«Այսօր Արցախում բավականին շատ սթափ քաղաքական ուժեր կան, որոնք փրկչի գոյությանը չեն հավատում»,-այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ երեկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ներկայացրած պահանջի մասին։
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ Սամվել Բաբայանի ելույթից հետո հայտարարություն տարածվեց, որով Բաբայանի աջակիցները պահանջ ներկայացրեցին Արցախի իշխանությանը Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնին՝ լայն լիազորություններով։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ բնական է, որ քաղաքական ուժն իր գոյությամբ արդեն հայտ է ներկայացնում իշխանության գալու, սակայն նման քաղաքական շահ սպասարկող գործընթացները չեն կարող ընդունելի լինել Արցախում․«Մեր քաղաքական ուժի շահը Արցախի փրկությունն է, մենք կենտրոնացած չենք այլ ուղղությամբ, հետեւաբար, դա մեզ համար ոչ ընկալելի է, ոչ էլ ընդունելի։Մանավանդ որ այդ քաղաքական ուժը հայտ է ներկայացրել իշխանության՝ պետնախարար պաշտոնով ու հայտարարում է, թե դրանով սկիզբ է դնելու Արցախի փրկությանը՝ այն պարագայում, երբ պետնախարարն արտաքին քաղաքականություն չի իրականացնում, ուժային կառույցներն իր լիազորության տակ չեն»։
Մեր դիտարկմանը՝ լայն լիազորություններով պետնախարարի պաշտոն են պահանջում, Հակոբյանն այսպես արձագանքեց՝ դե միանգամից թող պահանջի նախագահի պաշտոն։
Կարդացեք նաև
Մեր մյուս դիտարկմանը՝ կարծես ծրագիր ունի՝ Արցախը փրկելու, ոտքի կանգնեցնելու, պատգամավորը պատասխանեց․«Այսօր Արցախում բավականին շատ սթափ քաղաքական ուժեր կան, որոնք փրկչի գոյությանը չեն հավատում, դա միֆ է, կեղծ օրակարգ, շեղող։ Փրկիչներ չկան այսօր։ Կարող ենք փրկվել, եթե համախմբված լինենք եւ բոլորս նույն կերպ մտածենք ու նույն կերպ գործենք»։
Իսկ համախմբվել Բաբայանի շուրջ Հակոբյանը չի պատրաստվում, ասաց՝ Արցախին լուրջ քաղաքականություն վարող գործիչ է պետք․« 2020-ին այլ էր, երբ մենք Վիտալի Բալասանյանի թեկնածությունն առաջադրելով՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, քարոզարշավի ժամանակ մարդկանց ասում էինք՝ եթե չեք սատարում Բալասանյանին, գոնե սատարեք Բաբայանին, որովհետեւ չի կարող առեւտրականի (նկատի ունի Արայիկ Հարությունյանին, Ն․Բ․) մտածողություն ունեցողը նման երկրի ղեկավար լինել։ Սակայն անմիջապես ընտրություններից հետո շատ բան փոխվեց, երբ պարզ դարձավ, որ այդ քաղաքական ուժը կեղծ օրակարգով զբաղեցրեց երկրորդ տեղը խորհրդարանում։ Ողջ քարոզարշավի ժամանակ քննադատում էին, կոշտ ու կոպիտ խոսք ասում Արայիկ Հարությունյանի հասցեին, հինգ րոպե հետո ձեռք սեղմեցին, հուշագիր ստորագրեցին»։
Հակոբյանը հիշեցնում է, որ Բաբայանը պատերազմից առաջ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագահն իրեն տվել է լայն լիազորություններ, պատերազմից հետո ասել էր, որ խորհրդատվական մարմին է ընդամենը, իր խորհուրդները չեն լսել․« Այսինքն, մարդուն ընդունելու համար գործերն ու խոսքերը պիտի տեսնես ու գնահատես»։
Հակոբյանը բացառում է, որ Բաբայանը կարող է Արցախի անունից բանակցել։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չի կարող։ Նախ՝ բանակցություն բարձր է ասված, բայց եթե ենթադրենք, որ բանակցելու հնարավորություն կլինի, չեմ ընդունում։ Արցախի կողմից կարող է խոսել այն անձը, ով քաջություն կունենա եւ կասի՝ ՀՀ վարչապետ, դու սխալ, արցախակործան, հայակործան քաղաքականություն ես վարում, ես քեզ հետ համաձայն չեմ։ Սա չի ասում Արայիկ Հարությունյանը, նման խնդիր իր առջեւ չի դրել նաեւ Սամվել Բաբայանը, հետեւաբար նույն գործելաոճն է»,-ասաց Հակոբյանը։
Արցախի նախագահը հայտարարել է, որ այսօրվանից սկսելու է քննարկումներ ու խորհրդակցություններ ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ։
Այս առնչությամբ էլ Հակոբյանն ասաց՝ հերթական շոուն է ու ամեն ինչ կազմակերպված․ «Այդ ինչպես եղավ, որ արագ արձագանքեց, երբ մայիսի 9-ին 10-15 հազար մարդ է դուրս եկել ու պահանջ ուներ իշխանությունից ու ավելի հեռուն գնացող, նախագահը չարձագանքեց։ Քաղաքական կոնսուլտացիաներ եթե լինեն, ապա հերթական շոուն է լինելու»։
Ինչ վերաբերում է կրկին պետնախարար փոխելուն, պատգամավորն ասաց՝ 3-րդ տարում արդեն 4-րդ պետնախարարն է փոխվել․«Պատգամավորների աշխատանքն էլ դրա հետեւանքով պարալիզացվում է, ամեն նոր եկողը զրոյացնում է նախկինի արածը, ինքը նորից սկսում։ Այս հաճախությամբ պետնախարար փոխելը իշխանությունների թույլ լինելու արդյունք է։ Իշխանությունը չհասկացավ, որ իրենք իշխանություն են, ոչ թե հրշեջներ։ Սա իշխանությունների չլինելու արդյունք է, մտածված է արվում, նախագահն իրենց հեռացնում ողջ պատասխանատվությունը; Սա պետության, պետականության հենասյուները քանդելու կարճ ճանապարհն է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հեյ գիտի ժամանակներ։ Երբ Բակոյի ժամանակ ասում էինք բանակ ու թալան առաջինը Մետաքսեն էր բոլորի բերանը փակում, ատամներով պաշտպանում Սերժաբակոյական թալանը։ Եվ ինչ հույս ունեիք, որ կռիվը ինքն իրեն բաժակաճառերով կհաղթվի որ էլի նորանոր ճոռոմ բաժակաճառեր հորինեք։ Պարտվել եք շատ ցավոտ կերպով եւ պարտվել եք հենց դուք ու ձեր աչք փակելը։ Հիմա ճամարտակել բոլորն էլ կարող են և անում են, նույնիսկ սերժը որ բանակի դիզելի հաշվին խաղադրույքներ էր անում։ Հիմա ինչի մասին եք դուք խոսում