Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք վախենում գաղափարներից

Մայիս 17,2023 14:00

Մենք ինքներս մեզ, կարծես թե, լավ չենք ճանաչում

2018 թվականի հեղափոխությունը, 2020-ի պարտությունը  եւ 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեւս բավարար չափով չեն ուսումնասիրվել մեր հասարակական մտքի ներկայացուցիչների կողմից: Մակերեսային՝ քաղաքական եւ լրագրողական մակարդակով դրա մասին շատ է խոսվում: Բայց բոլոր այդ խոսակցությունները հանգում են իրադարձությունների մասնակիցների կամ նրանց կողմնակիցների նախապաշարված, միակողմանի դատողություններին, որտեղ պարտադիր առկա են քարոզչական կլիշեները, պիտակավորումները եւ հապճեպ եզրակացությունները: Ընդ որում, պիտակներ են տրվում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ ժողովրդին՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ բառը հասկանում: Կարեւոր չէ նաեւ՝ այդ պիտակները դրական են, թե բացասական. «իմաստուն ժողովուրդ» կամ «տգետ ժողովուրդ» բառակապակցությունները գիտական առումով, կարծում եմ, հավասարապես իմաստազուրկ են:

Այդ առումով մի հարց է առաջանում՝ արդյոք մեր գիտնականները լա՞վ են ուսումնասիրել մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը, հոգեբանությունը: Գուցե դա օգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ենք մենք իրականում ուզում: Այդ առումով հետաքրքիր է ուսումնասիրել այլ ժողովուրդների փորձը, մանավանդ այն դրվագները, երբ նրանք պատերազմում պարտություն էին կրում, իսկ հետո կարողանում էին իրենց «վերգտնել»:

Այս անգամ անդրադառնանք ճապոնացիներին: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը Ճապոնիայում պաշտոնապես գերիշխում էր քաղաքական տեսությունը, որը կոչվում է «կոկուտայ»: Այդ գաղափարախոսությունը հիմնված էր կոնֆուցիական եւ սինտոիստական պատկերացումների վրա եւ ենթադրում էր պետության հանդեպ լոյալություն, կառավարիչների եւ կառավարվողների միասնականություն, պարտավորություններ ընտանիքի եւ կայսրի առաջ: Պարզ է, որ 1945-ի պարտությունից հետո կասկածի տակ դրվեցին այդ գաղափարախոսության կողմից քարոզվող ճապոնական ազգի առաքելության, կայսրի աստվածային ծագման, ինչպես նաեւ ճապոնական բանակի անպարտելիության մասին պատկերացումները:

Սակայն պարտությունից հետո ճապոնացիների համար որոշ «բազիսային» նորմեր մնացին նույնը, ինչը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ հիմքերն ավելի հին էին, քան 20-րդ դարի «պաշտոնական» գաղափարախոսությունը՝ արմատները բազմադարյա ճապոնական մշակույթի մեջ են: Եվ ահա 1960-ական թվականներին առաջ քաշվեց մի նոր գաղափար, որն օգնեց ազգին հաղթահարելու պարտության խայտառակությունը: Այդ տեսությունը կոչվում է «նիխոնձիրոն», որի հիմնական պաթոսը հանգում է ճապոնական քաղաքակրթության անկրկնելիությանը:

Այստեղ տեղին չէ վերլուծել ճապոնական ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները: Խոսքն այն մասին է, որ պետք չէ թերագնահատել գաղափարները եւ այն մշակույթը, որն այդ գաղափարները սնում է: Ոչ տեսական, ոչ էլ գործնական առումով մենք՝ հայերս, չգիտենք, թե ինչը մեզ կարող է դուրս բերել հետպատերազմյան թմբիրից: Ինձ թվում է, մենք չենք էլ մոտեցել այդ խնդրին, որովհետեւ մեզանում հիմնովին վարկաբեկվել են «ազգային» մակդիրով բոլոր բառակապակցությունները՝ «ազգային մտածելակերպ», «ազգային նպատակներ», «ազգային խորհրդանիշներ», «ազգային զարթոնք»: Մենք մի տեսակ սարկազմով ենք մոտենում այդ ամենին՝ վախենալով, որ դրանց մասին խոսելով կմեղադրվենք փարիսեցիության կամ հետամնացության մեջ:

Եվ հետաքրքիր է, որ այդ վախը զգացվում է ոչ միայն լրատվամիջոցներում եւ սոցցանցերում, այլեւ՝ ակադեմիական շրջանակներում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան, չխորանալով ապոնական ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունների վերլուծության մեջ, բերեմ շատ խոսուն մի օրինակ. ԽԱՐԱԿԻՐԻ կամ ծիսական ինքնասապանություն: Սա անում են պարտվածները՝ բոլոր ոլորտներում՝ պատերազմի դաշտից սկսած: Անգամ տղան կամ աղջիկը մերժվելուց հետո: Սա, պատկերավոր ասած, նշանակում է, որ Ճապոնիայում ապրում են միայն հաղթողները, դրա համար էլ Ճապոնիան է հաղթում բոլոր ոլորտներում:
    Մեզանում պարտվածները ոչ միայն ինքնասպան չեն լինում, ոչ միայն չեն հեռանում ասպարեզից, այլ մնում ու նոր պարտություններ են բերում:
    Սա է տարբերությունը: Մենք գաղափարից չէ, որ վախենում ենք, մենք մշտապես պարատվողին չենք հեռացնում:

  2. Հ.Շ. says:

    Ինքնահաւանութեամբ, անգիտութեամբ եւ ծաղրանքով արտայայտուած, այդ «վախ»ին պատճառով է, որ արդէն տեղի ունեցաւ մեր Պարտութիւնը:

    Եւ նկատի առնելով որ այդ Պարտութեան աղէտալի հետեւանքների մի նշանակալից մասը՝ անդառնալի է, այլեւս ո՞րքան կարեւոր է, որքա՞ն իմաստ ունի, ջանալ այդ վախը դարմանելը:

    Ազգային առումով, Ճապոնիան, չվերականգնեցաւ հիւլէական պարտութենէն ետք: Սակայն գոնէ պարտութիւնը դիմագրաւեց՝ պատիւով:

    Բայց երեւի այդ ալ, այդ «պատիւ» ըսուածը, գաղափար մըն է: Ուրեմն միայն հեգնանքի արժանի, պարապ բան մը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031