Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ և հարակից տարածքներ. Քրիստիան Տեր-Ստեփանյան

Մայիս 16,2023 17:06

«Համառորեն կրկնում ենք մեր ցանկությունը՝ հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկած Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանի լիագումար առաջին նիստի ընթացքում իր ելույթում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտականությունն է` մտահոգվել բնակչության ճակատագրով, երբ խախտվում է կրթության իրավունքը»,- նշել է նա։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ մշտական ներկայացուցիչը, անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը, հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031