Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի գործունեությանը բացասաբար վերաբերվողների տիրույթը 3 անգամ մեծ է, քան դրական վերաբերվողների․ GALLUP International Association

Մայիս 16,2023 17:14

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ-Փի-Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց ապրիլի 26-ից 30-ը հանրապետությունում 1100 քաղաքացիների շրջանում պատահականության սկզբունքով անցկացված հեռախոսային հետազոտության արդյունքները, որին տրվել է «Թուք ու Մուր» պայմանական անվանումը: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում (մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ) եւ Երեւանի բոլոր համայնքներում:

Ըստ հարցման արդյունքների, բնակչության գրեթե կեսը կարծում է, որ երկրի տնտեսական վիճակը շատ վատ է:

Վարչապետի գործունեությանը բացասաբար վերաբերվողների տիրույթը 3 անգամ մեծ է, քան դրական վերաբերվողների: Ավելի վատ է կառավարության վիճակը, որի գործունեությանը բացասաբար վերաբերվողները 4 անգամ ավելի շատ են, քան դրական վերաբերվողները: Իսկ ԱԺ գործունեությունից խայտառակ մեծ թվով մարդիկ են դժգոհ՝ դրական վերաբերվողներից 10 անգամ ավելի շատ:

Հարցման մասնակիցների 46,5 %-ի համար ներկա պահին մեր պետության առջեւ կանգնած ամենակարեւոր երեք խնդիրներից առաջնայինը անվտանգության հետ կապված խնդիրներն են, 37,3 %-ի համար՝սահմանների հստակեցումը եւ 29,4 %-ի համար՝ պատերազմի վտանգը: Արամ Նավասարդյանը նշեց, որ տարիներ ի վեր անվտանգային խնդիրները միշտ եղել են 5-6-րդ տեղերում, սրացումների ժամանակ՝ գուցե բարձրացել են 4-րդ: Սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պատկերը կտրուկ փոխվել է եւ արդեն 2023 թվականին պատասխանների մեջ առաջին երեք տեղերը վերաբերում են հենց անվտանգային խնդիրներին:

Հարցերից մեկը վերաբերել է Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի առաջխաղացման, այնուհետեւ Կոռնիձորի մոտ ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրման մեղավորներին/պատասխանատուներին: Պատասխանողների 42,6 %-ը դրանց մեղավոր համարում է Հայաստանի իշխանություններին:

Մոտ 55 %-ի կարծիքով ՀՀ ԱԺ-ն չի արտացոլում երկրի իրական քաղաքական իրավիճակը:

Հետաքրքիր վիճակագրություն է ստացվել կապված Ալեն Սիմոնյանի անվան հետ, երբ նա ապրիլի 2-ին Կասկադում թքել էր իրեն «դավաճան» անվանած երիտասարդի դեմքին: Հանրապետության բնակիչների մոտ 60 %-ը գտնում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է այդ միջադեպից հետո հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, ինչը տեղի չի ունեցել եւ նա շարունակում է պաշտոնավարել:

Հարցին, թե ներկայացված 11 քաղաքական գործիչներից 1-ից 5 գնահատմամբ ո՞վ է ավելի շատ ընդդիմադիր, միջինացված 3,2 գնահատականով ցուցակը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 3,1-ով երկրորդն է, Արմեն Աշոտյանը 3,0 գնահատականով եզրափակել է եռյակը:

Հարցին, թե ինչո՞ւ է այս հարցման համար ընտրվել «Թուք ու Մուր» խորագիրը, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Թուքի մասով հստակ գիտենք՝ կա քաղաքացի, որն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է բարձր պաշտոն եւ որն իրեն թույլ է տվել թքել քաղաքացու վրա: Բայց ինձ ավելի շատ մտահոգում է այդ, այսպես ասած, արարքին ընդդիմադիր կողմի արձագանքը»: Պարոն Նավասարդյանը այս իմաստով առկախ թողեց «Մուր» ձեւակերպման հասցեատիրոջ մասին պատասխանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031