Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի անցած տարվա հետ համեմատ 10 տոկոսով ավելացել է դիմորդների թիվը։ Տեղեկացանք, որ բուհն այս տարի 318 դիմորդ ունի:
Մրցակցությունը, ինչպես միշտ, մեծ է անգլերեն-հայերեն թարգմանչական գործ բաժնում, սահմանված 20 տեղի համար կա 26 դիմորդ։ Հոգեբանություն բաժնում 30 տեղի համար կա 35 դիմորդ։ Սերվիս բաժինում 30 տեղի համար կան 29 դիմորդներ։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ տվող ֆիզիկական դաստիրակություն և սպորտային մարզումներ բաժնում նախատեսված 40 տեղի համար կան 38 դիմորդներ։
Տխուր պատկեր է աշխարհագրություն, հաշվապահական հաշվառում և հարկում, կենսաբանություն և սոցիոլոգիա բաժիններում։ Աշխարհագրությունն ընդամենը 3 դիմորդ ունի, հաշվապահական հաշվառում և հարկումը՝ 4 դիմորդ, կենսաբանություն, ինչպես և սոցիոլոգիա բաժինները՝ 5 դիմորդներ։
Կարդացեք նաև
«Ունենք բավականին լավ պատկեր անցած տարվա հետ համեմատ, նկատի ունեմ այն, որ քիչ մասնագիտություններ կան, որտեղ 3-4 դիմորդներ կան։ Մնացած մասնագիտությունների գծով դիումների թիվը մեզ այս պահին գոհացնում է։ Իհարկե, ցանկալի կլինի, որ լուրջ մրցույթ լինի, բոլոր դեպքերում գոհացնում է։
Ես կուզենայի հատկապես նշել մաթեմատիկայի ոլորտում դինամիկան, մենք 12 տեղի համար ունենք 12 դիմորդ։ Միշտ չէ, որ լինում է նման պատկեր։ Պիտի նշել, որ այստեղ էական դեր է կատարում պետության վարած քաղաքականությունը՝ երկու ասպեկտով։
Առաջինը՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման հետ կապված․ կամավոր ատեստավորում անցած և համապատասխան միավորներ հավաքած ուսուցիչները ստանում են բավական բարձր աշխատավարձ։ Դա խթանում է, և ոլորտը շատ դիմորդների համար դարձնում է հրապուրիչ։
Եվ երկրորդը՝ ինչպես գիտեք, կառավարությունում այս պահին կա որոշման նախագիծ՝ կապված պետության համար առաջնահերթ և կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունների համար։ Եվ այդ բաժիններում ընդունվող ուսանողներն ամսական ստանալու են 70 հազար կրթաթոշակ, առաջին կուրսում բոլորը ներառյալ։ Երկրորդ կուրսում, եթե նրանք կունենան բարձր մոգ՝ 80 մինչև 90 մոգի պարագայում, պահպանում են իրենց 70 հազար դրամը, իսկ 90,01 և բարձ մոգ ունեցողները կստանան 77 հազար դրամ կրթաթոշակ։ Այն չի հարկվելու, մաքուր գումարն է», -ասաց բուհի ռեկտորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ