչ եմ անում միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- նշել է Միշելը:

Իսկ սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով: Հաղորդակցությունների հետ կապված՝ Փաշինյանն ու Ալիեւը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի քննարկումներում, վստահեցրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` հավելելով. «Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են՝ խոսքը մասնավորապես՝ Նախիջեւանով երկաթուղային կապի վերաբացման մասին է»։

«Ըմբռնում է եղել, որ գերեվարված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաեւ ընդգծել եմ, որ մոլորված քաղաքացիների ազատ արձակումը պետք է իրականացվի արագացված ընթացակարգով», – հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը: Նշվեց նաեւ, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը:

Մինչ եռակողմ բանակցությունները, մայիսի 13-ին նախ Փաշինյանն ու Միշելը մտքեր էին փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական եւ հումանիտար իրադրության շուրջ: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության, Փաշինյանն անդրադարձել էր վերջին օրերի ընթացքում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: «Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր», ասվում էր հաղորդագրությունում:

Հաջորդ օրն արդեն Միշելը հանդիպեց Ալիեւի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Շառլ Միշելի ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության, կայունության ապահովման ուղղությամբ։ Նշվում էր, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների խնդրին, քննարկվել են տարածաշրջանային խնդիրները։

Եվրոպական հովանու ներքո անցկացվող բանակցություններից առաջ անցյալ շաբաթ Ադրբեջանը հերթական անգամ իրավիճակը լարեց սահմաններում: Իրադրությունը սրելու՝ Բաքվի հիմնական նպատակը բանակցային գործընթացում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, Բրյուսելում, ապա՝ Քիշնեւում հնգակողմ ֆորմատով նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելը, Սոթքում սկսված սահմանային հրետակոծությունը կառավարության նիստում այսպես մեկնաբանեց Փաշինյանը։ «Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են եւ այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում», – ասաց Փաշինյանը: Այս հայտարարություններին նախորդել էր ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու եւ դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերը:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ Փաշինյանն ամբողջությամբ չէր բացառել կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը, բայց եւ շատ փոքր համարեց դեպքերի նման զարգացումը. «Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի եւ դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը եւ այն պատրաստել ստորագրման»:

Փաշինյանն ընդգծել էր՝ Ադրբեջանն իր գործողություններով կասկածի տակ է դնում Պրահայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Առանձնացրեց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Վաշինգտոնյան բանակցություններում տարաձայնություններից մեկն էլ, ըստ Փաշինյանի, հենց այդ հարցի շուրջ է եղել: «Ազատության» հետ զրույցում վարչապետն ասել էր՝ խաղաղության պայմանագրի նախագծում դեռեւս չեն կարողացել համաձայնության հասնել այն ձեւակերպումների շուրջ, որոնք վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը։ «Թվում է, թե արձանագրել է եղել, որ ե՛ւ Պրահայում է եղել այդ արձանագրումը, ե՛ւ Սոչիում է վերահաստատվել այդ արձանագրումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռեւս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձեւակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը… Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետեւյալն է՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա»,- նկատել էր Փաշինյանը:

Նկատենք, որ անցյալ դեկտեմբերին բրյուսելյան քառակողմ մի հանդիպում Ալիեւը չեղարկեց՝ դեմ լինելով Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը։ Բաքուն պնդում էր, թե` «հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող Փարիզը չի կարող չեզոք միջնորդ լինել»։ Ինչպես ադրբեջանական աղբյուրներն էին հաղորդել՝ Մակրոնի միջնորդությանն այս անգամ համաձայնել են պայմանով, որ Շոլցը եւս կմիանա քիշնեւյան բանակցություններին։

Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե ցանկանում է պահպանել Մակրոնի մասնակցությունը։ Տարաձայնությունը հարթելու համար Բրյուսելը անցած ամիսներին շարունակական շփման մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել երկուստեք ընդունելի լուծում։ Անցյալ շաբաթ «Ազատությունը» հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների, հայտնում էր, որ այս հարցում որոշիչ է եղել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին այցը տարածաշրջան, որը ցանկալի արդյունքը չի տվել՝ ակնհայտ դարձնելով, թե՛ կողմերի, թե՛ Փարիզի համար, որ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ։ Ըստ այդմ, Երեւանը համաձայնել էր նախ մեկ հանդիպում անցկացնել առանց Ֆրանսիայի նախագահի, մոտ երկու շաբաթից էլ շարունակել քննարկումը՝ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե դա եղել է Բաքվի պայմանը՝ Մակրոնի միջնորդությանը համաձայնելու համար։

Բրյուսելյան բանակցություններից առաջ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ամերիկյան Pօlitico-ին։ «Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես բրյուսելյան եռակողմ ձեւաչափի վերսկսում եւ անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած կարեւոր եւ դրական քննարկումների շարունակություն»,- ասել են եվրոպացի դիվանագետները։ Սակայն, թեեւ այսվում էր, որ կողմերը Վաշինգտոնում աննախադեպ՝ չորս օր շարունակված հանդիպում անցկացրին, որից հետո հայտարարվեց, թե որոշ հարցերի շուրջ ըմբռնումներում կա առաջընթաց, միաժամանակ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Այնուամենայնիվ, Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չարձանագրեին Վաշինգտոնում, եւ Բրյուսելյան հանդիպումը ԵՄ-ի ինտենսիվ ու շարունակական ջանքերի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների մասին է վկայում։ Այս առումով, թերեւս, պետք է նկատել, որ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում որոշակի, թեկուզ թույլ, բայց գոհացուցիչ պահեր եղել են կազմակերպիչների համար։

Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ շաբաթ Եվրոպական խորհուրդը հայտնեց, որ կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաեւ հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Հաղորդվեց, որ Շառլ Միշելը նաեւ մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում: «Միշելը, Փաշինյանը եւ Ալիեւը նաեւ պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին եւ բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», – հայտնել էր Եվրոպական խորհուրդը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031