Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան․ «Օրենսդրական ամրագրումներով ու քաղաքական կամքով մենք կարող ենք դարձյալ փոքր քայլերով որոշակի ճեղքում առաջացնել»

Մայիս 16,2023 17:26

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Ըստ այդմ, ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է, որ Հանրային հեռարձակողի կառավարման խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում որեւէ սեռի ներկայացվածությունը 2-ից պակաս չլինի: Առաջարկը, ըստ ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած հիմնավորումների, պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Լիլիթ Գալստյանը երկար թվարկեց բոլոր միջազգային փաստաթղթերը, որոնց միացել է Հայաստանը՝ պետական կառավարման տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածություն ապահովելու պարտավորությամբ եւ նկատեց, որ կանանց ներգրավվածության ինդեքսում, վերջին տարիներին նահանջ ենք գրանցել: Նա հույս ունի, որ օրենսդրական ամրագրումներով եւ իշխանության քաղաքական կամքով որոշակի ճեղքում հնարավոր կլինի ապահովել: Ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Օրենսդրական ամրագրումներով ու քաղաքական կամքով մենք կարող ենք դարձյալ փոքր քայլերով որոշակի ճեղքում առաջացնել»:

Լիլիթ Գալստյանը այս կառույցներում կանանց ներգրավվածության առումով նաեւ միջազգային փորձից օրինակներ բերեց. Իռլանդիայում խորհուրդը 9 անդամ ունի, որոնցից նվազագույնը 4-ը պիտի կին լինեն, Իսրայելում՝ 19-ից 6-ը, Արգենտինայում՝ հավասար ներգրավվածության սկզբունքն է գործում, Ֆրանսիայում, գենդերային հավասարության ինդեքսն է գործում, որը 45-50 տոկոսի շրջանակում է : Պատգամավորը նկատեց՝ «նույնիսկ կոռեկտ չէ ասելը, Մոլդովայում նույնպես խորհուրդը բաղկացած է 9 անդամից եւ հավասարության սկզբունքը կա»: Մոլդովայի օրինակը ծիծաղ առաջացրեց դահլիճում:

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները ողջունեցին ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությունը՝ առաջարկելով 2-ի փոխարեն 3-ը ամրագրել: Նախագիծն ընդունվեց միաձայն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031