Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թերագնահատեցինք Էրդողանի քաղաքական հմտությունները». Աճեմօղլու. «Ազատություն»

Մայիս 16,2023 20:44

Մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր ֆավորիտը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Կիրակնօրյա քվեարկության ընթացքում անձամբ Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցության ու դաշնակից ուժերի արձանագրած անսպասելիորեն բարձր ցուցանիշները հիմք են ստեղծում ապագա հաջողության համար», – համոզված են թուրք քաղաքագետները։

«Սա իրական հաջողություն էր Էրդողանի համար և ինչը պակաս կարևոր չէ, դա անսպասելի հաջողություն էր», – АP գործակալության հետ զրույցում նշում է Ստամբուլում գործող «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ջան Սելջուկին՝ ընդգծելով, որ երկրորդ փուլին ընդառաջ Էրդողանը լուրջ առավելություն ունի»։

«Պարզվեց, որ մեզանից շատերը հերթական անգամ թերագնահատեցին Էրդողանի քաղաքական հմտություններն ու առկա իրավիճակն ըմբռնելու, այն կառավարելու կարողությունը», – Twitter-ում գրել է աշխարհահռչակ տնտեսագետ, ծնունդով ստամբուլցի և ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն։

«Չհիասթափվելը դժվար է։ Էրդողանը, անգամ երկրորդ փուլի պայմաններում շատ մոտ է հաղթանակին», – նշում է Աճեմօղլուն։ Նրա համոզմամբ՝ թուրքական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկը երկրում ազգայնականության նկատելի է աճն է։շ

«Դա հասկանալու համար անհրաժեշտ է նախ ընդունել, որ թուրքական ընտրազանգվածի շարքերում ազգայնական տրամադրությունները գերակա են դարձել: Որպես հետևանք Էրդողանի հետ դաշնակցած ծայրահեղ աջ «Ազգայնական շարժումը» ստացել է քվեների 10 տոկոսը, ազգայնականները քվեարկել են նաև Էրդողանի, «Լավ» կուսակցության, մի շարք այլ ուժերի օգտին», – նշում է Աճեմօղլուն։

Նա նաև հիշեցնում է, որ ազգայնական տրամադրությունների նման կտրուկ աճի պայմաններում ընդդիմությանը վնասել է նաև այն հանգամանքը, որ Քեմալ Քըլըչդարօղլուն փոքրամասնության ներկայացուցիչ է։

Աշխարհահռչակ գիտնականի խոսքով՝ կիրակնօրյա ընտրությունների ևս մեկ անակնկալն այն էր, որ թուրքական տնտեսության խորը ճգնաժամը ընտրազանգվածի համար կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն էր։

«Տնտեսության ապաշնորհ կառավարումը և համատարած կոռուպցիան ընտրողների կողմից այնքան չկարևորվեցին, որքան շատերը (ներառյալ ես) կարծում էին: Դրանք կարևոր նշանակություն ունեն մեծ քաղաքներում, բայց ոչ այն վայրերում, որտեղ իշխող կուսակցությունը «հովանավորչական ցանցեր» է ստեղծել», – համոզված է Աճեմօղլուն, որն ի դեպ, Քըլըչդարօղլուի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի հեղինակներից մեկն էր։

«Բայց նույնիսկ հաղթանակի դեպքում Էրդողանին լուրջ դժվարություններ են սպասում՝ նախևառաջ տնտեսական ոլորտում», – համոզված է Աճեմօղլուն։

«Երկրի համար ամենավատ նորությունն այն է, որ տնտեսությունը խարխլված վիճակում է։ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը սպառել է ռեզերվները և զգալիորեն ընդլայնել է խոստումներն ու ծախսերի ծավալները՝ ամրապնդելով, իր [ընտրողների շրջանում կառուցված] հովանավորչական ցանցերը», – պնդում է Աճեմօղլուն՝ բավական մռայլ հետևության հանգելով, – «ես պարզապես չեմ պատկերացնում, թե նման պայմաններում Թուրքիան ինչպես է խուսափելու տնտեսության փլուզումից»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031