«Առավոտի» զրուցակիցն է Արցախի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
– Պարոն Կարաբեկյան, Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը, եւ որքանո՞վ է Ալմաթիի հռչակագիրն առնչվում Արցախի հետ։
– Նախ Ալմաթիի հռչակագիրը որեւէ կապ չունի այն նույն 29 800 ք/կմ եւ 86 600 ք/կմ հետ, ինչի մասին նշվել է Շառլ Միշելի հայտարարության մեջ։ Եվ ցանկալի է ձեռքի տակ ունենալ Շառլ Միշելի հայտարարության բնօրինակը։
Երկրորդ, 1991 թվականին, երբ ստեղծվել է ԱՊՀ-ն, ԱՊՀ կազմի մեջ սկզբում մտել են երեք հիմնադիր սլավոնական պետությունները, այնուհետեւ՝ Ղազախստանը։ Եվ Ղազախստանի մուտքը պայմանավորված էր նրանով, որ դա ամենախոշոր թյուրքաբնակ հանրապետությունն էր։ Եվ փաստորեն դրանով իսկ ամրապնդվել է ԽՍՀՄ լիակատար ավարտը։ Այսինքն՝ դա ունեցել է զուտ քաղաքական նշանակություն, ցույց է տվել, որ վերադարձ դեպի խորհրդային անցյալ չկա։ Հետեւաբար, չի կարելի համարել, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումով կողմերը դադարում են տարածքային պահանջները, առավել եւս մերժում են ազգերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Կարդացեք նաև
Երրորդ, ինչպես գիտենք Ադրբեջանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականին, այդ ժամանակ արդեն ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Եվ ամենակարեւորը՝ Ադրբեջանն իրեն հռչակել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, որն իր սահմաններով շատ ավելի փոքր է եղել, քան խորհրդային Ադրբեջանը։ Խոսում են խորհրդային քարտեզների մասին, բայց Ղարաբաղն Ադրբեջանին ենթարկեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության շատ տարածքներ եւս բռնակցվել են Ադրբեջանին։ Եվ Հայաստանի օրինական սահմանները շատ ավելի մեծ պետք է լինեն, քան 29 800 ք/կմ-ն։
Ի դեպ, հենց Ղարաբաղի բանակի հաղթանակների շնորհիվ է Ադրբեջանը միացել ԱՊՀ-ին։ Այսինքն՝ 1993 թվականին մեր բանակը տանում էր հաղթանակներ, Հեյդար Ալիեւն ընտրություններից հետո հայտարարեց, որ պատրաստ է միանալ ԱՊՀ-ին։ Փաստորեն Ադրբեջանը միացավ ԱՊՀ-ին այն ժամանակ, երբ Ղարաբաղն անկախ պետություն էր եւ ուներ հաղթող բանակ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախի հետ կնքել է երկկողմ հուշագիր՝ պատերազմի դադարեցման մասին։ Այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ն ընդունել էր հայտնի 4 բանաձեւերը, որտեղ խոսվում էր արցախահայության մասին, նշվում, էր, որ Արցախի սահմաններից պատերազմի դուրս գալը հանգեցրել է փախստականների հոսքին, եւ դա կարող է ապակայունացնել իրավիճակը։
Ադրբեջանը պետք է հիշի, որ ՄԱԿ-ն անուղղակիորեն ճանաչել է արցախահայության հավաքական իրավունքները։ Այսինքն՝ թե Լեռնային Ղարաբաղի փաստացի սահմանները, թե արցախահայության հավաքական իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, թե խաղաղ կարգավորման, թե Մինսկի խմբի համանախագահության ֆորմատները եւ թե Արցախի զինված ուժերը, որոնք ՄԱԿ-ի բանաձեւերում կոչվել են տեղական հայկական ուժեր, ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են։ Եվ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւի հիման վրա 1994 թվականին ընդունվել է բուդապեշտյան գագաթնաժողովի հայտնի որոշումը, որտեղ, ի դեպ, խոսվում էր ՄԱԿ-ի հովանու ներքո բազմազգ խաղաղապահ ուժերի օպերացիայի մասին։
1992 թվականին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Եվրախորհրդարանն ընդունել են այն, որ Ղարաբաղը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, որովհետեւ դա կհանգեցնի բնակչության ոչնչացման վտանգին։ Փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվում է զանգվածային ջարդի, որպեսզի արցախահայությունը փրկվի, եւ հիմնախնդիրը լուծվի քաղաքական ճանապարհով, Եվրախորհդարանը 1992 թվականին ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը։
Այսօր ամենաճիշտը կլիներ, եթե Արցախը հանդես գար որպես լիիրավ հակամարտող կողմ։ Տարածքային ամբողջականության սկզբունքը բխում է ինքնորոշման իրավունքից։ Այսինքն՝ հիմնարարը իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքն է, այն պետք է պահպանվի։ Իսկ տվյալ պարագայում Ադրբեջանը հանդես է գալիս որպես ագրեսոր պետություն, որն սպառնում է Արցախի, նաեւ Հայաստանի գոյությանը։ Եվ այս համատեքստում պետք է հաշվի առնվի նաեւ Արցախի շրջափակումը։
–Այսինքն՝ դուք անհրաժեշտություն եք համարում այն, որ այս փուլում Արցախը՝ որպես լիիրավ կողմ, պետք է մասնակցի՞ բանակցություններին։ Եվ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար։
– Այո, Արցախը պետք է լինի բանակցային կողմ։ Եվրոպական խորհրդին քննադատելով՝ պետք է հաշվի առնենք այն համատեքստը, որում տեղի է ունենում բանակցային գործընթացը։ Փաստորեն Եվրոպական խորհուրդն ու Եվրամիությունը բազմիցս փաստել են, որ չունեն ռազմական ներուժ կամ հնարավորություն՝ կանխելու կողմերի գործողությունները, բայց կարող են օգնել հիմնախնդրի հանգուցալուծմանը։ Իրականում Եվրամիությունն ստանձնում է տնտեսական, մշակութային եւ այլ հումանիտար գործառույթներ։
Երկրորդ, արցախահայության անվտանգության աստիճանը պետք է այնքան բարձր լինի, որ ապահովագրված լինի ոտնձգություններից։ Եվ երբ Արցախի սահմանները որոշվեն, չպետք է մոռացվի այն փաստը, ու Հյուսիսային Արցախի բնակչությունը խորհրդային տարիներին արտաքսվել է, որ Արցախի սահմանները բազմիցս ենթարկվել են փոփոխության, եւ Արեւելյան Անդրկովկասում Ադրբեջանի աջ եւ ձախ կողմերում ապրող հայությունը, որը բնիկ ժողովուրդ է, ենթարկվելով ասիմիլյացիայի քաղաքականությանը, ստիպված է եղել թողնել իր բնակավայրերը։ Եվ այդ մարդկանց իրավունքները եւս պետք է վերականգնվեն, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից Արցախյան պետության սահմաններում։ Այդ սահմանները ոչ միայն պետք է անվտանգ լինեն եւ ապահովեն արցախահայության կապը Հայաստանի հետ, Արցախի բնականոն տնտեսական, քաղաքական եւ հոգեւոր զարգացումը, այլ նաեւ պետք է լինեն միջազգային մեխանիզմներ, որոնք արցախահայությանը թույլ կտան իրականացնել իրենց հավաքական իրավունքները։ Արցախը պետք է կարողանա Հայաստանի հետ զարգացնել տնտեսական, հոգեւոր, մշակութային կապերը, իր ներկայացուցիչն ունենալ միջազգային կազմակերպություններում։ Եվ Արցախը պետք է կարողանա իր ներքին կառավարումը կազմակերպել միջազգային չափանիշների համաձայն։
Եվրամիության եւ Եվրոպական խորհրդի առաջադրանքները, ցավոք սրտի, կրկնում են այն թերությունները, որոնք արձանագրվել են մինչեւ 1994 թվականը եւ 1994 թվականի զինադադարից հետո, երբ հիմնական միջնորդ Ռուսաստանը պնդում էր, որ եթե այս կամ այն պայմանը չընդունվի, «Ադրբեջանը կարող է հրաժարվել, ինքը տուժող կողմ է, կոնֆլիկտն իր պետության տարածքում է»։ Այսինքն՝ աղավաղված մոտեցումից ծնվել է կարգավորման մի պլան, մի մոտեցում, որն ի վերջո հանգեցրել է դիսբալանսի, կրկնակի սկզբունքների եւ պատերազմի։ Այդ ամենը պետք է շտկվի։
Հիմա Ադրբեջանը հանդես է գալիս ուժի ու թելադրողի դիրքերից, իրեն թվում է, թե հաղթող է։ Եվ փաստորեն նորից միջազգային կառույցներն այդ ճնշմանը տեղի են տալիս, առավելապես պարտադրվում է Բաքվի ու Անկարայի համար ընդունելի պլան, որը, բնական է, չի նպաստելու կայուն ու տեւական խաղաղությանը։ Այսինքն՝ պետք է մոտեցումների բալանսը վերականգնել, կրկնակի մոտեցումները վերացնել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը, որը հայտարարում է, թե ռազմական կառույց չէ, օգնում Ուկրաինային եւ զենքով, եւ գումարով։ Մենք տեսնում ենք, թե ինչ կարծր մոտեցում է ցուցաբերվում Ռուսաստանի նկատմամբ եւ տեսնում ենք, թե ինչ զիջողականություն կա Ադրբեջանի նկատմամբ։
Մենք պետք է կեղծ նարատիվներից վերանանք եւ հասկանանք, որ Հայաստանի անվտանգությունն անխզելի է Արցախի անվտանգությունից։ Անվտանգության գոտին ոչ թե Արցախն էր պաշտպանում, այլ պաշտպանում էր Հայաստանը։ Մենք պետք է չընկճվենք, որովհետեւ նույն 1992 թվականին մեր դիրքերն ավելի սարսափելի են եղել։
Ամենացավալին այն է, որ այսօր հակահայկական մանիպուլյացիաները բխում են հենց հայկական քաղաքական դաշտից։ Արցախում էլ կան ուժեր, որոնք տարածում են այդ մանիպուլյացիաները, պարտվողականությունը։ Թե Արցախի մասնակցության հարցում, թե այս կամ այն սկզբունքի մեկնաբանման հարցում մենք գոնե մեր երկրի ներսում պետք է այդ տրամադրությունները չեզոքացնենք։ Էլ ի՞նչ ենք ուզում թշնամուց, եթե մենք հակված ենք ի օգուտ թշնամու մեկնաբանել իրավիճակը։ Մենք հաստատել ենք այն, որ մեր կարգավիճակի հարցը պետք է հաստատվի Մինսկի կոնֆերանսում, եւ դա է եղել ելակետը, դա է հաստատվել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ-ի կողմից։ Երեք սկզբունքներն անխզելի են, եւ չի կարելի թույլ տալ դրանց կամայական մեկնաբանությունը։ Դրա հիման վրա մշակվել են Մադրիդյան սկզբունքները, կառուցվել է խաղաղ կարգավորման գործընթացը։ Այսինքն՝ անհնար է կոնֆլիկտը հանգուցալուծել՝ հաշվի չառնելով արցախահայության անվտանգությունը, հավաքական իրավունքները, շահերը, արցախահայության համար անվտանգության երաշխիքներ ստեղծելը։
Եվ ամենակարեւորը՝ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, իսկ Ադրբեջանն այսօր փորձում է պարտադրված խաղաղություն ստեղծել։ Մենք չպետք է ընդունենք պարտադրված «խաղաղություն» եւ առանցքային հարցերում չպետք է մեր դիրքերը զիջենք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ