ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատություն 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ավերմանը:
Զեկույցը հղում է կատարում սեպտեմբերին Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդ (CHW) կազմակերպության՝ արբանյակային պատկերների հիման վրա հրապարակած ուսումնասիրությանը, ըստ որի՝ Նախիջևանի ինքնավար շրջանում գտնվող միջնադարյան և ավելի վաղ ժամանակահատվածի հայկական վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ը (98 տոկոսը), որոնք դեռևս պահպանվել էին խորհրդային ժամանակաշրջանի վերջում, ավերվել են 1997-2011թթ.: Այս մշակութային վայրերից մի քանիսը, օրինակ՝ Սուրբ Թովմա վանքը, փոխակերպվել են մզկիթների կամ այլ քաղաքացիական շենքերի: «Առաջին անգամ այս բացահայտումները ամբողջական դատական ապացույցներ են տալիս, որ մշակութային լուռ և համակարգված բնաջնջումը եղել է Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության առանձնահատկությունը»:
Պետդեպը հղում է կատարում նաև հոկտեմբերին CHW-ի հրապարակած մեկ այլ զեկույցի, ըստ որ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում ավերվել է Մոխրենես գյուղի 18-19-րդ դարերի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին: Ըստ CHW-ի՝ Սուրբ Սարգսի ավերմամբ արձանագրվում է «Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերին կայացրած վճռի առաջին խոշոր խախտումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին կանխել նման չարաշահումները»։
CHW-ից հստակեցրել են, որ եկեղեցու ավերումը կապված չէ ճանապարհաշինության հետ, այլ կարծես թե «կամայական արարք» է, և «եթե մենք տեսնենք նման գործողությունների աճ, դա կարող է սպառնալ տարածաշրջանի ժառանգության լայն շրջանակներին, այդ թվում՝ ոչ միայն հայկական եկեղեցիներին ու գերեզմանատներին, այլև իսլամական և ադրբեջանական հիշատակի, պաշտամունքի և պատմական վայրերին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարում՝ Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ադրբեջանական օկուպացիայից հետո