ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լիլիթ Գալստյանի խոսքով նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Պատգամավորի գնահատմամբ այս առումով ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց:
Վերոնշյալը նկատի ունենալով՝ հեղինակն առաջարկում է խստացնել, գրեթե կրկնապատկել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ՝ վեց ամսվա ընթացքում:
Ուսումնասիրվել է եվրոպական մի շարք երկրների, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձը, տեղի են ունեցել քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների եւ մասնագետների հետ:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:
Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն առաջարկել է ոչ միայն սահմանափակվել վարչական տույժեր սահմանելով, այլեւ խախտում կատարողներին որոշակի ժամկետներով զրկել պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկելու ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ