Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև

Մայիս 16,2023 19:50

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։

Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։

Կարևոր այս իրադարձությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Համագործակցության հուշագիրն ուղղված է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը։

Այն վերաբերում է կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, կազմակերպված հանցավորության, տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտներում անօրինական միջազգային գործունեության, այդ թվում՝ փողերի լվացման, անօրինական միգրացիայի բոլոր ձևերի, թրաֆիքինգի, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։

Հուշագրի հիման վրա համագործակցությունն իրականացվելու է համակարգված օպերացիաների իրականացման, իրավապահ ոլորտում տեղեկությունների փոխանակման, կողմերի միջև գոյություն ունեցող համագործակցային կապերի ամրապնդման, ինչպես նաև` մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում մեթոդական աջակցության միջոցով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ընթացքում չափազանց կարևոր է համարել հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա կարգավորել և առավել համակարգված դարձնել երկու երկրների միջև իրավական համագործակցությունը՝ այն բարձրացնելով որակական նոր հարթություն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ իրավապահ կառույցների միջև օրըստօրե խորացող գործակցությունը շարունակական կլինի։

Իր հերթին Դեսպան տիկին Քրիստինա Քվինը հուշագրի ստորագրումը նշանակալի է համարել անդրազգային հանցավորության դեմ համապարփակ պայքարում միջազգային իրավապահ մարմինների բոլոր մակարդակներում համագործակցության ամրապնդման, հանցավորության սպառնալիքի աճի կանխարգելման տեսանկյունից։ Նա նշել է, որ դեսպանությունը կշարունակի ՀՀ և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031